Հարութ Ուլոյան. Ինչպես «ոչ դոդացմանը» կարգախոսը փոխարինվեց «սեփականատեր» կարգախոսով

Քաղաքական 17.05.2020   12:00   1108

Խոսելով իր և Հայ ազգային կոնգրեսի «տարաձայնությունների» մասին, Փաշինյանը, նույնիսկ քմծիծաղով, հիշեցնում է «քառյակ-եռյակ» թեմաները:

Փաստերով հիշե՞նք դիրքորոշումները:

Լևոն Տեր-Պետրոսյանը կոնկրետ գաղափար էր շրջանառել, այն է` Սերժ Սարգսյանի բուրգը կազմաքանդելու համար հարկավոր է համագործակցել այս կամ այն չափով այդ բուրգի հետ չձուլված և իրենցից քաղաքական ուժ ներկայացնող ուժերի, այդ թվում` «օլիգարխների» հետ: Ձևավորվել էր համագործակցող ուժերի «քառյակ»` Կոնգրես, ՀՅԴ, Ժառանգություն և ԲՀԿ, ապա ՀՅԴ-ն դուրս եկավ, դարձավ «եռյակ»: Գործունեության առումով ինչ եղավ, չեղավ, բուն թեմային չի վերաբերվում:

Իսկ ի՞նչ էր ասում Փաշինյանն այդ ժամանակ: Փաշինյանը նման համագործակցության գաղափարը տեղափոխում էր բարոյական հարթություն` կտրականապես մերժելով այն, հայտարարելով հետևյալը` «Իմ քաղաքական գործունեության նպատակը ինչպես եղել, այնպես էլ մնում է «Ոչ դոդացմանը, ոչ սերժանտացմանը, ոչ ռոբոտացմանը» կարգախոսի իրագործումը: ... Այդ կարգախոսի հրատապությունն ու արդիականությունը ոչ միայն չի նվազել, այլեւ ավելացել է` դառնալով կրիտիկական: Իմ այս դիրքորոշման մասին ով չգիտեր, թող իմանա» (28.12.2011):

Իսկ ի՞նչ դիրքորոշումներով էր հանդես գալիս նույն Փաշինյանը 2018 թվականի իրադարձությունների ժամանակ: Փաշինյանը բազմաթիվ հանդիպումներ ունեցավ, արդեն, «պարոն Ծառուկյանի» հետ, վարչապետ դարձավ ԲՀԿ-ի «աջակցության» շնորհիվ, իսկ մի քանի ամիս անց իր իսկ ձեռքով ԲՀԿ-ին թագադրեց որպես «հեղափոխության աջակից ուժ»: Այսօր, արդեն, ԲՀԿ-ն, Փաշինյանի ղեկավարած Հայաստանում, համարվում է «լեգիտիմ երկրորդ» քաղաքական ուժը, իսկ «ոչ դոդացման» կարգախոսն էլ Փաշինյանի կողմից փոխարինվել է «սեփականատեր» կարգախոսով:

Ու հիմա նույն Փաշինյանը քմծիծաղով է խոսում «քառյակ-եռյակի» մասին: Ուզում եք «ռեալ պոլիտիկի» տեսանկյունից դիտարկեք «եռյակի» շրջանակներում Կոնգրես-ԲՀԿ համագործակցությունն ու 2018 թվականի Փաշինյան-ԲՀԿ համագործակցությունը, ուզում եք` «բարոյական» տեսանկյունից: Տեսանկյուններից որևիցե մեկով դիտարկելիս, կամ պիտի ի սկզբանե անընդունելի համարվեր թե Կոնգրես-ԲՀԿ, թե Փաշինյան-ԲՀԿ համագործակցությունները, կամ էլ պիտի «նորմալ» գնահատվեր:

Ու եթե ինչ-որ մեկը պիտի քմծիծաղով խոսի տվյալ թեմայի մասին, այդ մարդը, բնականաբար Տեր-Պետրոսյանն է:

Հարութ Ուլոյան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Գագիկ Ծառուկյան, Նիկոլ Փաշինյան, Լևոն Տեր-Պետրոսյան, ՀԱԿ, Հարութ Ուլոյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon