Արցախի սահմանը կթույլատրվի հատել միայն Covid-19-ի բացասական թեստի առկայության դեպքում

Արցախ 08.06.2020   12:23   820

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ուղիղ եթերի ընթացքում անդրադարձել է նոր կորոնավիրուսի դեմ պայքարի կանոնների խստացման հետ կապված առաջիկա անելիքներին:

Վերջին շրջանում Հայաստանում վարակակիրների դինամիկայի աճ է գրանցվում: ԱՀ Նախագահը հույս է հայտնել, որ հենց սա է գագաթնակետը, և այդ առումով պետք է անկում լինի: Սակայն, անկախ ամեն ինչից, Ա. Հարությունյանը նշել է, որ պետք է պահպանել բոլոր անհրաժեշտ խստացված կանոնները, որոնք թույլ կտան զերծ մնալ վարակման ավելի արագ տեմպերից:

Հանրապետության նախագահը տեղեկացրել է, որ այսօր հանդիպելու է պարետատան անդամների հետ. այդ ընթացքում էլ կխստացվեն պայքարի դեմ կանոնները:

Մասնավորապես՝ հայաստանյան փորձը ցույց է տալիս, որ վարակի ամենամեծ տարածման աղբյուրները հուղարկավորության արարողություններն են, և հուղարկավորության արարողությունների ու մարդաշատ այլ միջոցառումների դեպքում պետք է սահմանվեն հստակ կանոններ, իսկ բոլոր այն անձինք, ովքեր կխախտեն կանոնները, կենթարկվեն պատասխանատվության:

Արցախից Հայաստան գրեթե ամեն օր ելումուտ ունի 500-600 մարդ, և, հաշվի առնելով ՀՀ վիճակագրական տվյալները, կարելի է արձանագրել, որ ամեն օր Արցախ թույլատրում են մուտք գործել այնպիսի քաղաքացիների, որոնք հավանական աղբյուր կարող են հանդիսանալ վարակի տարածման, իսկ այդ ամենը շատ դժվար է վերահսկել:

Նախագահը կարծում է, որ մարդկանց մուտքը պետք է նվազեցնել հանրապետության տարածք: Իսկ մինչ այդ այսօր պարետատանը կտրվի հանձնարարական, համաձայն որի, յուրաքանչյուր քաղաքացի, ով կհատի սահմանը, պետք է ձեռքին ունենա COVID-19-ի բացասական արդյունքով թեստ:

ԱՀ Պաշտպանության բանակն այդ պրակտիկային անցել է վաղուց: Ա. Հարությունյանը նշել է, որ այսօր առավոտյան Պաշտպանության նախարար-Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի հետ հանդիպմանը վերջինս հայտնել է, որ Արցախի Զինված Ուժերում վարակի տարածումից հաջողվել է զերծ մնալ դրա արդյունքում: Այն զինվորականները, ովքեր այցելում էին ՀՀ, այնտեղ առկա շարժական և մարզերում գործող լաբորատորիաներում պարտադիր հանձնում էին կորոնավիրուսի թեստ:

«Առողջապահության նախարարությանն էլ կտրվի հանձնարարական, որպեսզի սահմանային անցակետերում ստեղծվի արագ թեստեր հանձնելու հնարավորություն: Բոլոր Արցախ մուտք գործող անձինք պետք է ծանոթանան պարետի կողմից սահմանված կանոններին և պահպանեն այդ կանոնները հետագայում: Ըստ այդմ էլ սահմանային անցակետերում մարդկանց կտրամադրվեն տեղեկատվական թերթիկներ, որտեղ ներկայացված կլինեն պարետի ցուցումները»,- մասնավորապես նշել է ԱՀ նախագահը:

Ա. Հարությունյանն անդրադարձել է նաև հանրապետությունում դիմակ կրելը պարտադիր դարձնելու հարցին: Նա նշել է, որ փուլ առ փուլ պետք է դիմակ կրելը դարձնել պարտադիր՝ սկզբից կամովի, իսկ, ըստ անհրաժեշտության, համընդհանուր ու պարտադիր սկզբունքով:

«Հանրային գիտակցության աստիճանը ամենակարևորն է, և այն շեշտադրումները, որոնք հնչեցվում են, պետք է բոլորիս համար լինեն ուղեցույց: Մենք պետք է կարողանանք համավարակի ազդեցությունից զերծ մնալ ոչ միայն տնտեսապես, այլև առողջապահական համակարգում»,- ավելացրել է Ա. Հարությունյանը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԱՀ, Արայիկ Հարություն­յան, կորոնավիրուս, ԼՂ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon