«  Փետրվար 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
26272829

Яндекс.Метрика

1988-ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ-ի իշխանությունները հայտարարեցին Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին (տեսանյութ)

1988-ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ-ի իշխանությունները հայտարարեցին Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին (տեսանյութ)

«Միայն այն փաստը, որ ստալինյան եւ բրեժնեւյան բռնապետության դաժան լծին ենթարկված մի փոքրիկ ժողովուրդ երկրի դեմոկրատացման համար ստեղծված առաջին իսկ հնարավորության դեպքում ամիսներ շարունակ համաժողովրդական ցույցերի, հարյուրհազարանոց միտինգների եւ տեւական գործադուլների միջոցով կարողացավ հակադրվել աշխարհի հզորագույն ճնշիչ մեքենային եւ հաջողությամբ պաշտպանել իր դատը, բավական է տեսնելու նրա ներսում կուտակված, դարերի խորքից եկող կենսական ահռելի լիցքը, որ ցանկացած ազգի գոյատեւման անհրաժեշտ պայմանն է հանդիսանում։ Դրսեւորելով բարձր գիտակցականություն եւ կարգապահություն՝ հայ ժողովուրդն անցավ դեմոկրատական պայքարի հիանալի դպրոց եւ հաստատեց քաղաքական պարտնյորի իր իրավունքը, որից զրկված էր շուրջ 70 տարի։ Նա դարձավ մի ուժ, որի հետ այսօր ստիպված հաշվի են նստում եւ այսուհետեւ էլ պիտի հաշվի նստեն։ Քաղաքական տեսակետից սա է Ղարաբաղյան շարժման առաջին փուլի խոշորագույն հաղթանակը, որ հիմք է տալիս լավատեսորեն գնահատելու հայ ժողովրդի ազգային պայքարի հետագա ընթացքը»։
Լևոն Տեր-Պետրոսյան
25 հուլիսի, 1988թ.


ԼՂԻՄ-ի նկատմամբ Ադրբեջանի վարած պետական քաղաքականությունն ի սկզբանե եղել է խտրական, արհեստականորեն կասեցվել է մարզի սոցիալ-տնտեսական զարգացումը, այն վերածվել է Ադրբեջանի հումքային կցորդի, ակտիվորեն միջամտել են ժողովրդագրական գործընթացներին, ոչնչացրել ու յուրացրել են հայկական մշակութային արժեքները, ամեն կերպ ոտնահարել հայերի իրավունքները։

ԼՂԻՄ-ի կազմավորումից անմիջապես հետո սկսվել է արցախահայության պայքարն Ադրբեջանի կազմից դուրս գալու համար։ Ադրբեջանի կոմկուսի կենտկոմը 1920-ական թվականներինին ստիպված է եղել բազմիցս անդրադառնալ Ղարաբաղյան շարժմանն առնչվող հարցերին։ 1930-ական թվականներին ազգայնականության մեղադրանքով բռնադատվել են մարզկենտրոնի և շրջանների բազմաթիվ ղեկավարներ։ ԼՂ-ի հանդեպ վարվող հակահայկական քաղաքականությունը հետապնդել է 2 նպատակ՝ սոցիալ-տնտեսական և մշակութային ոլորտներում այնպիսի պայմաններ ստեղծել, որ հայերն ստիպված լինեն փոխել բնակության վայրը, և երկրորդ՝ մարզը բնակեցնել ադրբեջանցիներով։ 

1987-1988թթ ԼՂԻՄ-ի հայությունն ակտիվ ստորագրահավաք սկսեց՝ ԼՂԻՄ-ը Հայկական ԽՍՀ-ի հետ վերամիավորվելու հանրագիր, որի տակ ստորագրեց ավելի քան 80 հազ. մարդ։

1988թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ-ի Ժողովրդական պատգամավորների մարզխորհրդի նստաշրջանն որոշում ընդունեց դիմել ԱդրԽՍՀ՝ ԼՂԻՄ-ն ԱդրԽՍՀ-ի կազմից դուրս բերելու և Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու խնդրանքով։

Խնդրին խաղաղ լուծում տալու փոխարեն փետրվարի 21-ին ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոն որոշում ընդունեց, ըստ որի Ղարաբաղյան շարժումը որակվեց «ծայրահեղական» և «նացիոնալիստական», որը հակասում է ԱդրԽՍՀ և ՀԽՍՀ աշխատավորների շահերին։ Տեսնելով, որ խնդիրը վերևից լուծում չի ստանում ժողովուրդն ինքն սկսեց իր պայքարը, ինչին հաջորդեցին ադրբեջանական սադրիչ գործողությունները, որոնց վերջարդյունքը դարձավ 1988թ. փետրվարի 27-29 տեղի ունեցած Բաքվի և Սումգայիթի ջարդերը։

Գնալով իրավիճակն ավելի էր բարդանում և անորոշ դառնում թե՛ ադրբեջանահայերի և թե՛ արցախահայության ճակատագիրը։

1989թ. օգոստոսի 16-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի լիազոր ներկայացուցիչների համագումար, որն ընտրեց Ազգային Խորհուրդ։ Համագումարի որոշմամբ մինչև ժողովրդական դեպուտատների մարզխորհրդի ու կուսակցության մարզկոմի գործունեության վերականգնումը՝ երկրամասի բարձրագույն գործադիր իշխանության լիազորությունները հանձնվում են Ազգային Խորհրդին։ Բացի դրանից համագումարի ժամանակ ընդունվեց մի հռչակագիր, ըստ որի, Ինքնավար Մարզի գործերին ԱդրԽՍՀ-ի միջամտությունը գնահատվելու էր որպես ագրեսիայի ակտ և կստանար համարժեք պատասխան։

1989թ. նոյեմբերի 28-ի ԽՍՀՄ Գերագույն խորհրդի ընդունած որոշման համաձայն Լեռնային Ղարաբաղը նորից բռնակցվում է Ադրբեջանին։ 

Դեպքերի զարգացման նման ընթացը բերեցին նրան, որ 1989թ. դեկտեմբերի 1-ին ՀԽՍՀ ԳԽ և ԼՂ Ազգային Խորհուրդն ընդունում են համատեղ որոշում ԼՂ-ի և Հայկական ԽՍՀ-ի վերամիավորման մասին։

ՏԵսանյութում՝  Լևոն Տեր-Պետրոսյան, որոշման նախագիծ, ՀԽՍՀ ԳԽ նստաշրջան, 1989թ.

Լուսանկարներում՝  1988 թ֊ի փետրվարի 20֊ի Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական դեպուտատների մարզային սովետի պատմական որոշումը, որը դարձավ ղարաբաղյան շարժման սկիզբը։