«  Հոկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

1991թ. հոկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության Առաջին նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը (տեսանյութ)

1991թ. հոկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության Առաջին նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության Նախագահի մասին օրենքին համապատասխան՝ 1991 թ. օգոստոսի 17-ից սկսվեց թեկնածուների առաջադրումը: Հայոց համազգային շարժման արտահերթ (երրորդ) համագումարը օգոստոսի 27-ին հանրապետության նախագահի թեկնածու առաջադրեց ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին:

Չնայած նախագահական համակարգ հիմնելու նկատմամբ իրենց խիստ ժխտական վերաբերմունքին՝ այնուամենայնիվ, նախագահի պաշտոնի համար թեկնածուներ առաջադրեցին նաեւ ԱԺՄ-ն՝ Վազգեն Մանուկյանին, եւ ՀՅԴ-ն՝ դերասան Սոս Սարգսյանին: Ընդհանուր հաշվով՝ առաջադրվել էր 17 թեկնածու: Սակայն թեկնածության առաջադրման համար հավաքված ստորագրությունների անբավարար լինելու կամ սահմանված պահանջները չբավարարելու հիման վրա կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց վեցի գրանցումը, մի քանիսն էլ հանեցին իրենց թեկնածությունը: Գրանցված թեկնածուներն (իրենց փոխնախագահի թեկնածուներով) ութն էին.

Վ. Մանուկյանը սեպտեմբերի 25-ին հանեց իր թեկնածությունը, միաժամանակ հրաժարվեց նաեւ Նախարարների խորհրդի նախագահի պաշտոնից: Ավելի ուշ նա խոստովանեց իր այդ որոշման երկու հիմնական պատճառները.

առաջին՝ «հասկանալի էր, որ ժողովրդի համար Լեւոն Տեր-Պետրոսյանն ավելի գերադասելի էր»,

եւ երկրորդ՝ «իմ կողմնակիցների թիմը զգալիորեն կուժեղանար, եթե դաշնակցությունը... պաշտպաներ իմ թեկնածությունը։ Սակայն, դաշնակցությունն առաջադրեց Սոս Սարգսյանին»։

Այսինքն՝ Վ. Մանուկյանի հաշվարկները չէին արդարացել. բաժանվելով ՀՀՇ-ից ու անցնելով հայդատական գաղափարախոսական հիմքի վրա, դրան հավելելով նաեւ «համաշխարհային ազգի» եւ «ազգի պատմական առաքելության» գաղափարները՝ նա հույս ուներ, մի կողմից, հասարակության ազգային զգացումների ու սնապարծության վրա խաղալով՝ շահել նրա համակրանքը, մյուս կողմից՝ որպես Նախագահի թեկնածու ստանալ դաշնակցության պաշտպանությունը: Չստանալով ո՛չ մեկը, ո՛չ մյուսը՝ նրան այլ բան չէր մնում անել, քան հրաժարվել ընտրապայքարից։

Նախընտրական քարոզարշավում նախագահի թեկնածուները հատկապես շատ էին շոշափվում Ղարաբաղի հարցը՝ իրենց եւ իրենց կազմակերպություններին մեծ դեր վերագրելով Ղարաբաղի ինքնապաշտպանության գործում: Դա չափազանց դյուրին էր եւ գայթակղիչ. Հայաստանի պաշտոնական քարոզչությունը, հասկանալի եւ հայտնի պատճառներով, ոչ միայն չէր թմբկահարում, այլեւ չէր ընդունում Լեռնային Ղարաբաղում իր իրական դերակատարումը։ Եւ վճռական այդ օժանդակությունը, որ Հայաստանում բոլորին հայտնի փաստ էր, մնում էր «անտեր», ուստիեւ այն կարելի էր հանգիստ յուրացնել։

Այն յուրացնողների հայտարարությունները հափշտակվածության մեջ երբեմն կրում էին բացահայտ սադրիչ բնույթ: Հանրապետության օպերատիվ շտաբը ստիպված էր հանդես գալ այս մասին հայտարարությամբ եւ զգուշացնել, որ նրանց այդօրինակ գործողությունները հղի են ծայրահեղ բացասական հետեւանքներով եւ կարող են լրացուցիչ դժվարություններ ստեղծել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործում:

Ինչպես անկախության հանրաքվեի նախօրյակին, այնպես էլ այժմ, նույն քաղաքական ուժերը՝ ի դեմս նախագահության առաջադրված թեկնածուների, կրկին փորձեցին օգտագործել Ղարաբաղի բնակչության մասնակցությունը: Նրանք հայտարարությամբ դիմեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ ընտրություններին մասնակից դարձնել նաեւ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը: Հանրապետության նախագահի թեկնածուներից որեւէ մեկը չնկատեց, որ այդ հայտարարությունը վիրավորական էր իր անկախությունը հռչակած ԼՂՀ-ի համար, իսկ վերջինս էլ նրբանկատորեն որեւէ կերպ սրան չարձագանքեց:

Լեւոն Տեր-Պետրոսյանը նախընտրական միակ հեռուստաելույթով եւս մի անգամ հասարակությանը ներկայացրեց իր քաղաքական սկզբունքները, պետականության հիմնադրույթների եւ քաղաքական հասկացությունների մասին իր պատկերացումները.

ա) քաղաքականության մեջ մերժելի է բարոյախոսությունը. «միայն ու միայն գործով, իրական կյանքով է, որ կարող ես ժողովրդին համոզել քո ճշմարտությունը».

բ) ազգի գերագույն նպատակը երջանիկ, բարեկեցիկ, ազատ ազգ դառնալն է, ինչի համար պետք է ազատվել պատմականորեն ձեւավորված կաղապարներից ու բարդույթներից, մերժել ամեն տեսակ «փրկչական» ծրագրերը, գործել նույն այդ նպատակին հասնելու համար միջազգայնորեն ընդունված ու կիրառելի խաղի կանոններով.

գ) գերագույն նպատակին հասնել հնարավոր է միայն անկախ պետականության պայմաններում, դրա համար էլ ժողովուրդը որդեգրել է անկախ պետականության կերտման քաղաքականությունը եւ պատրաստ է այդ ճանապարհին կրել նաեւ անխուսափելի ու հնարավոր զրկանքներ.

դ) քաղաքագետի պարտքն է անել ամեն ինչ՝ նվազագույնի հասցնելու համար պետականության կերտման ճանապարհին սպասվող զրկանքները եւ խաղաղ հանգրվանին հասնել խաղաղ, հանդարտ, հավասարակշիռ միջոցներով.

ե) որպես ելակետ պետք է ունենալ իրականությունը. միայն այս դեպքում է հնարավոր վարել քաղաքականություն, որովհետեւ՝ «կեղծ արժեքների վրա հենված քաղաքականությունը միշտ էլ կարող է սնանկ դուրս գալ, եթե ոչ վտանգավոր».

զ) մենք սովորական ազգ ենք, իրական ժողովուրդ, որը գտնվում է իրական շրջապատում, եւ պետք է կարողանանք իրատեսական հարաբերություններ ունենալ արտաքին աշխարհի, առաջին հերթին՝ մեր անմիջական հարեւանների հետ։

Հոկտեմբերի 16-ին ընտրողների 2.155.698 ընդհանուր թվից քվեարկության մասնակիցների թիվը կազմեց 1.519.878։ 
Հայաստանի հանրապտության  Առաջին նախագահ ընտրվեց Լևոն Հակոբի Տեր-Պետրոսյանը:

Ընտրությունն անցել էր բացարձակ անբասիր։ Ժողովուրդն ինչպես Անկախության հանրաքվեի, այնպես էլ նախագահական ընտրության միջոցով իր անվերապահ վստահությունն էր հայտնում Հայոց համազգային շարժման եւ նրա ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ուղեգծին:

Պետականության ստեղծման ու կայացման այս երկու կարեւորագույն ակտերով Հայաստանի ժողովրդավարական իշխանությունը ստացավ համաժողովրդական վստահության այն անհրաժեշտ չափաբաժինը, ինչը շրջափակման, էներգետիկ ճգնաժամի, պատերազմի, սոցիալ-տնտեսական իրավիճակի անխուսափելի վատթարացման հաջորդ տարիները պատվով հաղթահարելու եւ հաղթանակով դուրս գալու կարեւորագույն ռեսուրսն էր:

Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնելու պաշտոնական արարողությունը Գերագույն խորհրդի հատուկ նիստում նշանակված էր նոյեմբերի 11-ին: Հանրապետության առաջին Նախագահն իր պաշտոնն ստանձնեց՝ երդվելով 7-րդ դարի ձեռագիր ավետարանի («Վեհամոր Ավետարան») վրա:

(Հատված «Ղարաբաղյան շարժման պատմություն», հ. 2-րդ, անտիպ աշխատությունից)

Աշոտ Սարգսյան

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում