«  Հոկտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Ներկայացուցիչների տունը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևը: Օրենսդիր մարմնի երկու ճամբարների` հանրապետականների և դեմոկրատների հեղինակած փաստաթղթին կողմ քվեարկեց 405 կոնգրեսական, դեմ` 11, 3-ը ձեռնպահ էին:

Բանաձևը փաստում է, որ ԱՄՆ-ի քաղաքականությունն է Հայոց ցեղասպանության ոգեկոչումը՝ այն պաշտոնապես ճանաչելու և հիշատակելու միջոցով, Հայոց ցեղասպանության կամ որևէ այլ ցեղասպանության ժխտման մեջ ամերիկյան կառավարությանը ներգրավելու մերժումը, Հայոց ցեղասպանության փաստերի վերաբերյալ կրթության և հանրային ըմբռնման խրախուսումը:

«Սա մի քվեարկություն է, որին ես սպասել եմ 19 տարի, մի քվեարկություն է, որին տասնյակ հազարավոր ամերիկահայեր տասնամյակներ են սպասել», - հայտարարեց բանաձևի համահեղինակ, Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ադամ Շիֆը, հավելելով. «Մենք չենք կարող ընտրողաբար որոշել, թե մարդկության դեմ ո՛ր հանցագործություններն են քննարկման համար նպատակահարմար, որոնք`ոչ: Մենք չենք կարող մարդու իրավունքների պաշտպանությունը քողարկել մեղմասացության տակ, և չպետք է լռենք`օտար պետության վախից»:

Վերջին անգամ Ներկայացուցիչների տունը նման փաստաթուղթ ընդունել էր ավելի քան երեք տասնամյակ առաջ` 1984-ին, նախաձեռնությունը, սակայն, օրենքի ուժ չէր ստացել, քանի որ չէր արժանացել Սենատի հավանությանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից համապատասխան բանաձևի ընդունումը։

«Ողջունում եմ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատմական քվեարկությունը։ Բանաձևը հզոր քայլ է պատմական արդարության ու ճշմարտության ուղղությամբ, որը նաև մխիթարանք է հաղորդում Հայոց ցեղասպանությունից փրկվածների ժառանգներին։ Ընդունեք իմ սրտանց շնորհավորանքներն ու հիացմունքն ուղղված ամերիկահայերի սերունդներին, ում անձնազոհ քաղաքական և հասարակական գործունեությունն ու հաստատակամությունն էին այս պատմական քվեարկության շարժիչ ուժը և ոգևորությունը։ Այլևս երբեք»- նշել է վարչապետ Փաշինյանը։

Նշենք, որ Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո Թուրքիայում ԱՄՆ դեսպան Դևիդ Սեթրֆիլդը կանչվել է արտգործնախարարություն, հայտնում է թուրքական HaberTurk-ը:

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում ամերիկացի դիվանագետին հայտնել են, որ Ներկայացուցիչների պալատի որոշումը որևէ վավերականություն չունի և հակասում է «երկու երկրի միջև ռազմավարական գործընկերությանը»: