Դատարանը որոշում կհրապարակի Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու միջնորդության վերաբերյալ

Հայաստան 15.01.2020   20:01   151

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել.

«Մարդու իրավունքների պաշտպանը մշտական կապի մեջ է Մանվել Գրիգորյանի բժիշկների, նրա փաստաբանների հետ: Իրականացվել են պարբերական այցեր, ուսումնասիրվել են անհրաժեշտ բժշկական փաստաթղթերը: Այս մասին Պաշտպանը տեղեկություն է հրապարակել երեկ, և այդ աշխատանքները շարունակվել են այսօր վաղ առավոտից:

Մանվել Գրիգորյանին բուժող բժշկի գնահատմամբ՝ նրա առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Բժիշկները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին այսօր տեղեկացրել են, որ Մանվել Գրիգորյանին այցելել է նաև ՀՀ առողջապահության նախարարության սրտաբանության գծով խորհրդատուն և տվել բժշկական ցուցումներ՝ կապված սրտի խնդիրների հետ:

Մանվել Գրիգորյանը ներկայում գտնվում է բժշկական հսկողության ներքո և ստանում դեղորայքային բուժում:

Մանվել Գրիգորյանը «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Մարդու իրավունքների պաշտպանի հունիսի 7-ի հայտարարությունից հետո, երբ հաղորդագրությամբ նշվել էր, որ ՔԿՀ-ում պայմանները չեն բավարարում Մ. Գրիգորյանին անհրաժեշտ բժշկական հետազոտոթյան ենթարկելու և բուժօգնություն ցուցաբերելու համար: 

Մանվել Գրիգորյանի՝ ազատությունից զրկման վայրում ու քաղաքացիական բժշկական հաստատությունում գտնվելու ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատկազմը կատարել է բոլոր անհրաժեշտ գործողությունները ողջ ծավալով:

Մարդու իրավունքների պաշտպանն ընգծում է, որ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ գործի նախաքննության ընթացքում մի քանի անգամ գրավոր բարձրացրել է նրա նկատմամբ կալանքի՝ որպես խափանման միջոցի փոփոխության հարց՝ կապված առողջական վիճակի հետ: Մանվել Գրիգորյանի վերաբերյալ գործը ներկայում գտնվում է դատարանի վարույթում. օրենքն արգելում է Պաշտպանի կողմից դատական վարույթին միջամտություն, իսկ Մ. Գրիգորյանի նկատմամբ կալանքի վերացման իրավասությունը գործի քննության այս փուլում վերապահված է միայն դատարանին: 

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի և իրավունքների հետ կապված հարցերը շարունակում է գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում», ասված է հայտարարությունում:

Նշենք, որ  դատախազության նախաձեռնությամբ այսօր՝ հունվարի 15-ին ժամը 18:00-ին, հրավիրվել է արտահերթ դատական նիստ՝ քննարկելու Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով նրա խափանման միջոցը փոխելու նպատակահարմարության հարցը: Այս մասին  հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Մեղադրող դատախազը հայտնեց, որ Մանվել Գրիգորյանի վիճակի վատթարացման մասին դատախազությունը «Նաիրի» ԲԿ–ից այսօր գրություն է ստացել ու հանդես եկել արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Որոշումը կհրապարակվի այսօր:

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՄԻՊ, Մանվել Գրիգորյան, դատախազություն

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon