Բուհ ընդունվողների համար «Հայոց լեզու» առարկայի միասնական քննությունը կդառնա պարտադիր

Պաշտոնական 24.02.2020   19:03   373

Պետությունը բարձրագույն կրթության ոլորտում նախաձեռնել է օրենսդրական բարեփոխումներ, որոնցով, ի թիվս այլ փոփոխությունների, նախատեսվում է, որ դիմորդը բուհ ընդունվելու համար պարտադիր պետք է հանձնի միասնական քննություն «Հայոց լեզու» առարկայից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներում այս մասին հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Նախարարը նախ մատնանշեց այն խնդիրները, որոնց լուծմանն է ուղղված օրենսդրական նախաձեռնությունը: Նա նշեց՝ օրենքի հիմնական նպատակը բուհի, գիտության և հետազոտության ինտեգրումն է: Նախարարը նախագիծը որակեց հեղափոխական և ներկայացրեց մի քանի կարևոր դրույթներ:

«Նախագծով պետական բյուջեից ֆինանսավորվող կրթաթոշակային տեղերը բաշխվում են ոչ թե ըստ բուհերի, այլ ըստ ակադեմիական ոլորտների: Պետական բյուջեի ֆինանսավորմամբ մի քանի կրթական ծրագրերի կամ տարբեր բուհերի նույն ակադեմիական ոլորտի կրթական  ծրագրում սովորելու իրավունք ստացած դիմորդները կարող են ընտրել մեկ բուհ, կրթական ծրագիր, որում ցանկանում են ստանալ բարձրագույն կրթություն: Կրթության որակը հավաստող մուտքային շեմն ապահովելու նպատակով անկախ բուհերի կազմակերպաիրավական ձևից և կարգավիճակից բակալավրի որակավորման աստիճանի ցանկացած կրթական ծրագրով ՀՀ քաղաքացիների բուհ ընդունվելու համար սահմանվում է «Հայոց լեզու» առարկայի պարտադիր քննությունը»,-ասաց Հարությունյանը:

Նախատեսվում է բուհերի կառավարման խորհրդի կազմը սահմանափակել 12 անդամով, որոնցի 6-ը կլինեն բուհի ներկայացուցիչներ, այդ թվում՝ մեկը ուսանող, իսկ 6-ը՝ գործարար շրջանակներից, հասարակական հատվածից, կրթության, գիտության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներից: Պետական կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց անդամությունն արգելվում է: Սահմանվում են բուհի և գիտական կազմակերպության գործունեության թափանցիկության և հրապարակայնության համար անհրաժեշտ մեխանիզմները և պահանջները՝ ապահովելու հաստատության պատասխանատվությունը և հաշվետվողականությունը պետության և հասարակության առաջ:

Նախարարն անդրադարձավ նաև նախագծի շուրջ տարբեր քննարկումներին, հնչեցված մտահոգություններին:

«Երբեմն դրանք հասնում են քննարկման համար անթույլատրելի մակարդակի։ Եվ դա այն պատճառով է, որ մենք տասնամյակներով ունեցել ենք կարծրացած և կարծրացող համակարգ: Եվ այս օրենքը, ըստ էության, դիպչում է յուրաքանչյուր խմբի շահերի»,- ասաց նա ու հավելեց՝ իշխանությունը և նախարարությունն ունեն բավարար կամք փոփոխություններ անելու օրենքում և իներցիոն համակարգում:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԲՈՒՀ, Արայիկ Հարությունյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon