Առողջապահության նախարարը խորհրդարանում պատասխանում է հարցերին (ուղիղ)

Կարևոր 04.05.2020   11:40   454

Այս պահին Հայաստանում կա 9 քաղաքացի, որոնք միացված են թոքերի արհեստական սարքավորման, 65 քաղաքացի գտնվում է ծանր վիճակում։ Այս մասին ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Նոր ռազմավարությունն այս իրավիճակում կախված է նաև զարգացումներից: Եթե հիվանդների թիվը շատանա, ապա նաև տուն ենք ուղարկելու: Կանոնները նույնն են՝ ձեռքերը հաճախ լվանալ: Ապակենտրոն նշանակում է՝ չպետք է լինի հրաման այդ կանոնները պահելու համար: Հիմա պատասխանատվության մակարդակը մի քիչ բարձր է, քանի որ պետությունը չի կարող փակ մնալ: Եթե մենք կարողանանք պահպանել կանոնները, ապա կկարողանանք գնալ առաջ: Եթե չկարողանանք պահպանել կանոնները, կունենանք պայթունավտանգ բռնկումներ, երբ օրինակ վարակված լինի 500 հազար քաղաքացի՝ հազարավոր մահերով: Այդ սցենարը անհավանական չէ: Դժվար է գնահատել՝ կլինի, թե ոչ», – նշեց նախարարը:

Բացառված չէ, որ կորոնավիրուսով մեկ անգամ վարակված և բուժված քաղաքացին կարող է կրկին վարակվել: Արդեն իսկ 3 քաղաքացու մոտ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նորից կորոնավիրուս է հայտնաբերվել, ասաց Արսեն Թորոսյանը:

«Նրանց նորից իզոլացրել ենք, որպեսզի հավանական վարակը կանխարգելենք: Նման դեպքեր արձանագրվել են Չինաստանում ու Հարավային Կորեայում, դա ոչ թե կրկնակի վարակում է, այլ վիրուսի մասնիկների պահպանում է բերանի խոռոչի, կոկորդի հյուսվածքներում, որը երկուսից երեք ամսվա ընթացքում ՊՇՌ-ով (պոլիմերազային շղթայական ռեակցիա) հայնաբերվում է: Հայտնաբերման մեթոդը աշխատում է ոչ թե վիրուսի մասնիկի վրա, այլ վիրուսի մեջ եղած գենետիկ մատերիալի վրա, որը կարող է լինել ապաակտիվ վիճակում` առանց պատյանի: Դա չի բազմանում ու չի արտազատվում», - ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ նույնիսկ դուրս գրվելուց հետո պետք է պահպանել անվտանգության կանոնները:

Հիշեցնենք, որ Հայաստանում մայիսի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 121 նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ՝ մայիսի  4-ին հաստատվել է կորոնավիրուսի 2507 դեպք:

Վերջին տվյալներով ապաքինվել է 1071 անձ (վերջին մեկ օրում՝ 36 մարդ), 39 պացիենտ մահացել է, վերջին մեկ օրում մահացածների թիվն ավելացել է 4–ով։

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 24941, վերջին մեկ օրում` 765: Փաստացի այս պահին բուժվում է 1393 անձ:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արսեն Թորոսյան, ԱԺ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon