ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց արտակարգ դրությունը խախտողների համար պատիժ սահմանող փոփոխությունները

Կարևոր 21.03.2020   09:50   303

ՀՀ ազգային ժողովը երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց երկրում արտակարգ դրության պայմաններում մեկուսացման և ինքնամեկուսացման պահանջը խախտելու դեպքում վարչական, ինչպես նաև քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ մարտի 20-ի արտահերթ նիստում ստացավ 102 կողմ ձայներ:

Փաթեթն ԱԺ նիստում ներկայացրել էր ՀՀ Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը: Վարչական իրավախախտումների մասին օրենքում լրացմամբ առաջարկվում է սահմանել, որ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու դեպքում սահմանվում է վարչական պատասխանատվություն` սահմանված նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով: Ինչպես նաև առաջարկվում է սահմանել, որ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժանանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումները խախտելը կառաջացնի տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 50-300-ապատիկի չափով:

Իսկ Քրեական օրենսգրքում լրացմամբ առաջարկվում է սահմանել, որ արտակարգ իրավիճակի հիմքով արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժվում է կալանքով մինչև 3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկեով:

Պատգամավորները սակայն որոշակի դիտարկումներ, անհամաձայնություններ ունեին փաթեթում տեղ գտած ձևակերպումների հետ կապված, նրանք որոշակիացման կարիք ու թերություններ տեսան: Պատգամավորներից ոմանք, մասնավորապես, 5 տարի ժամկետով ազատազրկում սահմանելը համարեցին շատ խիստ պատիժ:

Առաջարկությունների ստացման համար սահմանված է մեկօրյա ժամկետ, երկրորդ ընթերցմամբ քննարկումը կլինի երկուշաբթի օրը ժամը 11:00-ին:

Մարտի 20-ի դրությամբ թոքաբորբի 11 դեպք կա, որից 3-ն՝ ինտենսիվ, այս պահի դրությամբ նրանցից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում, ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Արդեն շուրջ 600 քաղաքացի է մեկուսացված:«Նորք»-ի ինֆեկցիոնը միակը չէ (միակն է միայն բուժական մասով), կորոնավիրուսով հաստատված հիվանդների բուժմամբ կզբաղվի ևս 5 հիվանդանոց», ասել է Թորոսյանը

Թարմացված. Հայաստանում մարտի 21-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 160 դեպք է գրանցվել:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         կորոնավիրուս, ԱԺ, արտակարգ դրություն

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon