Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձնման մասին օրենքի նախագիծը ուղարկվել է միջազգային փորձաքննության
ՀՀ կառավարությունը վարչապետի որոշմամբ ձևավորված աշխատանքային խմբի կողմից մշակված՝ ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձնման մասին օրենքի նախագիծն ուղարկել է միջազգային փորձաքննության, «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումների ընթացքում ասաց Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը:
«Այս պահին նախագիծն ուղարկվել է փորձաքննության միջազգային կազմակերպություններին՝ միջազգային չափանիշներին դրանց համապատասխանությունը ստուգելու նպատակով: Նախագիծը վերադարձվելուց հետո աշխատանքային խմբում քննարկումներ կլինեն և վերջնականացվելուց հետո այն կդրվի լայն հանրային քննարկման»,- ասել է Վարդապետյանը:
Փոխնախարարը նշեց, որ այս օրենքի նախագիծը պետք չէ դիտարկել որպես անցումային արդարադատության գործիք:
«Այս օրենքն ընդունելու պարտականություն Հայաստանն ուներ շատ ավելի վաղ: Հայաստանն ուներ պարտավորություն ունենալ նման օրենսդրություն և պայքարելու ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի նկատմամբ հայց հարուցելու միջոցով: Սա մեր պարտավորություններից բխող գործընթաց է, որը ժամանակավոր չէ»,- նշել է Արդարադատության փոխնախարարը: