Երևանում փակվում են խոշոր առևտրի կենտրոնները, մարզասրահներն ու սրճարաններ

Պաշտոնական 15.03.2020   17:00   368

Ժամանակավորապես աշխատանքները դադարեցնելու մասին արդեն հայտարարություն են տարածել մի քանի սպորտային ակումբներ, նաև Երևանի կենտրոնում գործող սրճարաններից մեկը։

Վաղվանից ժամանակավորապես չի գործի «Երևան Մոլ» առևտրի կենտրոնը։ Ֆեյսբուքի պաշտոնական էջում տարածված հաղորդագրության համաձայն՝ կենտրոնը նման որոշում է կայացրել՝ կարևորելով հանրության և իր աշխատակիցների առողջությունն ու ապահովությունը։

«Չեն գործելու նաև Երևան Մոլի կազմում գտնվող «Կինոպարկ» կինոթատրոնը և «Նավապետ Քիդ» զվարճանքի կենտրոնը։

Գործելու է միայն «Քարֆուր» սուպերմարկետը՝ սննդամթերքի և այլ անհրաժեշտ ապրանքների ձեռքբերումը չսահամանափակելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Առևտրի կենտրոնը նշում է, որ վերաբացման կամ անհրաժեշտության դեպքում փակ լինելու ժամկետի երկարաձգման մասին կտեղեկացվի ավելի ուշ։

Մարտի 16-23-ը ժամանակավորապես գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարեց նաև «Դալմա Գարդեն մոլը»։ 

«Այսօր մարդկության առջև ծառացած մեծ խնդիրը համընդհանուր է ու յուրաքանչյուրիս է վերաբերում: Մի շարք երկրներ՝ տնտեսական, իսկ բիզնեսներ ֆինանսական ճգնաժամի շեմին են։ Որպես շահույթ հետապնդող կազմակերպություն՝ Դալմա Գարդեն մոլը ևս մտահոգված է այս խնդրով։ Գնալով այս քայլին՝ մենք գիտակցում ենք, որ կունենանք ֆինանսական կորուստներ, սակայն առաջին հերթին արժևորվում ենք մարդու առողջությունը, մեր հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների բարօրությունը»,- նշված է կենտրոնի ֆեյսբուքի իր էջում տարածած հաղորդագրության մեջ։

Առևտրի կենտրոնը նաև կոչ է արել մյուս գործընկերներին, ընկերություններին ու կազմակերպություններին նույնպես միանալ նախաձեռնությանն ու նպաստել երկրի բնականոն կյանքի շուտափույթ վերականգնմանը։

«Արտ Լանչ» սննդի ցանցը ևս կրճատում է աշխատանքները, վաղվանից չեն գործի սննդի 20 կետերը։

«Չնայած մաքրությանը ուղղված մեր աննախադեպ քայլերին, «Արտ Լանչը» վաղվանից կկրճատի իր աշխատանքները՝ չեն գործի «Արտ Լանչի» 20 սննդի կետեր: Իսկ այն կետերը, որտեղ կշարունակվեն աշխատանքները, կիրականացվի խստացված ռեժիմ»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ցանցի հիմնադիր Բակուր Մելքոնյանը:

Ժամանակավորապես աշխատանքները դադարեցնելու մասին հայտարարել են նաև հայաստանյան մի քանի խոշոր սպորտային ակումբներ, մասնավորապես «Ռիբոկը», «Գոլդ ժիմը» և «Օրանժ ֆիթնեսը»։

Ժամանակավորապես աշխատանքները դադարեցնելու մասին հայտարարել են նաև «Ռոսիա մոլը», «Երևան տոնավաճառն» ու «Ռոսիա» առևտրի կենտրոնը:

«Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումները, մարդկանց կուտակումներից և շփումներից խուսափելու համար հայտարարում ենք, որ սույն թվականի մարտի 16-ից մինչև մարտի 23-ը չեն գործի «Ռոսիա մոլը», «Երևան տոնավաճառը» և «Ռոսիա» առևտրի կենտրոնըԱյս կերպ աջակցում ենք նաև ՀՀ կառավարության կանխարգելիչ ծրագրին: Հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին այս օրերին լինել ավելի հավասարակշիռ և մարդկային շփումները հասցնել մինիմալի: Սիլ գրուպ»:

Հիշեցնենք, որ առնվազն մինչև մարտի 23-ը փակ կլինեն նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող թատրոնները, թանգարանները, գրադարանները, մանկապատանեկան ստեծագործության կենտրոնները, մարզադպրոցները, արվեստի և երաժշտական դպրոցները։ Ավելի վաղ որոշում էր կայացվել կրթական հաստատությունները ժամանակավորապես փակելու մասին։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Երևան, կորոնավիրուս, Հայաստան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon