1992թ. հունվարի 28-ին ազդարարվեց Հայոց ազգային բանակի ստեղծումը (տեսանյութեր)

Հայաստան 28.01.2020   11:01   382

Լուսանկարը՝ Ռուբեն Մանգասարյանի

1992 թ. հունվարի 28-ին ՀՀ առաջին  նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով ստեղծվեց ՀՀ պաշտպանության նախարարությունը, որի ենթակայությանը հանձնվեցին երկրում եղած ուժային կառույցներից որոշակի ստորաբաժանումներ` մասնավորապես, ներքին գործերի նախարարության պարեկապահակային գունդը, հատուկ նշանակության օպերատիվ գունդը, քաղաքացիական պաշտպանության գունդը և ՀՀ զինվորական կոմիսարիատը: 

Եթե չլիներ ժամանակին կատարված հավաքագրման, ճշտման աշխատանքները, կադրերի պատրաստությունը և կամավորական ջոկատների կազմակերպումը, ապա չէր ստացվի կյանքի կոչել այդ համազգային նշանակության ռազմավարական նախագիծը:

Հայոց բանակի ստեղծումն ու պատմությունն անքակտելիորեն կապված են հայոց պետականության ստեղծման պատմական իրողության հետ, քանզի պետություն և բանակ հասկացությունները միմյանց պայմանավորող են, և դժվար է պատկերացնել մեկն առանց մյուսի: Ե´վ մեկի, և´ մյուսի համար ամեն ինչի սկիզբը եղավ 1988թ. փետրվարը` սկիզբը Ղարաբաղի համար պայքարի, պետականության վերականգնման ու Ազգային բանակի ստեղծման: Հայոց բանակն իր կայացման ճանապարհին (ինչպեսև հայոց պետականությունն ինքը) անցավ մի քանի դժվարին ու առանցքային փուլ:

Առաջին. 1988-ի փետրվար-1992 թվականի մայիս, երբ ղարաբաղյան շարժման ակտիվացման և հայ-ադրբեջանական հարաբերությունների ծայրաստիճան սրման պայմաններում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության ռազմական անվտանգության ապահովումը դարձավ ավելի քան հրատապ: 

Երկրորդ. 1992 թվականի հունիս-1994 թվականի մայիս, երբ արդեն անկախ Հայաստանի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին գտնվելով չհայտարարված, բայց փաստացի պատերազմի մեջ Ադրբեջանի հանրապետության հետ, միաժամանակ ձեռնամուխ եղավ նաև Ազգային բանակի ստեղծմանը: 

Երրորդ. 1994 թվականի հունիսից մինչ օրս: Այս փուլը, կարելի է անվանել բանակաշինության, կայուն զարգացման, զորքերի մարտունակության բարձրացման, կարգապահության ամրապնդման, միջին և բարձր սպայական անձնակազմի պատրաստման ու վերապատրաստման, ինչպես նաև բանակ-հասարակություն հարաբերություններում առկա անջրպետի տարեցտարի վերացման փուլ, երբ հաստատված հրադադարից հետո երկրի իշխանություններն ու բանակի ղեկավարությունը հնարավորություն ստացան արդեն խաղաղ պայմաններում ջանքերը կենտրոնացնել բանակի, որպես ռազմապաշտպանական համակարգի, վերջնական ձևավորման, բոլոր անհրաժեշտ ստորաբաժանումներն ստեղծելու ու գործադրելու ուղղությամբ

1990-ի անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց Հայաստանի փաստացի անկախությունը, նոր իրավական և գործնական հեռանկարներ բացեց ազգային բանակի ստեղծման հարցում: Նույն տարվա սեպտեմբերին կազմավորվեց Երևանի հատուկ գունդը, իսկ Արարատում, Գորիսում, Վարդենիսում, Իջևանում, Մեղրիում ձևավորվեցին հինգ վաշտեր: 1991թ.-ին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվեց Նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության պետական կոմիտե: Նմանատիպ կառույց արդեն գործում էր Լեռնային Ղարաբաղում: Սրանով զգալիորեն հեշտացվեց բարդագույն պայմաններում Հայաստանի, Արցախի և Շահումյանի պաշտպանական գործողությունների համակարգման խնդիրը` միաժամանակ դառնալով այն հիմքը, որի վրա քիչ ավելի ուշ պետք է ստեղծվեր Պաշտպանության նախարարությունը: 

1991թ. դեկտեմբերի 5-ին, Հայաստանի հանրապետության առաջին  նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի  հրամանագրով առաջին պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը

1992թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը:

Նորաստեղծ նախարարության ենթակայությանը հանձնվեցին Ներքին գործերի նախարարության միլիցիայի պարեկապահակային գունդը, հատուկ նշանակության օպերատիվ գունդը, քաղաքացիական պաշտպանության գունդը և հանրապետական զինվորական կոմիսարիատը: Քիչ ավելի ուշ հիմնվեց Պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատը` Գլխավոր շտաբը, վարչություններն ու առանձին բաժինները:

1992թ.-ի մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում` հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին: 

Այս պահից սկիզբ է առնում մեր բանակի պատմության երկրորդ փուլը: Մի փուլ, որի խնդիրներն, իրենց բարդությամբ չզիջելով նախորդին, բնույթով այլ էին:

1992թ-ին Հանրապետության ղեկավարությունը, ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդունեց Հայաստանի, առաջին հերթին` նրա Զինված ուժերի համար չափազանց կարևոր և հեռատես որոշում. մենք բռնեցինք ո´չ թե Խորհրդային զորքի սպառազինության բռնի գրավման, այլ` այդ սպառազինության Հայասատանի չափաբաժնի կանոնավոր, պայմանագրային հիմունքներով ստացման ուղին: Դրա շնորհիվ էր, որ թեև ռազմական տեխնիկան քանակապես քիչ էր` համեմատ նրան, ինչը կարող էր ստացվել բռնագրավման պարագայում, սակայն այն սարքին վիճակում էր և անցավ ո´չ թե անհատներին կամ առանձին ջոկատներին, այլ` պետությանը: Դրա շնորհիվ էր, որ ռուսական զորքի մի մասը մնաց Հայաստանում` հետագայում վերաճելով ռազմական բազայի և դառնալով Հայաստանի անվտանգության կարևոր բաղկացուցիչ մասը: 

Բանակն այս տարիներին, եթե կարելի է այսպես ասել, ապրում էր երկու կյանքով: Մի կողմից ինտենսիվորեն ընթանում էր բանակային կառուցվածքի ձևավորում, նրա իրավական ամրագրում, իսկ մյուս կողմից` նորաստեղծ բանակային կազմավորումները փաստացի պատերազմի մեջ էին հարևանի հետ:

«Ամեն ինչ ռազմաճակատի համար» տրամաբանությանը զուգահեռ փորձ էր արվում հնարավորինս պաշարներ ուղղել կառուցվածքային խնդիրների լուծմանը: 

Զենք-զինամթերքի, վառելիքի, պարենի ու հագուկապի խնդիրներին զուգահեռ, նորաստեղծ նախարարության առջև ծառացել էր ոչ պակաս կարևոր ևս մեկ խնդիր` զինված ուժերի համալրումը կրտսեր, ավագ և բարձրագույն սպայական կազմով և մասնագետ կադրերով: Պաշտպանության նախարարությունը հսկայական աշխատանք ծավալեց` նախկին խորհրդային բանակում ծառայող սպաներին հայկական զինված ուժերում ընդգրկելու և դրանով իսկ, թեկուզ ժամանակավորապես, այս խնդիրը մեղմելու ուղղությամբ: Ի պատիվ մեր ժողովրդի, բազմաթիվ հայազգի սպաներ արձագանքեցին ՊՆ կոչին, թողեցին իրենց խաղաղ-անվտանգ բնակավայրերը, եկան և լծվեցին բանակաշինության, հայրենիքի անվտանգության ապահովման սուրբ գործին: Դրանց թվում էին Գուրգեն Դալիբալթայանը, Միքայել Հարությունյանը, գեներալ-լեյտենանտներ Նորատ Տեր-Գրիգորյանցը, Հրաչ Անդրեասյանը, Քրիստափոր Իվանյանը, Մկրտիչ Աբրահամյանը, Յուրի Խաչատուրովը, Միքայել Գրիգորյանը, գեներալ-մայորներ Արկադի Տեր-Թադևոսյանը, Արտուշ Հարությունյանը, Մուրազ Սարգսյանը, Լեոնիդ Մարտիրոսովը, Վլադիմիր Հայրապետյանը,Մարտին Կարապետյանը, Տիգրան Գասպարյանը, Ալիկ Միրզաբեկյանը և շատ ուրիշներ: Այս անձանց կողքին չենք կարող չնշել նաև գեներալ-լեյտենանտ Անատոլի Զինևիչի անունը, որի համար Հայաստանը դարձավ երկրորդ հայրենիք: 

Բանակաստեղծման առումով 1992-ը բացառիկ արդյունավետ եղավ.

  • ամրագրվեց անհրաժեշտ իրավական դաշտը,
  • ձևավորվեցին ղեկավարման օղակները, առաջին հերթին` Գլխավոր Շտաբը,
  • ստեղծվեցին թիկունքի և սպառազինության ծառայությունները,
  • հիմնադրվեցին զորատեսակներն ու մասնագիտացված զորամասերը,
  • մշակվեցին խմբավորումների, զորամասերի մարտական կազմերը և կառուցվածքները, դրվեց զորատեսակների և ծառայությունների ձևավորման սկիզբը, անցկացվեց առաջին զորակոչը,
  • կազմավորվեցին առաջին սահմանապահ զորամասերը` մոտոհրաձգայինների վերափոխման հեռանկարով,
  • ծավալվեցին զորամասերի ստորաբաժանումները` դասակները, վաշտերը, գումարտակները, սկսվեց անձնակազմի մարտական ներդաշնակման ու մարտական պատրաստության գործընթացը: 

Այս ամենին զուգահեռ թեթև մարտական գործողությունները սահմանի երկայնքով արդեն վերաճել էին իսկական պատերազմի` իրենց ահագնացող ծավալներով:

1992թ.-ի մայիսին, հիմնականում ավարտելով Ղարաբաղի ներսում ադրբեջանական կրակակետերի ոչնչացումը, ինքնապաշտպանական ուժերը ծրագրեցին և փայլուն կերպով իրականացրեցին Շուշիի ազատագրման օպերացիան` կերտելով մեր նորօրյա ռազմական տարեգրության ամենափառահեղ էջերից մեկը: Դրանով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանական ուժերը Ստեփանակերտը փրկեցին ամենօրյա ծանր ռմբահարումներից, ինչպես նաև ցամաքային ճանապարհ հարթեցին դեպի Հայաստան: Մի քանի օր անց ինքնապաշտպանական ուժերը գրավեցին նաև Լաչինը` լռեցնելով Ջանհասանի, Քյոսալարի և մի շարք այլ կրակակետեր: Հայաստանի հետ ցամաքային կապն այլևս վերագտնված էր, հակառակորդը նահանջել էր և շատ հեռու էր: Շատերին թվաց, թե մարտական գործողությունները մոտալուտ ավարտ կունենան: Եվ մենք, ստիպված, մի պահ հապաղեցինք, ինչը. հետո չափազանց ծանր հետևանքներ ունեցավ: 

1992-ի հունիսից սկիզբ է առնում մեր բանակի պատմության երկրորդ փուլը, երբ ադրբեջանցիները, ոգևորված խորհրդային բանակի` Ադրբեջանի տարածքում տեղաբաշխված ստորաբաժանումների մեծաքանակ սպառազինության անարգել բռնագրավումով, անցան լայնածավալ հարձակման:  Ընկավ Շահումյանը, սկիզբ առավ հակառակորդի ժամանակավոր հաջողությունների շրջանը: Մեր ջոկատները ստիպված էին նահանջել Մարտակերտի տարածքի մի զգալի մասից` իրենց հետ տանելով նաև բնակչությանը: Այս շրջանը մեր պետության ու ողջ ժողովրդի համար եղավ իսկապես ծանրագույն փորձության շրջան:

1993թ. մարտի վերջին իրականացվեց Քելբաջարի օպերացիան` գրավվեց Հայաստանն ու Ղարաբաղը սեպի պես զատող այս կարևոր հատվածը:

Հունիսին հակառակորդը ծանր մարտերից հետո, չկարողանալով դիմադրել հայկական ինքնապաշտպանական ուժերի շեշտակի գրոհներին, ստիպված էր թողնել Մարտակերտն` հարող բնակավայրերով, հուլիսին` Աղդամը, օգոստոս-հոկտեմբերին` Ֆիզուլին, Ջաբրայիլը, Կուբաթլուն և Զանգելանը, ինչը թույլ տվեց պաշտպանական բանակին երկրի երկայնքով ձևավորել անվտանգության գոտի` զերծ պահելու համար Լեռնային Ղարաբաղի տարածքի մեծ մասը հնարավոր ռմբահարումներից:

1993թ. դեկտեմբերին  հակառակորդն անցավ նախադեպը չունեցող հարձակման: Այս ճակատամարտը, որը տևեց ուղիղ հինգ ամիս, ավարտվեց հայկական պաշտպանական ուժերի լիակատար հաղթանակով: Այնպիսի հաղթանակով, որ պարտված հակառակորդը, որ մինչ այդ լսել անգամ չէր ուզում հրադադարի մասին, գլխիկոր համաձայնեց ստորագրել այն: 

1994թ. մայիսի 16-ին Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները Մոսկվայում ստորագրեցին հրադադարի մասին համաձայնագիր: 

Արդեն խաղաղ պայմաններում նորաստեղծ բանակը, նրա հրամանատարական կազմը հնարավորություն ստացավ լծվելու բանակաշինության գործին` ուշադրություն դարձնելով առավելապես բանակի ներքին խնդիրներին: Բանակաշինության գործընթացն ընդգրկեց ռազմական համակարգի, առանց բացառության, բոլոր ոլորտները` սկսած բանակային ենթակառուցվածքների ստեղծումից մինչև անհրաժեշտ օրենսդրական հիմքի ապահովում: 

1-ին տեսանյութում՝ Լևոն Տեր-Պետրոսյանի կոչը. «Ցուցակագրվել կամավորների շարքում, որոնք պետք է տեղափոխվեն Ղարաբաղ», 1988թ:  Այս կոչը հետագայում վերաճում է Հայոց Ազգային Բանակի, արդեն Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանատարությամբ։

2-րդ տեսանյութում՝ Վազգեն Սարգսյանի կոչով հանրապետության բոլոր մարզերից հավաքված 500 մահապարտները 1992 թվականի օգոստոսի 15-ին   երդում տվեցին «Եռաբլուր» պանթեոնում և մեկնեցին ռազմաճակատ:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon