Աճեմօղլու. Համընդհանուր սահմանափակումը պետք է փոխարինել թիրախայինով

Աշխարհ 09.05.2020   20:00   949

Այս ակնարկը պատրաստվել եւ Banks.am –ին է տրամադրվել  ACSES վերլուծական կենտրոնի կողմից Դարոն Աճեմօղլույի, Վիկտոր Չերնոժուկովի, Իվան Վերնինգի եւ Մայքլ Ուինսթոնի մի քանի օր առաջ հրապարակած «A Multi-Risk SIR Model with Optimally Targeted Lockdown» գիտական հոդվածի հիման վրա։

Վերջին ամիսներին Covid-19-ի դեմ արդյունավետ պայքարելու նպատակով աշխարհի շատ երկրներում կիրառվում է տեղաշարժի համընդհանուր սահմանափակումների (lockdowns) քաղաքականություն, որի հիմնական նպատակն է առողջապահական համակարգի բեռնվածությունը կառավարելի դարձնել եւ մահացության մակարդակի մինիմալացնել։ Մինչդեռ, այդպիսի մոտեցումը հանգեցնում է ծանր տնտեսական հետեւանքների, մասնավորապես, տարբեր վերլուծություններ ցույց են տալիս, որ լայն տարածում գտած համընդհանուր սահմանափակումների քաղաքականությունը վերջին 90 տարիներին համաշխարհային տնտեսության ամենամեծ անկման պատճառ կարող է դառնալ: Թվում է, թե կշեռքի մի նժարին դրված են մարդկանց կյանքերը, մյուսին՝ տնտեսությունը (հասարակության բարեկեցությունը), սակայն ամեն ինչ այդքան պարզ չէ. իրականում մահերի պատճառով հասարակությունը կորցնում է որոշակի տնտեսական արդյունք, որ մահացածները կարող էին ձեւավորել իրենց կյանքի հետագա տարիների ընթացքում։

Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի չորս տնտեսագետներ` Դարոն Աճեմօղլուն, Վիկտոր Չերնոժուկովը, Իվան Վերնինգը եւ Մայքլ Ուինսթոնը փորձ են արել գտնել այն օպտիմալ «կետը» (քաղաքականությունը), որը թույլ կտա միաժամանակ նվազեցնել եւ՛ մահացության մակադրակը, եւ՛ տնտեսական կորուստները: Նրանց վերջին հետազոտությունը (A Multi-Risk SIR Model with Optimally Targeted Lockdown) ցույց է տալիս, որ թիրախային սահմանափակումների քաղաքականությունը՝ ուղղված միայն  Covid-19-ի ամենախոցելի խմբերի պաշտպանությանը, հանրային առողջապահության եւ տնտեսության համար ավելի շահավետ կլիներ, քան լայն տարածում գտած համընդհանուր սահմանափակումների քաղաքականությունը:

Հեղինակներն, իրենց հետազոտության հիմքում դնելով համաճարակաբանության մեջ քաջ հայտնի SIR (Susceptible-Infectious-Recovered) մոդելը, դիտարկել են դրա բազմառիսկային տարբերակը (MR-SIR), իսկ որպես բազային պարամետրներ ընդունել են, որ ոչ բոլոր վարակակիրներին են անմիջապես հայտնաբերում եւ մեկուսացնում, պատվաստանյութը կհայտնաբերվի 1.5 տարի հետո, անհատները ինքնամեկուսացման ռեժիմը կպահպանեն իրենց համար սահմանված ժամանակահատվածի միայն 75%-ում (այսինքն ժամանակ առ ժամանակ կխախտեն), մարդու կյանքի արժեքը հավասար է անհատի ստեղծած միջին տարեկան տնտեսական արդյունքի 20-ապատիկին եւ այլն։ Հիմնվելով մինչ այս իրականացված հետազոտությունների վրա՝ նրանք ընդունել են նաեւ, որ վարակման, հոսպիտալացման եւ մահացության մակարդակները տարբերվում են ըստ տարիքային խմբերի եւ առանձնացրել են երեք տարիքային խումբ՝ «երիտասարդներ» (20-44 տարեկան), «միջին տարիքի բնակչություն» (45-65) եւ «տարեցներ» (65-ից բարձր): Աճեմօղլուն եւ մյուսները իրենց հետազոտության հիմքում դրել են չորս սցենար-քաղաքականություն եւ ԱՄՆ օրինակով հաշվարկել տնտեսական կորուստների եւ մահացության մակարդակները։

Հետազոտության հիմնական արդյունքն այն է, որ թիրախային մոտեցումը եւ՛ կյանքերի փրկման, եւ՛ տնտեսական վնասի մինիմալացման տեսանկյունից մեծ առավելություն ունի  համեմատած համընդհանուր (չտարբերակված) մոտեցման հետ։ Այլ կերպ ասած, համընդհանուր (չտարբերակված) սահմանափակման քաղաքականության պարագայում 1 մարդու կյանքը փրկելը հասարակության վրա շատ ավելի թանկ է նստում, քան թիրախային քաղաքականության պարագայում։

Ինչպես շեշտում են հեղինակները՝ հետաքրքիր է այն, որ այս օգուտների մեծ մասը կարելի է ձեռք բերել կիսաթիրախային քաղաքականության միջոցով՝ այսինքն պարզապես մեկուսացնելով տարեցներին: Մասնավորապես, ենթադրվում է, որ կիսաթիրախային սահմանափակումների քաղաքականության պարագայում պետք է մեկուսացվի ողջ տարեց բնակչությունը (65+), իսկ մնացած տարիքային խմբերում բնակչության մոտ 10%-ը։ Արդյունքում երկարաժամկետ տնտեսական կորուստները վերջին տարվա ՀՆԱ-ի 24.3%-ից կկրճատվեն մինչեւ 12.8%, իսկ մահացության մակարդակը՝ 1.83%-ից 1.02%:

Այդքանից զատ, փոխելով պարամետրերը՝ հեղինակները այլ ուշագրավ արդյունքներ էլ են ստացել, որը մեծ օժանդակություն կարող է լինել քաղաքականություն մշակողներին, սակայն չեն անդրադարձել կիսաթիրախային սահմանափակումների իրականացման մեխանիզմներին՝ այս թեման թողնելով հետագա հետազոտությունների համար:

Աճեմօղլուի եւ մյուսների հետազոտությունը միակը չէ, որ սատարում է թիրախային սահմանափակումները: Օրինակ՝ Ֆրանսիայի Թուլուզի համալսարանի պրոֆեսոր Քրիստիան Գոլլիեյի  հետազոտությունը նմանատիպ արդյունքներ է ցույց տալիս նաեւ Ֆրանսիայի համար: ԱՄՆ-ի Դյուք համալսարանի պրոֆեսոր Ադրիանո Ռամփինիի հետազոտությունը եւս ցույց է տալիս, որ երիտասարդների համար սահմանափակումների վերացումը եւ դրանց պահպանումը տարեցների համար՝ կարող է էապես կրճատել մահացությունը, առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը եւ սահմանափակումներով պայմանավորված տնտեսական հետեւանքները:

Չնայած շատ երկրներ արդեն սկսել են մեղմացնել բնակչության նկատմամբ կիրառվող համընդհանուր սահմանափակումները, այս հետազոտությունների արդյունքները քաղաքականություն մշակողների համար կարող են օգտակար լինել, քանի որ դեռեւս պարզ չէ արդյոք համավարակը մոտենում է իր ավարտին, թե հետագայում կարող է դիտվել երկրորդ ալիք: Մյուս կողմից սա կարեւոր բացահայտում է նաեւ հետագայում նման իրավիճակների ի հայտ գալու հետ կապված գործողություններ մշակելու համար:

Ինչքանո՞վ կարող է այս մոտեցումը կիրառելի լինել Հայաստանում։ Պետք է նշել, որ տարիքային գործոնի վրա հիմնված կիսաթիրախային քաղաքականության արդյունավետությունը Հայաստանում այդքան բարձր չի կարող լինել, ինչպես ԱՄՆ-ում, քանի որ մեզ մոտ ընտանիքի կառուցվածքն այլ տեսք ունի՝ միեւնույն հարկի տակ բնակվում են տարբեր սերունդների ներկայացուցիչներ, սակայն ճիշտ մեխանիզմով կիրառելու դեպքում այն Հայաստանի համար եւս արդիական է։

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Տնտեսություն, COVID-19, Դարոն Աճեմօղլու, կորոնավիրուս

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon