Գագիկ Խաչատրյանի որդին կալանավորվեց

Պաշտոնական 03.05.2020   16:02   515

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԱԱԾ միջնորդությունը` կալանավորել Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդուն՝ Գուրգեն Խաչատրյանին: Այս մասին քիչ հայտնեց նրա պաշտպան Երեմ Սարգսյանը:

«Հունվարի 14-ից Գուրգեն Խաչատրյանը գտնվում է ստորագրության տակ, մինչև վերջերս դա բավարար էին համարում, որպեսզի նրա պատշաճ վարքագիծն ապահովեին և գտել էին, որ ստորագրության պայմաններում չի խոչընդոտի, բայց հանկարծ հայտարարությունից հետո որոշվեց, որ չէ, այլևս նա կխոչընդոտի գործի քննությանը, և նրան պետք է կալանավորել: Ինձ համար այս փաստը խիստ զարմանալի է»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին Խաչատրյանների փաստաբանական խումբը հայտարարություն էր տարածել, ըստ որի` «Յուքոմի» հիմնական սեփականատերերից մեկը հանդիսացող՝ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու՝ Գուրգեն Խաչատրյանի մեղադրանքը փոփոխվել է, և ավելացվել է նորը, փաստաբանների բնութագրմամբ, որևէ քննադատության չդիմացող դրվագով: Ըստ նոր մեղադրանքի՝ Գուրգեն Խաչատրյանը աջակցել է կաշառք ստանալուն։ Նրան կալանավորման միջնորդություն էր ներկայացվել:

Երեմ Սարգսյանը «Ազատության» հարցին ի պատասխան ասել էր, որ քրեական գործն առնչվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանին։ Վերջինս ապրիլի 25-ին 2 ամսով կալանավորվել էր՝ կաշառք տալու և փողերի լվացման մեղադրանքով, նրա գործը ևս քննում է ԱԱԾ-ն։ Սեդրակ Առուստամյանի մեղադրանքը 2011 թվականին կատարված գործողությունների մասին է։

Օրերս ԱԱԾ-ն առանց անուններ նշելու հայտարարել էր, որ մի շարք տնտեսվարող սուբյեկտներ, այդ թվում՝ Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված կոնցեռնի գլխավոր տնօրենը ՊԵԿ նախագահին, այնուհետև ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած անձին՝ վերջինիս որդիների միջոցով, տվել է առանձնապես խոշոր չափերով` 22 միլիոն 401 հազար դոլարի կաշառք:

Նշենք , որ երեկ ԱԱԾ-ն խուզարկություններ է իրականացրել «Յուքոմ» ընկերության նոր տնօրեն Արա Խաչատրյանի բնակարանում, հետո էլ «Յուքոմ» ընկերությունում։ Խաչատրյանի փաստաբաններից Արթուր Պիվազյանի պնդմամբ՝ ԱԱԾ-ն ապօրինի է խուզարկել Խաչատրյանի մեքենան, բացի այդ, առանց դատարանի թույլտվության առգրավվել է նրա համակարգիչը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         «Յուքոմ», Գուրգեն Խաչատրյան, Գագիկ Խաչատրյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon