«  Փետրվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Яндекс.Метрика

ՀԱԿ-ը դիմել է դատարան պահանջելով արդարացնել Մարտի 1-ի գործով դատապարտված Վահագն Հայոցյանին

ՀԱԿ-ը դիմել է դատարան պահանջելով արդարացնել Մարտի 1-ի գործով դատապարտված Վահագն Հայոցյանին

Հայ ազգային կոնգրեսը դիմել է Վերաքննիչ քրեական դատարան՝ պահանջելով արդարացնել Մարտի 1-ի գործով դատապարտված Վահագն Հայոցյանին:

Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածով մեղավոր ճանաչված ընդդիմադիրը, որը նախկինում ՀՀՇ վարչության գործադիր քարտուղարն էր, դատապարտվել էր մեկ տարի վեց ամիս ազատազրկման։ Կես տարի կալանաքի տակ անցկացնելուց հետո դատարանը վճռել էր պատիժը պայմանականորեն չկիրառել։

Հայ ազգային կոնգրեսի իրավական ծառայության ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանն «Ազատությանն» ասաց, որ նման դիմում ներկայացնելու համար առիթ է հանդիսացել Եվրոպական դատարանի վճիռը «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով, ըստ որի ստրասբուրգյան դատարանը ընդգծել էր բացառապես ոստիկանական ցուցմունքներով մեղադրական դատական ակտ կայացնելու փաստը, ինչպես նաև 2008 թվականի մարտի 1-ի լուսադեմին Ազատության հրապարակում ոստիկանական գործողությունների ոչ իրավաչափության հարցը, որը, ինչպես նշված էր վճռում, կարող է անդրադառնալ այլ ընդդիմադիր գործիչների վրա։

«Թե ինչու Վերաքննիչ դատարան, որովհետև կոնկրետ Վահագն Հայոցյանի գործով առաջին ատյանով էր վճիռը օրինական ուժի մեջ մտել, և նոր հանգամանքներով բողոքը պետք է բերվեր վերադաս դատարանին, տվյալ դեպքում՝ Վերաքննիչ քրեական դատարանին: Առաջիկա օրերի ընթացքում մենք առաջին արձագանքը կստանանք դատարանից: Եթե վարույթ ընդունվեց բողոքը, ինչի ակնկալիքը ունենք, ապա դատարանում բողոքի քննարկումից նաև ակնկալում ենք արդարացման որոշում: Իսկ եթե հանկարծ դատարանը կորոշի, որ այս գործը վարույթ ընդունելու ենթակա չէ, մենք կշարունակենք, իրավական ճանապարհով այդ բողոքը բոլոր ներպետական դատական ատյաններով կտանենք»:

Խաչատրյանը պնդում է, որ Վահագն Հայոցյանի գործով ոստիկանական ցուցմունքները շատ տարօրինակ են եղել.

«Ասում էին, որ պարոն Հայոցյանը դիմադրել է իրենց օրինական պահանջը կատարելու ժամանակ, բայց նույն ոստիկաններին նույն օրը նույն ժամին նույն պահին դիմադրել էին քաղաքի տարբեր վայրերում։ Հետագայում էդ ոստիկանները պաշտոնի բարձրացում ստացան։ Մենք ունենք ամբողջական բազան սուտ ցուցմունք տված ոստիկանների և այդ տեղեկատվությունը առաջիկայում նաև կհրապարակենք»:

Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ, 73-ամյա Վահագն Հայոցյանը կարծում է, որ իշխանափոխությունից հետո Մարտի 1-ի բացահայտման գործն այլ ընթացք կունենա։

Նա ասաց, որ իր դեմ ցուցմունք տված ոստիկանները մեկը մյուսից տարբերվող ցուցմունքներ են գրի առել․

 «Նույն ժամին ութ տեղից ինձ բռնել եք, ո՞նց ա եղել․․․ Ծեծել են, ինչքան կարացել են»:

Օրեր առաջ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը կրկին պնդեց, թե 2008 թվականի մարտի 1-ի լուսադեմին Ազատության հրապարակում ոստիկանությունը ստիպված է եղել ուժ կիրառել, իսկ այս մասին նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղեկացել է միայն առավոտյան, երբ աշխատանքի է գնացել։

Ալումյանն ասաց, թե նախնական պայմանավորվածություն է եղել, որ որևէ բռնություն, կոշտ հակամարտություն չպետք է լինի Ազատության հրապարակում հավաքված ցուցարարների հետ։ Նախատեսված է եղել գործողություն, որը չէր ենթադրում ուժի կիրառում։

Ըստ փաստաբանի, պետք է կատարվեր զննություն, որի մասին զեկուցված է եղել Ռոբերտ Քոչարյանին, որովհետև օրեր շարունակ ստացվում էին օպերատիվ տեղեկություններ, որ հրապարակում հավաքված անձանցից ոմանց մոտ առկա են զենքեր, ընդհուպ մարտական ինքնաձիգեր, մարտական նռնակներ:

Մինչդեռ Վահագն Հայոցյանը պնդում է, որ պատահական ոչինչ չի եղել։ Ուժի կիրառումը նախատեսված է եղել, որի հրահանգը եղել է նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից։

Իսկ Հրապարակում քնած քաղաքացիներն էլ միայն ոստիկանների աղմուկից են արթնացել․ - «Առավոտ 8-ն անց կես ա լսել, ուրեմն ավելի վատ, մենք տենց պրեզիդենտ չենք ունեցել․․․ Այսինքն ո՞նց կարող ա չիմանար։ Առանց իրա հրամանի, ոչ մի բան չէր կարա լիներ»։

Արմեն Խաչատրյանը, արձագանքելով Մարտի 1-ի գործով մեղադրյալ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի պնդումներին, ասաց. 

«Զննման մասին խոսք չի եղել առավոտյան, կեսօրին, երեկոյան։ Հետո էդ վարկածը առաջ քաշեցին, որ գնում են զննում կատարելու։ Ինչի՞ էին ժամը վեցին զննում գնում անցկացնելու, ովքե՞ր էին գնում զննում անցկացնելու․․․ վահաններով, մահակներով զինված զննում չեն անցկացնում, երեք հազար հոգով զննում չեն անցկացնում: Զննումը դա քննչական գործողություն է հարուցված քրեական գործի շրջանակներում: Սանկցիայով, որովհետև էնտեղ դրված էին վրաններ, իսկ վրանները ժամանակավոր կացարան են համարվում: Դատարանի սանկցիայով պիտի գային, ներկայանային, պետք է տեղեկացնեին, որ կատարում են քննչական այսպիսի, այսպիսի գործողություններ, դրա համար ունեն օրենքով սահմանված բոլոր հիմքերը»:

ՀԱԿ-ը պատրաստվում է հետամուտ լինել նաև Մարտի 1-ի գործով դատապարտված մյուս ընդդիմադիրների արդարացմանը: