Արսեն Թորոսյան. ՀՀ դատական համակարգը չի վայելում ժողովրդի վստահությունը (տեսանյութ)

Քաղաքական 17.03.2020   15:08   804

«ՀՀ դատական համակարգը չի վայելում ժողովրդի վստահությունը»,- ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Սա էլ վճիռը ու մի փոքր նկատառում. լիահույս եմ, որ մեր դատական համակարգում վերջապես կսկսեն կիրառել հայկական չակերտները «»-, գրել է Արսեն Թորոսյանը, ներկայացնելով դատավոր Ս. Երիցյանի վճիռը:

Արա Մինասյան vs. Արսեն Թորոսյան դատական գործի մասին...

․․․ ՎՃՌԵՑ

1. Արա Միքայելի Մինասյանի հայցն ընդդեմ Արսեն Գևորգի Թորոսյանի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, պատասխանող կողմում ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ` <<Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն>> ՓԲ ընկերության` հրապարակայնորեն ներողություն խնդրելու և զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու պահանջների մասին, բավարարել.
պարտավորեցնել պատասխանողներ Արսեն Գևորգի Թորոսյանին և ՀՀ առողջապահության նախարարությանը <<Ֆեյսբուք>> սոցիալական կայքի՝ Արսեն Թորոսյանին պատկանող պաշտոնական էջում 27.07.2018 թվականին <<ուղիղ եթերի>> ընթացքում <<Տուշոնկեքի>> մասին վերնագրված հրապարակային խոսքում արված արտահայտությունները հերքել հետևյալ կերպ.
վճռի օրինական ուժ ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում <<Ֆեյսբուք>> սոցիալական ցանցի պաշտոնական էջի (https://www.facebook.com/ATorosyanOfficial/) <<ուղիղ եթերի>> միջոցով, (տեսանյութը վերնագրել <<Հերքում՝ Արա Մինասյանի վերաբերյալ>>) բանավոր խոսքի միջոցով հանդես գալ հետևյալ բովանդակությամբ. <<27.07.2018 թվականին <<ուղիղ եթերի>> ընթացքում <<Սուրբ Գրիգոր Լուսավորիչ>> բժշկական կենտրոնի տնօրեն Արա Միքայելի Մինասյանի վերաբերյալ հրապարակային խոսքերը. <<<<… մեր ստուգումները ցույց տվեցին, որ այդ չարաշահումներն այնքան սիստեմատիկ են, որ նույնիսկ ստուգումների ընթացքում չեն դադարում: Այսինքն՝ մենք մինչև հիմա ստանում ենք հաշվետվություններ նույն մարդու համար մի քանի անգամ պետական գումար գանձելու>>, <<… չի դադարում էդ թալանը և այսպես ասած՝ վատնումը: Իսկ ի՞նչ է տեղի ունեցել, հիմնական բաժինը՝ 400 մլն-ից ավելը, հիմա ասեմ կոնկրետ թիվը 400 քանի միլիոն: Մարդիկ եկել են, հանձնել են արյան անալիզ և մի քանի այլ փոքր հետազոտություններ են արել, վերջում պարզվել է, որ այդ մարդիկ պառկել են հիվանդանոցում ու 200 հազար դրամի բուժում են ստացել>>, <<8000 դրամի փոխարեն բուժհիմնարկը գանձում է 200 հազար դրամ պետական բյուջեից և տարիներ շարունա՞կ>>, <<Ավելին ասեմ՝ հետո էդ գումարներով կատարվել են շատ հետաքրքիր գնումներ, միշտ նույն մարդկանցից: Տարատեսակ պատճառներով իսկական հաղթողները մերժումներ են ստացել՝ ինչ-որ թղթերի հիման վրա, որ որակին չի համապատասխանում, ու էդ գումարները տրվել են կոնկրետ մարդկանց՝ հիմնականում միշտ նույն մարդկանց>>, <<Տարիներ շարունակ բժիշկներն աշխատավարձ չեն ստացել նորմալ>>: <<Եթե մարդիկ տեսարանների են սպասում, որպեսզի որոշումները հիմնավորված լինեն, խնդրեմ՝ տեսարան, նորից կրկնում եմ՝ 8000 դրամ հետազոտության փոխարեն պետությունից 400 մլն-ից ավել գանձվել է՝ ամեն մեկի համար 150, 200 հազար դրամ, ձևակերպվել են հիվանդության պատմություններ>>, <<Ինչ վերաբերում է քրեական գործին և իրավական հետևանքներին. 99 տոկոսով վստահ եմ՝ այստեղ կան քրեական տարրեր, որովհետև էդ գումարները փաստացի շորթվել են պետությունից>> չեն համապատասխանում իրականությանը, որը հերքում եմ>>:

Պարտավորեցնել պատասխանողներ Արսեն Գևորգի Թորոսյանին և ՀՀ առողջապահության նախարարությանը <<Ֆեյսբուք>> սոցիալական կայքի՝ Արսեն Թորոսյանին պատկանող պաշտոնական էջում 27.07.2018 թվականին <<ուղիղ եթերի>> ընթացքում <<Տուշոնկեքի>> մասին վերնագրված հրապարակային խոսքում արված վիրավորական արտահայտությունների համար ներողություն խնդրել հետևյալ կերպ.
վճիռը օրինական ուժի ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում <<Ֆեյսբուք>> սոցիալական ցանցի պաշտոնական էջի (https://www.facebook.com/ATorosyanOfficial/) <<ուղիղ եթերի>> միջոցով, (տեսանյութը վերնագրել <<Ներողություն եմ խնդրում Արա Միքայելի Մինասյանից>>) բանավոր խոսքի միջոցով հանդես գալ հետևյալ բովանդակությամբ. <27.07.2018 թվականին <<ուղիղ եթերի>> ընթացքում <<Սուրբ Գրիգոր Լուսավորիչ>> բժշկական կենտրոնի տնօրեն Արա Միքայելի Մինասյանի վերաբերյալ. <<մենք ստուգում ենք 2016, 2017 թվականները և 2018 թվականի մի մասը, պատկերացրեք՝ մենք ավելի հետ գնանք, էդ գումարները հարյուրավոր միլիոններով արդեն չեն հաշվարկվի>>, <<կազմակերպված, խմբակային հանցավորություն է, ոչ թե սովորական>>, <<Ու էդ կազմակերպված հանցավորության բանդայի մի մասը հիմա ցույց է անում, որ բանդայի պարագլուխը հանկարծ չզրկվի իր աթոռից>>, <<Էս հիվանդանոցի հարցը Հայաստանի առողջապահական համակարգի հարցն է, քանի որ այն միշտ վիշապի նման նստած է եղել Հայաստանի առողջապահության աղբյուրի վրա: Վիշապը պետք է գլխատվի>>, <<Օրինական ատկատ>>>> խոսքերի համար ներողություն եմ խնդրում Արա Միքայելի Մինասյանից>>:

Պատասխանողներ Արսեն Թորոսյանին և ՀՀ առողջապահության նախարարությանը պարտավորեցնել պահպանել տեսանյութերը www.facebook.com (<<Ֆեյսբուք>>) սոցիալական կայքի՝ պատասխանող Արսեն Թորոսյանին պատկանող պաշտոնական էջում (https://www.facebook.com/ATorosyanOfficial/):

Անհնարինության դեպքում՝ պարտավորեցնել պատասխանողներ Արսեն Գևորգի Թորոսյանին և ՀՀ առողջապահության նախարարությանը, վճիռը օրինական ուժի ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում հանդես գալ հերքմամբ և ներողություն խնդրել առնվազն 1000 տպաքանակ և ՀՀ-ի ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով՝ հրապարակելով նույն բովանդակությամբ տեքստը, ինչ նախատեսված է <<Ֆեյսբուք>> սոցիալական ցանցի պաշտոնական էջի (https://www.facebook.com/ATorosyanOfficial/) <<ուղիղ եթերի>> համար:

3. Արսեն Գևորգի Թորոսյանից և ՀՀ առողջապահության նախարարությունից հօգուտ Արա Միքայելի Մինասյանի բռնագանձել 12.000 (տասներկու հազար) ՀՀ դրամ, որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: Ավել վճարված պետական տուրքի 40.000 (քառասուն հազար) ՀՀ դրամը վերադարձնել Արա Միքայելի Մինասյանին:
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` վճռի հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:

ԴԱՏԱՎՈՐ Ս. ԵՐԻՑՅԱՆ»

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         դատական համակարգ, Արսեն Թորոսյան, Արա Մինասյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon