Գազի գնի հարցով ՀՀ կառավարությունը դիմել է ռուսական կողմին

Պաշտոնական 31.03.2020   18:04   498

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին, հայտնում են կառավարության աշխատակազմից:

Նամակում մասնավորապես ասվում է.

«Արդեն ակնհայտ է, որ կորոնավիրուսի հետևանքները բացասական ազդեցություն կունենան մեր երկրների սոցիալ-տնտեսական զարգացման վրա, և դա կհանգեցնի էներգոռեսուրսների սպառման ծավալի անկմանը: Մենք, իհարկե, ամեն կերպ կխթանենք արտադրության և սպառման աճը, բայց նշված միջոցառումների արդյունավետության համար անհրաժեշտ է ապահովել մրցակցային միջավայր:

Մենք բոլորս հասկանում ենք, որ Հայաստանում գազի գինը այս իմաստով ունի մեծ նշանակություն: Մենք նաև հասկանում ենք, որ մեր երկրների բարեկամական հարաբերությունների մասշտաբներն ու մակարդակը թույլ են տալիս մեզ և պահանջում են մեզնից ժամանակին բարձրացնել և քննարկել մեր երկրների, այդ թվում` առևտրատնտեսական համագործակցության կայուն զարգացման համար համակարգային նշանակություն ունեցող հարցեր»:

Փոխվարչապետը նամակում ընդգծել է, որ հաշվի առնելով կանխատեսումներն ու համաշխարհային շուկաներում էներգոռեսուրսների, այդ թվում՝ նավթի և գազի գների հետ կապված ընթացիկ իրավիճակը` ՀՀ կառավարությունը նպատակահարմար է համարում սկսել նոր բանակցություններ Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ:

«Մասնավորապես, մենք պատեհաժամ ենք համարում Հայաստանի և Վրաստանի սահմանին հազար խորանարդ մետրի համար գազի գինը նվազեցնելու, ինչպես նաև գազի համար վճարումը ազգային արժույթով կատարելու վերաբերյալ կանոն սահմանելու հարցերի քննարկումը», - նշված է նամակում:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Մհեր Գրիգորյան, «Գազպրոմ», գազի գին, Ալեքսեյ Միլլեր

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon