20 տարի առաջ այս օրը Վանո Սիրադեղյանը հեռացավ Հայաստանից

Խոսք 03.04.2020   22:15   1468

20 տարի առաջ, 2000 թվականի ապրիլի 3-ին Վանո Սիրադեղյանը հեռացավ Հայաստանից

Ներկայացնում ենք Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը (կրճատումներով) Վանո Սիրադեղյանի հետ, որն արվել է 2006 թ․ մարտի 25-ին:

 -Ձեր դեմ հարուցված քրեական գործի մասին ավելի շատ ուրիշներն են խոսել, քան դուք ինքներդ, ու շատերը ձեր լռությունը ընդունել են որպես ներկայացված մեղադրանքների կապակցությամբ ասելիքի բացակայություն: Ի՞նչ ունեք դուք ասելու այդ ամենի կապակցությամբ. որքանո՞վ են ճիշտ նրանք, ովքեր տեղի ունեցածը որակում են որպես քաղաքական հետապնդում, եւ որքանո՞վ են ճիշտ նրանք, ովքեր ձեր դեմ հարուցված մեղադրանքները դիտում են բացառապես իրավական հարթության մեջ եւ ներկայացնում են որպես օրինականության հաղթանակ: Եթե ճիշտ է առաջին վարկածը, ինչո՞ւ թիրախ ընտրվեցիք հատկապես դուք:

-Այդ ե՞ս չեմ խոսել գործի մասին: Իսկ ինչո՞վ էի զբաղված 98-99 թվականներին: Բայց դրա օգուտը ո՞րն է, երբ քո մի խոսքին ի պատասխան կես տասնյակ ալիքներ ու տասից ավելի թերթեր վրադ լուտանքներ են թափում` շաբաթներ շարունակ: Պետական ռեպրեսիվ մեքենային լծվելու գործում հայ ժողովուրդը մյուս ժողովուրդներից առանձնապես չի տարբերվում, բայց սահմանափակ կենսատարածքում ապրելու պատճառով ստացվում է, որ անում է առանձնակի դաժանությամբ:

–Եւ ստացվում է, որ գնալու որոշումը ճի՞շտ էր:

-Եթե հիշում եք, երկու անգամ եմ գնացել: Առաջին անգամ վերադարձա եւ ամբողջ վեց ամիս դատավարությանն էի մասնակցում: Բայց նրանց պետք չէր, որ դատավարությունը տրամաբանական ավարտին հասներ: Պետք էր քաղաքական թամաշա այնքան ժամանակ, որ նախագահական եւ պառլամենտական ընտրությունները հորով-մորով անեն: Արեցին, եւ արդեն ժամանակն էր, որ հատուցեին իրենց սուտ վկաներին, վկա-«ամբաստանյալներին»` արագ-արագ դատավճիռ կարդալ եւ արագ էլ կալանքից ազատել: Իսկ իմ մասնակցությունը դատավարությունը, բնականաբար, երկարաձգում էր, որովհետեւ տասնյակ հոդվածներ էին կպցրել, հարյուրավոր «վկաներ» էին գրանցել, եւ այդ ծավալով աշխատելու դեպքում այդ շոուն կտեւեր եւս մեկ-երկու տարի: Բայց իշխանության հարցը արդեն լուծել էին: Այդ գործը պետք էր նախաքննության համար` նախագահական եւ պառլամենտական ընտրությունների ժամանակամիջոցում, եւ դատավարությունը լրիվ անիմաստ էր նրանց համար: Իսկ եթե իշխանությունը դատավարություն չի ուզում, դրա վիժեցնելու ձեւը կգտնի: Եթե իշխանությունը որոշել է աքսորել մարդուն, միջոցը կգտնի, հատկապես եթե մարդը չոր գլուխ մենակ չէ, այլ հարազատ-բարեկամ-շրջապատ ունի: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչո՞ւ ինձ թիրախ ընտրեցին, հարցով պատասխանեմ` բա ո՞ւմ ընտրեին: Կառավարության անդամներից ո՞վ է վատամարդը` պաշտոնի բերումով` ՆԳ նախարարը: Ետսովետական երկրներում ո՞վ է ամենախոցելին, եթե ոչ քաղաքական գործիչ ՆԳ նախարարը: Հո պատահակա՞ն չէր, որ Հարավային Կովկասի բոլոր 3 առաջին քաղաքական գործիչ ՆԳ նախարարները հետապնդման ենթարկվեցին. 

-Պարոն Սիրադեղյան, եւ այնուամենայնիվ` որտե՞ղ եք հիմա:

-Եթե Հայաստանում չեմ, ի՞նչ տարբերություն որտեղ եմ: Համենայնդեպս, կարող եմ ասել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երեք երկրներից ոչ մեկում չեմ: Գիտակցաբար, մեր մեջ ասած:

.«Հայկական ժամանակ»

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Վանո Սիրադեղյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon