Արամ Մանուկյան. Այս վճռով քանդվեց Սարգսյան-Քոչարյան իշխանական վարկածը (տեսանյութ)

Մարտի 1 27.04.2019   13:30   547

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը:

Պարոն Մանուկյան, ինչպես գիտեք՝ ՄԻԵԴ-ը կայացրել է «Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը: Ի՞նչ ազդակ կարող է այն հաղորդել Մարտի 1-ի քննվող գործին, և առհասարակ, ՄԻԵԴ-ի վճիռները կարո՞ղ են օգտակար լինել դատավարական պրոցեսում:

-Մարտի 1-ի գործը մեզ համար իրավական խնդիր չէ, այդ գործի բացահայտումը պատմական արժեք է և մեր երկրի հետագա զարգացման համար խստագույն կարևորություն ունեցող հարց է: Անշուշտ, սա ուղիղ գծվող փոխկապակցված է Ռ. Քոչարյանի սպասվելիք դատավարության հետ և ազդեցություն կունենա: Այս վճռով քանդվեց Սարգսյան-Քոչարյան իշխանական այն վարկածը, որ Ազատության հրապարակում մենք եղել ենք զինված և զենքի ուժով ուզեցել ենք իշխանություն վերցնել: Քոչարյանի և Սարգսյանի իշխանության բոլոր զեկույցներում ներկայացվել է, որ հավաքները խաղաղ չեն եղել, և ըստ այդմ՝ արդարացվել են բոլոր հետագա գործողությունները՝ մարդկանց ձերբակալությունները, ծեծելը, աշխատանքից ազատելը, հետապնդումները: եվ հիմա բացահայտվում է պատմական այն իրականությունը, որը տեղի է ունեցել Մարտի 1-ին. չմոռանանք, որ դա ուղղակի բողոքի ցույց չէր, այլ նախագահական ընտրություններին հաջորդող գործընթաց էր: Միայն մեկ օրինակ բերեմ՝ ընտրություններից հետո 20 հոգի դատապարտվել է միայն ոստիկանների ցուցմունքով ընտրական գործընթացների համար, հիմա այդ 20 գործը փչվելու է: Բոլոր այն գործերը, որոնց հիմքում եղել է ոստիկաններին դիմադրելը, նրանց օրինական պահանջը չկատարելը,  քանդվելու են: Սա միայն վճիռ չէ այն մասին, որ ցույցերը եղել են խաղաղ, այլ ածանցյալ բոլոր գործերը քամի են դառնում:

-Ռ. Քոչարյանի փաստաբանը նկատառում է արել. «ՄԻԵԴ վճիռը դատավարական որևէ դիվիդենտ, որևէ նոր փաստարկ, նոր հիմնավորում չի ներկայացնում Ռ. Քոչարյանի գործում»: Փաստաբանը նաև ասել է, որ եթե իրենց ձեռքի տակ եղած նյութերն ունենար ՄԻԵԴ-ը, այսպիսի վճիռ չէր կայացնի:

-Դա մոլորություն է կամ ուրիշին մոլորեցնելու համար է արվում, իրավաբանները, կներեք, նման հիմարություն չպետք է ասեն: Տասը տարվա ընթացքում իշխանությունները հենց դրանով են զբաղված եղել, այնպիսի նյութեր են ներկայացրել, որ իբրև թե մենք՝ բոլորս, զինված ենք եղել, ահաբեկիչ ենք եղել: Նրանք ներկայացրել են ավելին, քան ունեցել են՝ բազմաթիվ ստեր, կեղծիքի հսկայական ծավալ են ներկայացրել… Բայց բարձր միջազգային ատյանը կայացրեց վճիռ, որ մենք խաղաղ ցուցարարներ ենք եղել: 71 կետից կազմված վճռում մանրամասն ներկայացված է իրականությունը… Երկրորդ կետով արդարացվում են մեր բոլոր գործողությունները: Հիմնավորել են, որ մենք չենք ունեցել դատական համակարգ, որ արդարադատություն իրականացնելու հնարավորությունները խախտվել են:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Մարտի 1-ի գործ, Արամ Մանուկյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon