Արա Թադևոսյան. «Կարճ նամակ ֆեյքին՝ մարդ ձևացող ոչնչությանը». Մեդիամաքս

Քաղաքական 16.01.2020   11:00   284

Նախքան նամակս սկսելը ուզում եմ հույս հայտնել, որ բացի բուն հասցեատերերից, այն կկարդան նաեւ նորմալ մարդիկ, որոնցից ոմանք կարող է չհասկանան, թե ում եւ ինչու եմ դիմում: Ուստի նրանց համար մի փոքր բացատրություն տամ: Fake (ֆեյք) անգլերեն նշանակում է «կեղծ», իսկ հայաստանյան իրականության մեջ «ֆեյք» են անվանում այն մարդկանց, որոնք կեղծ անվան տակ թաքնվելով, մեկնաբանություններ են անում սոցիալական ցանցերում: Կան անհատ ֆեյքեր, ֆեյքերի խմբեր, անգամ՝ բանակներ:

Բարեւ, ֆեյք:

Քեզ դիմում եմ որպես հավաքական կերպար: Չնայած, քեզանից ինչ կերպար, դու ոչնչություն ես: Այս նամակը գրելու մասին մտածեցի, երբ հունվարի 9-ին ձեզանից մեկը Արմեն Սարգսյանը շնորհավորել է Լեւոն Տեր-Պետրոսյանին լուրի տակ գրեց «Պիտի մեռնելը շնորհավորեր», իսկ Կառավարության անդամների օնլայն մեդիա վարկանիշը 2019 թվականին հրապարակմանն իր վերաբերմունքն այսպես արտահայտեց. «Սրանք նախարար չեն, սրանք թուրքի շներ են»:

Ուրիշի անվան տակ թաքնված՝ գրեցիր այս երկու բանը ու գնացիր քո գործերով: Հնարավոր է՝ գնացիր տղայիդ կամ աղջկադ դասերը ստուգելու, որոնք չեն էլ կասկածում, որ պապան կամ մաման ոչնչություն են:

Այնքան ճղճիմ արարած ես, որ այս նամակը գրելով՝ ֆիզիոլոգիական զզվանք եմ զգում: Բայց հույս ունեմ, որ մի քանիսդ կարող է կարդաք եւ փորձեք հիշել, թե ինչ բան է մարդկային արժանապատվությունը:

Միգուցե մտածես այն մասին, որ ֆեյք լինելով՝ դավաճանում ես ծնողներիդ: Կապը չե՞ս հասկանում: Բացատրեմ: Հայրդ ու մայրդ քեզ անուն եւ ազգանուն են տվել, իսկ դու ամեն օր թաքնվում ես ուրիշի անվան տակ: Ու էական չէ, դա անում ես փոքր կամ մեծ փողի դիմաց, թե բարդույթներդ եւ սեռական խնդիրներդ ես այդպես փորձում բավարարել:

Դու ես մեր բոլոր խնդիրների մեղավորը: Սերժը չէ, Նիկոլը չէ, վաղվա իշխանավորը չէ: Դու ես: Դու ես, որ դավաճանում ես ոչ միայն ծնողներիդ, այլեւ ինքդ քեզ՝ հրաժարվելով քո իրական էությունից: Ինքն իրեն դավաճանող մարդը կդավաճանի նաեւ սիրած մարդուն, երեխային ու հայրենիքը: Անհայրենիք, անբարոյական ոչնչություն ես: Այլապես մտքերդ կհայտնեիր քո իրական անունով: Չնայած, ի՞նչ միտք, ի՞նչ բան: Այն, ինչ դու գրում ես քո լատինատառ կամ ռուսատառ «հայերենով», մտքեր չեն, լուտանքի եւ անհոդաբաշխ բառերի տարափ է:

Թքած ունեմ, թե որ ճամբարի ֆեյք ես՝ ներկա, թե նախորդ իշխանությունների․ բոլորդ էլ նույն ոչնչություններն եք: Էլ չասեմ, որ ինքն իրեն ու իր ծնողներին դավաճանածը չի կարող իրական քաղաքական կողմնորոշում ունենալ:

Երկար կարող եմ գրել, բայց եթե մինչեւ այստեղ կարդացիր ու փորձեցիր քեզ նայել իմ աչքերով, կարծում եմ, հերիք է: Մի բան էլ ասեմ. գիշերը կնոջդ/ամուսնուդ հետ անկողին մտնելուց մի պահ մտածիր, որ կարող է նա էլ հակադիր ճամբարի ֆեյք է:

Մեդիամաքսի տնօրեն Արա Թադևոսյան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արա Թադևոսյան, Մեդիամաքս

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon