ԲԴԽ-ն Քոչարյանի պաշտպանների վարքագծի առիթով դիմել է Փաստաբանների պալատ (լուսանկարներ)

Մարտի 1 20.03.2020   18:00   767

Բարձրագույն դատական խորհրդի նախագահը դիմել է Փաստաբանների պալատի նախագահին 2020 թվականի մարտի 17-ին, ժամը 13:00-ին նշանակված և դատավորի վատառողջ լինելու պատճառով չկայացած Ռոբերտ Քոչարյանի և մյուսների  գործով դատական նիստի օրը դատարանի դահլիճում փաստաբանների կողմից դրսևորած վարքագծի առնչությամբ:

 Կից՝ դիմումի բովանդակությունը.

«Հարգելի պարոն Զոհրաբյան,

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով 2020 թվականի մարտի 17-ին, ժամը 13:00-ին հրավիրվել է դատական նիստ: Դատական նիստը դատավոր Աննա Դանիբեկյանի վատառողջ լինելու պատճառով չի կայացել, որի մասին դատարանի աշխատակազմը նախապես դատավարության մասնակիցներին, այդ թվում` ամբաստանյալների պաշտպաններին տեղեկացրել է հեռախոսազանգի միջոցով:

Այդուհանդերձ, թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով ամբաստանյալների պաշտպաններ Հայկ Ալումյանը, Արամ Վարդևանյանը, Միհրան Պողոսյանը և Հովհաննես Խուդոյանը 2020 թվականի մարտի 17-ին, ժամը 13:00-ի սահմաններում ներկայացել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր և մուտք են գործել թիվ 1 դատական նիստերի դահլիճ:

Դատական նիստերի դահլիճում գտնվելու ընթացքում ամբաստանյալների պաշտպանների կողմից դրսևորվել է անհարգալից վերաբերմունք դատարանի և դատավարության մյուս մասնակիցների հանդեպ: Մասնավորապես` պաշտպան Միհրան Պողոսյանը նստել է նախագահող դատավորի համար նախատեսված սեղանի դիմաց և դատական կարգադրիչների պահանջներից հետո միայն դադարեցրել իր գործողությունները, պաշտպան Հովհաննես Խուդոյանը նստել է մեղադրանքի կողմի համար նախատեսված հատվածում (այն սեղանի շուրջ, որտեղ տվյալ գործով դատական նիստերին մասնակցում են մեղադրողները), Հայկ Ալումյանը, սեղանին հարվածելով, աղմուկ է բարձրացրել: Գտնվելով դատական նիստերի դահլիճում՝ վերջիններս ծաղրական վերաբերմունք են դրսևորել դատական իշխանության նկատմամբ, կազմակերպել «դատավարություն» և կատարել նմանաբնույթ անհարգալից գործողություններ:

Պաշտպանների վերոնշյալ վարքագիծը տեսաձայնագրվել է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների կողմից:

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` արդարադատություն և որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ, ինչպես նաև դատավորի կարգավիճակից բխող իրավունքներ իրականացնելու կապակցությամբ դատարանի կամ դատավորի գործունեությանը որևէ միջամտությունը կամ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

«Փաստաբանության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` փաստաբանը պարտավոր է պահպանել սույն օրենքի, փաստաբանի վարքագծի կանոնագրքի և փաստաբանների պալատի կանոնադրության պահանջները:

«Փաստաբանի վարքագծի կանոնագրքի» 1.1 կետի համաձայն` փաստաբանի գործունեությունը փաստաբանի վրա դնում է բազմազան իրավական և բարոյական պարտականություններ՝ դատարանների և այլ մարմինների առջև, որտեղ փաստաբանը ներկայացնում է վստահորդի շահերը: Այս հարաբերություններում փաստաբանը պետք է հարգանքով վերաբերվի այն մարմիններին, որոնց հետ նա առնչվում է, պետք է ձգտի նպաստել իրավունքի զարգացմանը, իրավակիրառ պրակտիկայի բարելավմանը, ինչպես նաև արդարադատության պատշաճ և իրավաչափ իրականացմանը:

Կանոնագրքի 2.2.2 կետի համաձայն` մասնագիտական, հասարակական, հրապարակախոսական կամ այլ բնագավառում (ոլորտում) փաստաբանը պետք է խուսափի այնպիսի վարքագծից (գործողությունից կամ անգործությունից), որը կարող է կասկածի տակ դնել կամ խաթարել փաստաբանի կամ փաստաբանության նկատմամբ վստահությունը կամ հարգանքը:

Կանոնագրքի 4.1 կետի համաձայն` փաստաբանը, ով ներկայանում է կամ մասնակցում է գործին դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի առջև, պետք է ենթարկվի այդ դատարանի կամ տրիբունալի գործունեությունը կարգավորող կանոններին, այդ թվում՝ պետք է հարգանքով վերաբերվի դատավորին և/կամ դատավարության մյուս մասնակիցներին: Այդ կանոններին ենթարկվելու պարտականությունը չի սահմանափակում փաստաբանի՝ դատավորի, արբիտրի, կամ վարույթի այլ մասնակիցների գործողությունների դեմ առարկելու կամ այլ դատավարական իրավունքներից օգտվելու հնարավորությունը: Փաստաբանը դատարանի հանդեպ հարգանք դրսևորելու հետ միաժամանակ պետք է իր վստահորդի շահերը պաշտպանի անկաշկանդ և անվախ՝ հաշվի չառնելով իր անձնական շահերը:

Այսպիսով, գտնում ենք, որ 2020 թվականի մարտի 17-ին թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով պաշտպանների վերը նկարագրված վարքագծով անհարգալից վերաբերմունք է դրսևորվել դատարանի և դատավարության մյուս մասնակիցների նկատմամբ, որը կարող է հասարակության առջև նվազեցնել դատական իշխանության և արդարադատության նկատմամբ հեղինակությունը:

Ղեկավարվելով «Փաստաբանության մասին» օրենքի 39-րդ և 39.1-րդ հոդվածներով` խնդրում ենք միջոցներ ձեռնարկել թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով ամբաստանյալների պաշտպաններ Հայկ Ալումյանի, Միհրան Պողոսյանի և Հովհաննես Խուդոյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու ուղղությամբ:

Կից ներկայացվում է տեսաձայնագրությունը լազերային կրիչով:

Հարգանքով՝ Ռուբեն Վարդազարյան»:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ռոբերտ Քոչարյան, ԲԴԽ, փաստաբաններ, Մարտի 1-ի գործ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon