ԱՄՀ-ն 280 միլիոն դոլար է տրամադրում Հայաստանին

19.05.2020   13:00   453

ԱՄՀ Գործադիր խորհրդի որոշումը 280 միլիոն ԱՄՆ դոլարը Հայաստանին անմիջապես տրամադրելու հնարավորություն է տալիս: 

«Հասանելիության ավելացումը իշխանություններին կօգնի կարճաժամկետ ռիսկերի զսպման հարցում եւ կապահովի ռեսուրսներով`կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված (ԿՈՎԻԴ-19) համավարակի հրատապ մարդկային եւ տնտեսական հետեւանքներին դիմակայելու համար: 
Մակրոտնտեսական կայունությունը պահպանելու համար իշխանությունները ձեռնարկել են մոտակա ժամանակահատվածում ԿՈՎԻԴ-19-ի ազդեցությունը մեղմելու մի շարք միջոցառումներ եւ հավատարիմ են ներառական ու դիմակայուն աճի խթանմանը եւ սոցիալական ծախսերի երաշխավորմանն ուղղված շարունակական տնտեսական բարեփոխումներին: 

Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը (ԱՄՀ) ավարտել է «Սթենդ-բայ» ծրագրի (SBA) օժանդակությամբ ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության կատարողականի երկրորդ հերթական ստուգումը: Հայաստանի եռամյա «Սթենդ-բայ» ծրագիրը՝ 180 միլիոն ՓՀԻ (շուրջ 248 միլիոն ԱՄՆ դոլար) չափով, որը համարժեք է ԱՄՀ-ում Հայաստանի քվոտայի 139.75 տոկոսին, ԱՄՀ-ի Խորհրդի կողմից հաստատվել է 2019 թ. մայիսի 17-ին: 

Գործադիր խորհուրդը հաստատել է նաեւ իշխանությունների` Հայաստանի SBA ծրագրի շրջանակում հասանելիությունը քվոտայի 100 տոկոսի չափով ավելացնելու հայտը (128.80 միլիոն ՓՀԻ կամ շուրջ 175 միլիոն ԱՄՆ դոլար)` SBA ծրագրի շրջանակում ընդհանուր հասանելիությունը հասցնելով 308.8 միլիոն ՓՀԻ-ի (Հայաստանի քվոտայի շուրջ 240 տոկոսին): Ավելացման եւ հերթական ստուգման ավարտով պայմանավորված` անմիջապես հասանելի կդառնա 205.94 միլիոն ՓՀԻ (շուրջ 280 միլիոն ԱՄՆ դոլար): 

ԿՈՎԻԴ-19 համավարակի եւ համաշխարհային ֆինանսական պայմանների խստացման ազդեցությամբ խաթարվեցին Հայաստանի տնտեսության միտումից բարձր աճը եւ նպաստավոր տնտեսական պայմանները: Մոտակա ժամանակահատվածի հեռանկարի կանխատեսումը էականորեն թուլացել է, ընդ  որում հարկաբյուջետային եւ ընթացիկ հաշվի պակասուրդներն այս տարի էականորեն ընդլայնվել են: Հիմնադրամի աջակցությունը Հայաստանին կօգնի այս մարտահրավերներին, այդ թվում՝ ԿՈՎԻԴ-19 համավարակի անմիջական սոցիալ- տնտեսական հետեւանքներին դիմագրավելու հարցում: 

Գործադիր խորհրդի քննարկումից հետո Կառավարիչ տնօրենի տեղակալ եւ նախագահ պրն. Թաո Ժանգն արեց հետեւյալ հայտարարությունը. 

«2019 թ. բարձր կատարողականից հետո՝ Հայաստանի տնտեսությունը ծանր հարված կրեց ԿՈՎԻԴ-19 համավարակի հետեւանքով: Կառավարությունը նախաձեռնողաբար հակազդեց ճգնաժամին՝ զսպման համատարած միջոցառումների ընդունմամբ, միաժամանակ աջակցելով առավել տուժած ոլորտների ընկերություններին եւ խոցելի անհատներին: 

2020 թ. կանխատեսվում է բյուջեի պակասուրդի էական մեծացում՝ արտացոլելով եկամուտների վրա ցիկլի ազդեցությունը եւ առողջապահության ու խոցելի տնային տնտեսությունների եւ ընկերությունների տնտեսական աջակցմանն ուղղված ընթացիկ ծախսերի ավելացումը: Իշխանությունները հավատարիմ են պարտքի կայունության միջնաժամկետ նպատակին՝ ճգնաժամի մեղմմանը զուգահեռ, եւ միջնաժամկետ հատվածում ակնկալվում է պետական պարտքի նվազում՝ Հայաստանի հարկաբյուջետային կանոնի համաձայն, միաժամանակ պահպանելով ներդրումների եւ սոցիալական ծախսերի հնարավորությունը: 

Հայաստանի Կենտրոնական բանկը արձագանքել է ճգնաժամին՝ հավասարակշռելով գների եւ ֆինանսական կայունության իր իրավասությունները: Տնտեսությանն աջակցելու համար կենտրոնական բանկն իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը եւ շուկայական մեծածավալ իրացվելիություն ապահովել: Այն նաեւ միջամտել է՝ փոխարժեքի չափից ավելի տատանողականությունը սահմանափակելու համար: 

Իշխանությունների բարեփոխման օրակարգի իրականացումը կամրապնդի կայուն եւ ներառական աճը: Այն ընդգրկում է հակակոռուպցիոն համընդգրկուն ծրագրի սահմանումը, գործարարության միջավայրի բարելավումը եւ փոքր ու միջին ձեռնարկություններին աջակցությունը, առողջապահության եւ կրթության ոլորտների հզորացումը: 

«Սթենդ-բայ» ծրագրի շրջանակում հասանելիության ավելացումը կապահովի խիստ անհրաժեշտ աջակցությունը՝ իշխանություններին տալով համավարակը մեղմելու եւ տուժած տնային տնտեսություններին եւ տնտեսվարողներին աջակցելու հնարավորություն»»:

Արժույթի միջազգային հիմնադրամ

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հայաստան, կորոնավիրուս, ԱՄՀ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon