«  Փետրվար 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
26272829

Яндекс.Метрика

1994 թվականին ի կատար ածվեց Թումանյանի փափագը...

1994 թվականին ի կատար ածվեց Թումանյանի փափագը...

Լուսանկարում՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Բաբկեն Արարքցյան, Օհան Դուրյան

1923 թ. ապրիլի 15-ին Հովհաննես Թումանյանին հուղարկավորեցին Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատանը: Սակայն կար մի բան, որի մասին այն օրերին քչերը գիտեին: Բանն այն է, որ դեռ Մոսկվայում, դիահերձման ժամանակ բանաստեղծի որդին` Արեգը, բժիշկներից խնդրել էր իրեն հանձնել Թումանյանի սիրտը: Եղբորը` Համլիկին ուղղված նամակում նա գրում էր.

«Ես մի քայլ արեցի… ես հայրիկի սիրտը գողացա: Ճիշտ ա, պետք է շատ հանդուգն լինել, որ գողանալ էն սիրտը, որ գրկում էր ամբողջ աշխարհը, պետք է շատ իրեն կորցնել, որ մոտ գալ, բայց իմ սիրտը չդիմացավ: Գողացա: Գուցե մեղադրում ես: Ոչինչ: Թող իմ սուրբ հոր սիրտը լինի մեր տանը: Ճիշտ ա, նա չի բաբախում, բայց չէ՞ որ նա մեզ հետ ա ապրել, չէ՞ որ հայրիկը ամբողջ սրտի մեջ ա, և հայրիկի սիրտը պետք է մեր տանը լինի…»:

Տարիներ շարունակ հարազատները սիրտը պահում էին գրողի առանձնատանը, մի փոքրիկ պահարանի մեջ: Բայց մի անգամ Թումանյանների տուն այցի եկավ Ավետիք Իսահակյանը: Ուշ ժամ էր, և նա մնաց գիշերելու: Որպես հարազատ հյուր նրան օթևան տվեցին Թումանյանի առանձնասենյակում: Երբ լույսը բացվեց, տանտերերը նկատեցին, որ Իսահակյանը չափազանց անհանգիստ էր: Հետո վերջինս խոստովանեց, որ ողջ գիշեր չի քնել, իսկ անքննության պատճառը եղել է Թումանյանի սրտի ներկայությունը: Այդ դեպքից հետո բանաստեղծի սիրտը տեղափոխվեց Երևանի բժշկական ինստիտուտի Անատոնիկումի թանգարան:

Միայն 1994 թվականին ի կատար ածվեց Թումանյանի փափագը: Նրա սիրտը հողին հանձնեցին հայրական տան բակում: Եվ հողը կարոտով ընդունեց սիրտը նրա, ով Ամենայն Հայոց բանաստեղծն էր և Արարատը մեր նոր քերթության:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է. Նա ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին  Լոռվա Դսեղ գյուղում։

Ամենայն հայոց բանաստեղծը վախճանվել է 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում, Մոսկվայում։