«Դաշնակցության «ոչմիթիզականության» քաղաքականության պատճառով կորցրինք հայրենիքի կեսից ավելին»

Խոսք 09.03.2019   11:55   3105

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Երկրում 20 տարի կողոպուտ կատարած եւ թալանչիական «կորուսյալ դրախտի» վերադարձը երազող Ռոբա-Սերժական կլանը եւ այդ գործում նրան մշտապես սատարած Դաշնակցությունը որոշել են իրենց իշխանության վերադարձի համար կռվի իրական նպատակները շղարշել իբր Արցախի «հանձնման» դեմ պայքարով /տե՛ս Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույց «168 ժամ»-ին/։

Դրանք այն ուժերն են, որոնք կամ պատմական անցյալում իրենց անհեռատեսության եւ արկածախնդրության պատճառով կորցրել են Կարսը, Արդահանը, Նախիջեւանն ու Լեռնային Ղարաբաղը, կամ էլ մեր օրերում, անհեռատեսությանն ու արկածախնդրությանը գումարելով երկրի անխնա թալանը, մսխել են Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ Ղարաբաղյան պատերազմում հայ ժողովրդի ձեռք բերած պատմական նվաճումների մի մասը։

Այդ ուժերի խղճի վրա է Արցախը Ադրբեջանի հետ մեկ ընդհանուր պետության մեջ լինելու առաջարկին պաշտոնական համաձայնությունը, Լեռնային Ղարաբաղին բանակցային գործընթացի միջազգայնորեն ճանաչված կողմ լինելու կարգավիճակից զրկելը, ռազմական բալանսի հոգուտ Ադրբեջանի փոխվելը եւ 2016-ի ապրիլյան պատերազմում կարեւոր տարածքներ հանձնելը։

Այս արհեստավարժ եւ ապացուցված հող հանձնողներին պետք է զրկել կեղծ-ազգայնական կարգախոսներով հանդես գալու որեւէ բարոյական իրավունքից, հատկապես եթե նրանք փորձում են դասեր տալ վերջին հազարամյակում հայ ժողովրդին ռազմական հաղթանակներ բերած եւ Հայոց Աշխարհը ընդարձակած միակ քաղաքական ուժին։

Այս համատեքստում էլ խնդրում եմ, որպես գործընթացի առաջին մաս, ընթերցել Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու անգնահատելի մտքերը եւ պազաբանումները, որոնք քաղված են Հովհաննես Քաջազնունու «Հ․ Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս» գրքից /Երևան - <<Շաղիկ>> 1994, 87 էջ/ եւ ցույց են տալիս, թե ինչպես Դաշնակցության անհեռատես եւ ինքնահավան «ոչմիթիզականության» քաղաքականության պատճառով կորցրինք հայրենիքի կեսից ավելին։ Կարծում եմ որ նույն համատեքստում հետաքրքիր կլինի նայել «Ազատություն» լրատվամիջոցում ՀՅԴ ներկայացուցիչ Կիրո Մանոյանի հետ ունեցած իմ բանավեճը։

Հովհաննես Քաջազնունի.

««Եթե կամավորական խմբեր կազմելը սխալ քայլ էր, այդ սխալը անխուսափելի հետևանք էր ու բնական շարունակություն մի քաղաքական ուղղության, որի արմատները պետք է որոնել շատ ավելի հեռուն ու շատ ավելի խորը։ Առայժմս կարևոր է արձանագրել այն սոսկ փաստը միայն, որ մենք ամենամեծ չափերով մասնակից ենք եղել կամավորական շարժման և որ այդ արել ենք հակառակ կուսակցական կամքը արտահայտող ընդհանուր ժողովի որոշման…
…Փաստը այն է սակայն ու սա է էականը, որ թրքական տիրապետության դեմ տասնյակ տարիներ առաջ սկսված պայքարը հանգեց թուրքահայ ժողովրդի տարագրության կամ բնաջնջման և Թուրքահայաստանի ամայացմանը։ Այս էր ահռելի իրականությունը»։ (էջեր 6-8)

«Աշնան սկզբին ծագեց հայ-թուրքական պատերազմը, որ վերջնականապես կոտրեց մեր մեջքը։ Կարո՞ղ էինք արդյոք խուսափել այդ պատերազմից։ Հավանականորեն՝ ոչ։ Այս ենթադրություններով հանդերձ մի փաստ մնում է անհերքելի, աղաղակող․ մենք չենք արել այն ամենն, ինչ-որ պետք է անեինք, պարտական էինք անելու՝ պատերազմից խույս տալու համար։ Անկախ նրանից, թե որքան կհաջողեինք՝ մենք պետք է փորձեինք հաշտության լեզու գտնելու թուրքերի հետ։ Սա է, որ չենք արել։ 
Ու չենք արել շատ պարզ, բայց նույնչափ աններելի պատճառով․ մենք անտեղյակ ենք եղել թուրքերի իսկական ուժի մասին ու շատ վստահ ենք եղել մեր սեփական ուժերի վրա։ Այստեղ էր հիմնական սխալը։ Չէինք վախենում պատերազմից, որովհետև վստահ էինք թե կհաղթենք։ Անփորձ ու տգետ մարդկանց հատուկ անփութությունով, մենք տեղեկություն չունեինք թե ինչ ուժեր են կազմակերպել թուրքերը մեր սահմանագլխին և չէինք զգուշանում։ Ընդհակառակը, Օլթիի հապճեպ գրավումը՝ ձեռնոց էր, որ կարծես դիտմամբ նետում էինք թուրքերի երեսին, կարծես ինքներս որոնում էինք ու ցանկանում էինք պատերազմ։ 
Երբ սահմանի վրա զինված ընդհարումները սկսված էին արդեն, թուրքերը առաջարկեցին մեզ տեսնել ու բանակցել։ Մենք մի արհամարհական ժեստով մերժեցինք առաջարկը։ Եվ դա մեծ հանցանք էր։ Ոչ այն մտքով, որ վստահություն կար թե բանակցությունները հաջողելու էին անպատճառ, այլ այն մտքով, որ մի խաղաղ ելք գտնելը անկարելի չէր (անհավանական, բայց ոչ անկարելի)։ Համենայն դեպս, մենք որոշ շանսեր ունեինք՝ թուրքերին խոսք հասկացնելու»։ (էջեր 31-32)

«Ի՞նչ պիտի առաջարկեին մեզ թուրքերը, եթե ընդունեինք բանակցելու հրավերը։ Հավանականորեն պիտի սկսեին Բաթումից և Բրեստ Լիտովսկից և ապա՝ աստիճանաբար զիջելով՝ հասնեին մինչև 1914 թվականի սահմանները․ գուցե մի քայլ ետ գնային, հրաժարվեին նաև Բայազիդից ու Ալաշկերտից։ Անհավանական է, որ սրանից ավելի զիջող լինեին նույնիսկ 1920 թ․ Սեպտեմբերին։ Փոխարենը կպահանջեին, իհարկե, որ Հայաստանի կառավարությունը հրաժարվեր Սևրի դաշնագրով նախատեսված իրավունքներից»։ (էջ 33)

«Այսօր մենք հասկանում ենք, որքան շահած կլինեինք, եթե 1920 թ․ աշնանը՝ Սևրի դաշնագրի գնով՝ անմիջական համաձայնության եկած լինեինք թուրքերի հետ։ Բայց այն ժամանակ չէինք հասկանում։ … Փաստը այն էր, աններիելի փաստ, որ ոչինչ չարեցինք պատերազմից խուսափելու համար, հակառակը՝ ինքներս անմիջական առիթ տվինք պատերազմի։ Աններելին այն էր, որ տեղյակ չէինք թուրքերի ռազմական կարողության մասին ու չէինք ճանաչում մեր սեփական բանակը»։ (էջ 33-34)

«Բանակը բարոյալքված էր ներքին կռիվների շրջանում, անմիտ ավերումների ու անպատիժ թալանների շնորհիվ։ Բարոյալքված էր ու հոգնած։ Խմբային ու խմբապետական սիստեմը, որ մասնավորապես խրախուսվել էր Բյուրո-Կառավարության կողմից, քանդել էր զինվորական կազմի ամբողջությունը, միությունը։ Բանակի դաստիարակությունը, ռազմական ոգին, կուռ կազմակերպությունն ու կարգապահությունը, ուրեմն և ընդդիմադրական ուժը թուլացած էին ծայր աստիճանի ու դա անակնկալ էր կառավարության համար․ կառավարությունը և ինքը զինվորական մինիստրը՝ չէին ճանաչում բանակը»։ (էջ 34)

«Նախագահ Ուիլսոնի ծրագրած Հայաստանի սահմանները նույնպես չբավարարեցին մեզ, նոր գանգանտների տեղ տվին։ Ասում էինք․ նախագահ Ուիլսոնը կարող էր ավելի լրիվ օգտագործել Սևրի դաշնագիրը ու ավելի մեծ հողեր հատկացնել մեզ։
Բայց և այդ նեղ համարված սահմանները մի տեսակ կապույտ թռչուն եղան մեզ համար, աշոշափելի ու անհասանելի»: (էջ 41)

«Այս էր անցյալը։ Եթե ուզենանք մի ընդհանուր գնահատում անել մեր կատարած շատ ծանր աշխատանքի ու ձեռք բերած արդյունքների՝ Հանրապետության անկախությունը հռչակելուց հետո, պետք է ասենք, որ պարծենալու շատ բան չունենք․ պետք է ասենք, որ մեզ վիճակված բեռը՝ պետություն կազմելու և պետական կյանքը ղեկավարելու գործը մեր ուժերից շատ վեր է եղել
…Եթե ճիշտ է, որ կառավարել՝ ասել է նախատեսել, ապա ուրեմն մենք միանգամայն անպետք կառավարիչներ ենք եղել, որովհետև հենց այդ նախատեսելու ունակությունն է, որ չենք ունեցել բնավ։ 
Մենք շարունակ սխալված ենք եղել մեր հաշվումների մեջ ու շարունակ անակնկալների հանդիպած, անակնկալների միայն մեզ համար, որովհետև չենք գիտեցել նախատեսել։
Մեր ամենամեծ թուլությունը այդ է եղել։
Ապա չենք ունեցել որոշ ու հստակ գիտակցություն մեր անելիքի մասին, չենք ունեցել մի ղեկավարող սկզբունք ու տևողական, հետևողական սիստեմ, գործել ենք կարծես հանկարծակի ու պատահական ներշնչումների տակ, տատանվել ենք, պատից-պատ ընկել, կեսկուրորեն շոշափելով ոտներիս տակի հողը։
Չենք ճանաչել ու հաճախ գերագնահատել ենք մեր կարողության չափը, չենք հասկացել դժվարությունների մեծությունը, արհամարհել ենք հակառակ ուժերը և թեթևամտության աստիճանի անփույթ ենք եղել մեզ շրջապատող վտանգների հանդեպ»։ (էջ 42)

«Չենք կարողացել տարբերել կուսակցությունը պետությունից ու պետական մտայնությունն ենք մտցրել պետական կյանքի մեջ։ 
Պետական մարդիկ չէինք մենք»։ (Էջ 43)

«Ի՞նչ անել ուրեմն։ Ահա այստեղ է, որ պիտի ասեմ այն շատ ծանր խոսքը, որ գիտեմ վրդովվեցնելու է Ձեզ, բայց որը պետք է ասվի վերջապես և ասվի պարզորեն, առանց քողարկումների ու մեղմացումների. Հ․ Յ․ Դաշնակցությունն անելիք չունի այլևս»։ (էջ 55)

«Ասի, որ Դաշնակցությունն անելիք չունի այլևս։ Սխալ արտահայտվեցի, ունի մի վերջին անելիք, մի գերագույն պարտականություն՝ հանդեպ հայ քաղաքական դատի ու հանդեպ իր սեփական անցյալի․ պետք է իր իսկ որոշումով՝ գիտակցորեն ու վճռականորեն՝ վերջ դնի իր գոյությանը։ Ինքնասպանություն է առաջարկածս, այո։ (էջ 56)
«Կուսակցությունն ինքնանպատակ չէ ու այլասերված է հիմնովին, վտանգավոր է ու վնասակար, եթե մոռացության է տվել այս հիմնական ճշմարտությունը։ Հայաստանն ու հայ ժողովուրդը՝ հում նյութ չեն Հ․ Յ․ Դաշնակցությունն ապրեցնելու համար։ Անորակելի ոճիր կլիներ, եթե մենք մի վայրկյան անգամ թույլ տայինք մեզ վարվել այնպես, ինչպես կվարվեր գիտակցորեն և անգիտակցորեն կուսակցական ֆանատիզմով բռնկված հիվանդը»։ (էջ 57)»

Լևոն Զուրաբյան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ռոբերտ Քոչարյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Լևոն Զուրաբյան, Սերժ Սարգսյան, ՀԱԿ, ԼՂ, ՀՅԴ, Հովհաննես Քաջազնունի

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon