«  Հոկտեմբեր 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Արցախը դիմում է Ռուսաստանին

Արցախը դիմում է Ռուսաստանին

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, Սոչիում նախ տեղի կունենա Փաշինյանի հանդիպումը  Պուտինի հետ, այնուհետև նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումը, հաղորդում են ՀՀ կառավարությունից:

Ռուսաստանի նախագահի մամլո ծառայությունն ավելի վաղ փոխանցել էր՝ եռակողմ հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը և Հարավային Կովկասում անվտանգության ու կայունության ապահովման ուղղությամբ հետագա քայլերը։ Կքննարկվեն նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման և զարգացման հարցեր։

Ռուսաստանն ակնկալում է, որ Սոչիում Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներն առաջիկա եռակողմ հանդիպումը հնարավորություն կտա շարժվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհով։ Այս մասին ասել է ՌԴ արտգործնախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն

«Դեռ շատ խնդիրներ կան: Կարծում եմ՝ դրանք բոլորը կքննարկվեն, այդ թվում՝ վաղը Սոչիում կայանալիք հանդիպմանը: Հուսով ենք, որ այն ինչ-որ կերպ առաջընթաց կգրանցի մի շարք հարցերի, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին»,- ասել է նա:

Նշենք, որ երեկ՝ հոկտեմբերի 30-ին, Արցախի խորհրդարանը դիմեց Ռուսաստանին` Արցախի ժողովրդի անվտանգությունն «ապահովելու հանձնառությունը շարունակելու խնդրանքով»: Արտահերթ նիստում միաձայն ընդունված հայտարարությամբ խորհրդարանը նաև առաջարկում է Մոսկվային այդ նպատակով ներդնել «քաղաքական և ռազմական լրացուցիչ մեխանիզմներ»։

Հայտարարելով, որ Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում, Արցախի խորհրդարանականները նաև շեշտում են, որ Հայաստանի ոչ մի իշխանություն իրավունք չունի հրաժարվել Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու առաքելությունից կամ ընդունելի համարել որևէ փաստաթուղթ, որտեղ ինքնիշխան Արցախի գոյությունը կասկածի տակ կդրվի։

«Արցախի Հանրապետությունը կողմնակից է կայուն խաղաղությանը և, հետևաբար, նաև խաղաղության պայմանագրի ստորագրմանը միտված քայլերին, սակայն Հայաստանի Հանրապետության իշխանությունները պետք է վերապահումով մոտենան Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության ճանաչմանը՝ հաշվի առնելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելու հանգամանքը», - ասված է հայտարարության տեքստում։

Արցախի ինքնիշխանությունը, ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստը կասկածի տակ դնող ցանկացած փաստաթուղթ և առաջարկ անընդունելի է, քանի որ այն չի արտացոլում պատմաիրավական իրողությունները, նշում են օրենսդիր մարմնի անդամները:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ամբողջական հայտարարությունը՝ ԱՅՍՏԵՂ:

Արտահերթ նիստին զուգահեռ Վերածննդի հրապարակում մարդաշատ հանրահավաք էր՝ Արցախի ներկա և նախկին նախագահների մասնակցությամբ: