1 տարի անց. ոստիկանությունը չապացուցեց մեղադրանքը

Հասարակություն 22.04.2020   10:15   995

«Մեկ կտուրի տակ» ծրագրի հեղինակ Մհեր Դերձյանի պաշտպան Լուսինե Վիրաբյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Ուղիղ 1 տարի առաջ` 23․04․2019թ․-ին ՀՀ ողջ լրահոսը ողողված էր ՀՀ Ոստիկանության պաշտոնական կայքի միջոցով տարածված մի նյութով, որում նշվում էր, թե Մհեր Դերձյանը բնակարաններ կառուցելու ու տրամադրելու կեղծ խոստմամբ, խաբեությամբ, մեկ միասնական դիտավորությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի ուրիշի գույք։ Ի դեպ՝ հրապարակման մեջ մի քանի անգամ նշվում էր ենթադրյալ հանցանք կատարած անձի՝ Մհեր Դերձյանի անուն-ազգանունը, նրա կողմից «հափշտակված» գումարի չափը, «հափշտակության» մեխանիզմը, և մնացած այլ «մանրամասներ»։ Ի դեպ՝ ոստիկանությունը չէր մոռացել նաև պաթոսի մասին, մասնավորապես՝ նշելով, որ Մհեր Դերձյանը նախնական դիտավորությամբ, որպես բարերար ներկայանալով՝ վստահություն է ձեռք բերել սոցիալապես անապահով բազմաթիվ քաղաքացիների մոտ։

Առաջին հայացքից կարող էր տպավորություն ստեղծվել, որ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողների կողմից կատարվել էր փայլուն օպերատիվ-հետախուզական գործողություններ և բացահայտվել էր շատ կարևոր ֆինանսական հանցագործություն։

Սակայն, իրական պատկերը ոչ մի աղերս չուներ ոստիկանության կողմից ներկայացված «շոու-ծրագրի» հետ։

Ի՞նչ էր սա, և ինչի՞ համար էր արվում այդ ամենը, ինչու՞ ամիսներ հետո ոստիկանությունը ջնջեց իր կողմից պատրաստված տեսանյութը (նման բան չեմ հիշում նախկինում երբևէ եղած լինի), ինչու՞ 1 տարվա ընթացքում 3 քննիչ ու քննչական խումբ փոխվեց այս գործով, սակայն ի վերջո մինչ օրս մեղադրանք չի ներկայացվել։ Չէ՞ որ ամեն ինչ այնքան պարզ էր ոստիկանության համար, որ անգամ անմեղության կանխավարկածի վրա խաչ քաշեցին։ Ի վերջո՝ ո՞վ է տուժել Մհեր Դերձյան գործունեության հետևանքով։ Միգուցե բարձր տոկոսով հիփոթեք տրամադրող բանկե՞րը։

Պարոնայք, անցավ մեկ տարի, բայց հարցերին պատասխաններ չեն տրվել։ Ի վերջո, եթե դուք չապացուցեք այն, ինչ նշել եք ձեր տարածած պաշտոնական հայտարարության մեջ, ստիպված մի հատարարություն էլ ձեր արարքի առնչությամբ է տարածվելու։ Իսկ ժամանակը գործում է ի վնաս ձեզ։

Հարգանքներով` Մհեր Դերձյանի պաշտպան, փաստաբան` Լուսինե Վիրաբյան»

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Լուսինե Վիրաբյան, Մհեր Դերձյան, «Մեկ կտուրի տակ»

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon