«Ա1+»-ի հեռուստաընկերության հայցն ընդդեմ ՀՀ կառավարության վարույթ է ընդունվել

Հայաստան 10.01.2020   20:00   134

Վարչական դատարանը, նախագահությամբ դատավոր Դանիել Դանիելյանի, վարույթ է ընդունել «Ա1+» հեռուստաընկերության հայցն ըննդեմ ՀՀ Կառավարության, հայտնում է «Ա1+»-ը:

Հեռուստաընկերությունը պահանջում է առոչինչ ճանաչել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից 11.06.2003թ. կայացած թիվ 18-Ա որոշումը, 18.07.2003թ. թիվ 31-Ա որոշումը, 18.07.2003թ. թիվ 30-Ա որոշումը, 18.07.2003թ. թիվ 29-Ա որոշումը, 13.10.2003թ. թիվ 74-Ա որոշումը, 13.10.2003թ. թիվ 75-Ա որոշումը, 24.12.2003թ. թիվ 56 դեցիմետրային կապուղիով «Հուսաբեր» ՓԲ ընկերությանը հաղթող ճանաչելու որոշումը:

«Մենք ոչ թե պահանջում ենք անվավեր ճանաչել, այլ առոչինչ, սրանք տարբեր են։ Անվավեր է ճանաչվում ակտը, որն ընդունվել է օրենքի խախտմամբ, իսկ առոչինչ նշանակում է, երբ որ նույնիսկ օրենքի կիրառության նպատակը եղել է ոչ իրավաչափ, այսինքն՝ արդարադատության առերևույթ ոտնահարմամբ այդ ակտը ընդունվել է և ընդունման պահից, այլ ոչ թե որոշման կայացման պահից համարվում է առոչինչ։ Եթե ընդունվում է վարչական ակտ, որի նպատակը այն չէ, ինչ որ օրենքում նշվում է՝ վարչարարությունը չէ, այլ քողարկված քաղաքական օրակարգ կա, ապա այդ դեպքում վարչական ակտը, ըստ մեր մեկնաբանության, պետք է համարվի առոչինչ»,- պարզաբանեց փաստաբան Արա Ղազարյանը։

Նրա դիտարկմամբ՝ անցկացված 7 մրցույթների նպատակը հեռարձակման ոլորտը բարելավելը չէր, այլ «Ա1+»-ին թույլ չտալ եթեր վերադառնալ, որովհետև «Ա1+»-ը անկախ հեռուստաընկերություն էր։

«Մեզ նույնիսկ պետք էլ չէ դատարանում ապացուցել, որ այդ ակտերն առոչինչ են, որովհետև հայտնի փաստ է, որ «Ա1+»-ը եթերազրկվեց ոչ թե նրա համար, որ մրցութային փաթեթը չէր համապատասխանում օրենքի պահանջին, այլ մրցույթը չհաղթեց զուտ նրա համար, որ նա «Ա1+»-ն էր։ Դա պայմանավորված էր «Ա1+»-ի հայացքներով, դիրքորոշումներով, հետևաբար դա խտրականություն էր»,- ասաց Արա Ղազարյանը։

Ի՞նչ կլինի, եթե Վարչական դատարանը բավարարի «Ա1+» հեռուստաընկերության պահանջները։ Փաստաբանը նշեց՝ առաջնահերթ սպասում են, որ ստանան դատարանի որոշումը, որով կարձանագրեն, որ տեղի է ունեցել խախտում։

«Եթե արձանագրեց, որ տեղի է ունեցել խախտում, ապա մեր հաջորդ քայլը լինելու է փոխհատուցման պահանջ ներկայացնելը։ Ընդ որում՝ փոխհատուցումն անպայման չի, որ դրամական լինի, խոսքը՝ արդարացի փոխհատուցման մասին է։ Ի վերջո պետությունը ներողություն չի խնդրել «Ա1+»-ից, անկախ նրանից՝ իշխանափոխություն եղե՞լ է, թե՞ ոչ, որովհետև վարչական դատարանում սուբյեկտը մնում է պետությունը»,- նշեց Արա Ղազարյանը և ծիծաղելով հավելեց, որ դրամական փոխհատուցում տրամադրելը ավելի արդարացի է։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքով՝ սա կարևոր քայլ է, որ ի վերջո 2000-ականների սկզբին Հայաստանում տեղի ունեցած անարդարությունը պետք է վերացվի։ Նրա խոսքով՝ այն ժամանակ որևէ դատարան անկաշկանդ որոշում չէր կարող ընդունել, իսկ հիմա լիահույս է, որ բարենպաստ պայմաններ կան դրա համար։

««Ա1+»-ի իրավունքների համար պայքարը երբեք չի դադարել։ Մենք կարող ենք հիշել, թե ինչպիսի ցույցեր էին անցկացվում Երևանի կենտրոնում՝ «Ա1+»-ին սատարելու համար, բայց, ցավոք, այն ժամանակվա իշխանությունները արհամարեցին այդ ամենը և «Ա1+»-ը առ այսօր եթերում տեղ չի գտել, միայն ինտերնետային հեռարձակմամբ է կարողանում հաղորդումները հասցնել իր լսարանին։ Կարծում եմ, որ սա ոչ թե քաղաքական մոտեցում է, այլ արդարության վերականգնման կարևոր քայլ։ Մենք լիահույս ենք, որ փոփոխված պայմաններում դատարանները կարող են անկաշկանդ որոշումներ կայացնել։ Նախորդ տասնամյակների ընթացքում դա ակնկալելը բարդ էր, քանի որ գիտենք «Ա1+»-ը եթերազրկվեց քաղաքական դրդապատճառներով»,- ընդգծեց Աշոտ Մելիքյանը։

Իսկ ի՞նչ սպասելիքներ ունի դատական համակարգից «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր նախագահ Մեսրոպ Մովսեսյանը։ Դատական համակարգում հեղափոխությունը Մեսրոպ Մովսեսյանի պատկերացմամբ այն չէ, որ բոլորին պետք է աշխատանքից ազատել, ձերբակալել կամ էլ տույժի ենթարկել, այլ․

«Դատավորն ինքն իր մեջ պետք է փոխվի, երբ որ միջավայրը փոխվել է, ստիպված պետք է փոխվեն, որովհետև իրենք այս կյանքում տեղ չեն ունենա, եթե իրենց մեջ հեղափոխություն չլինի»։

Ավելին՝ այստեղ

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         «Ա1+»

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon