Դատավոր Դանիբեկյան. Քոչարյանի պաշտպանների վարքագիծը միտված էր դատական նիստը խոչընդոտելուն

Կարևոր 04.02.2020   14:15   226

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում է Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով դատական նիստը:

Դատարանն անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանների վարքագծին, ովքեր չէին ներկայացել նախորդ դատական նիստին, քանի որ հունվարի 9-ին տուժողի իրավահաջորդի կողմից պաշտպանների հասցեին իբր «հնչեցվել են սպառնալիքներ, իսկ դատարանը պատշաճ չի արձագանքել նման միջադեպին»:

Նշենք, որ դատարանն ավելի վաղ  ուսումնասիրել է ձայնագրությունը և որևէ վիրավորանք և սպառնալիք չի արձանագրվել:

Դանիբեկյանը լսեց պաշտպանների պատճառաբանությունը, ինչից հետո որոշում կայացրեց Քոչարյանի և Գևորգյանի պաշտպանների նկատմամբ կիրառել դատական սանկցիա:

«Պաշտպանի դատավարական պարտականությունն է ներկայանալ դատական նիստերին և իրականացնել պաշտպանյալների շահերի պաշտպանությունը: Պաշտպանի դժգոհությունը դատարանի կամ դատավարության մասնակիցների գործողություններից չի կարող արդարացնել վերջինիս կողմից այդ պարտականությունը չկատարելը:

Դատարանն արձանագրում է, որ պաշտպանների վարքագիծը միտված էր դատական նիստը խոչընդոտելուն, քանի որ պաշտպանների դիրքորոշումներից ակնհայտ է, որ առկա չէր դատարան չներկայանալու պատճառ:

Դատարանն արձանագրում է, որ պաշտպաններ Հովհաննես Խուդոյանի, Արամ Օրբելյանի, Հայկ Ալումյանի, Ռոբերտ Սահակյանի, Արամ Վարդեվանյանի, Էրիկ Ալեքսանյանի և Վարդգես Գևորգյանի կողմից չարամտորեն չեն իրականացվել իրենց դատավարական պարտականությունները, ինչն արտահայտվել է սույն թվականի հունվարի 21-ին դատական նիստին առանց հարգելի պատճառի չներկայանալով, ինչի հետևանքով խոչընդոտվել է գործի քննության բնականոն ընթացքը:

Այդ պատճառաբանությամբ դատարանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, որոշեց կիրառել դատական սանկցիա` նկատողության տեսքով»,- ասաց Դանիբեկյանը:

Նախորդ դատական նիստը հետաձգվել էր Ռոբերտ Քոչարյանի և  Արմեն Գևորգյանի պաշտպանների բացակայության պատճառով:

Քոչարյանի փաստաբանական թիմը պատրաստվում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավոր Աննա Դանիբեկյանին:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Քոչարյանի պաշտպաններ, Մարտի 1-ի գործ, Ռոբերտ  Քոչարյան, Աննա Դանիբեկյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon