ԱԳՆ հայտարարությունը արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձի կազմակերպման վերաբերյալ

Պաշտոնական 12.05.2020   18:00   470

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ Վերին Լարսի անցակետը շարունակում է փակված մնալ օտարերկրյա, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների համար: Ներկայումս անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիներին նախարարությունը կոչ է անում վերադառնալ մինչ օրս իրենց բնակության վայրեր, հերթագրվել արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում, որոնց կողմից էլ համակարգվում է վերադարձը Հայաստան:

«Հայտնում ենք, որ նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրադրությունում արտերկրում հայտնված ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան իրականացվում է բացառապես պարետատան և ՀՀ ԱԳՆ համակարգմամբ՝ ըստ մշակված ժամանակացույցի և գործողությունների ծրագրի: Նման համակարգված աշխատանքը հնարավորություն է տալիս ապահովել մեր քաղաքացիների տեղափոխման առողջապահական անվտանգությունը և Հայաստանի առողջապահական համակարգի անխափան աշխատանքը: Այս առումով նշենք, որ տարբեր երկրներից մեր քաղաքացիների վերադարձի կազմակերպումը կրում է շարունակական և ծրագրված բնույթ:

Պարետատան և ԱԳՆ համակարգումից դուրս անհատական նախաձեռնությունները, որոնք իրականացվում են տարբեր երկրների կողմից ներդրված սահմանափակումների խախտմամբ, կարող են հանգեցնել անվերահսկելի հետևանքների և խաթարել քաղաքացիների տեղափոխման աշխատանքները: Ուստի կոչ ենք անում արտերկրում գտնվող մեր քաղաքացիներին Հայաստան վերադարձը իրականացնել բացառապես պարետատան և ԱԳՆ համակարգմամբ գործող սխեմայով և ձեռնպահ մնալ անհատական նախաձեռնություններից»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԱԳՆ, կորոնավիրուս, Հայաստան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon