Հարութ Ուլոյան. Սեյրան Օհանյանի տեսաուղերձին ի հակառակ

Մարտի 1 15.02.2019   16:33   496

ՀՀ նախկին ՊՆախարար, 2008 թվականի մարտի 1-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը նախօրեին հրապարակված «Բանակը 2008 թ․ մարտիմեկյան իրադարձություններում հայ ժողովրդի անվտանգության երաշխավորն է եղել» վերտառությամբ տեսաուղերձում մի շարք ուշագրավ հայտարարություններ է անում: Հարկ չհամարելով անդրադառնալ Օհանյանի կողմից ինքնապաշտպանական բնույթ կրող բազմաթիվ հակասական և շատ դեպքերում (հատկապես` ամփոփիչ մասում) անհոդաբաշխ մտքերին, կանգ առնենք մի քանի կոնկրետ հայտարարությունների վրա:

1. Խոսելով հայտնի 0038 հրամանի մասին, պնդելով, թե 0038 հրամանն իրականում գաղտնի չի եղել, այլ սովորական ՊՆ հրաման է եղել, Օհանյանը հայտարարում է հետևյալը` «Եթե նպատակ լիներ 0038 հրամանը թակցնելու, այն այս 10 տարիների ընթացքում կոչնչացվեր»: Օհանյանը, փաստորեն, ցանկանում է հասկացնել, թե նա տեղյակ չի, որ 0038 գաղտնի հրամանը գաղտազերծվել է դեռևս 2009 թվականին: Ավելին, այդ ժամանակ ՊՆախարարի պաշտոնը զբաղեցնող անձը, իբր, տեղյակ չի նաև, որ 2010 թվականին տվյալ գաղտնի հրամանը գաղտնազերծելու մեղադրանքով ՊՆ երկու աշխատակիցներ են դատապարտվել*: Այսինքն` Օհանյանի կողմից արվող այն պնդումը, թե 0038 հրամանը գաղտնի չի եղել, հակառակ դեպքում այն այս 10 տարիների ընթացքում կոչնչացվեր, առնվազն քմծիծաղ է առաջացնում:

2. Օհանյանը, փորձելով արդարացնել 0038 հրամանն ու Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ Բանակի ներգրավվածությունը, ոչ ավել, ոչ պակաս հայտարարում է հետևյալը` «Որևէ մեկը իրավունք չունի զորքի զորանոցային վիճակի բերելը մեկնաբանել որպես հակասահմանադրական քայլ` ուղղված ժողովրդի դեմ, այլապես կնշանակի, որ այսօրվա զինված ուժերի հրամանատարն իրավունք չունի, եթե ՔԱՂԱՔԱԿԱՆ գործողութուններ սկսվեն, որոշում ընդունել` մարտական տագնապով զորք հանել, կամ այլ գործառույթներ իրականացնել»: Փաստորեն` նախկին ՊՆախարարը ոչ միայն ակամա խոստովանում է, որ 2008 թվականին Բանակը ՔԱՂԱՔԱԿԱՆ գործողությունների է խառնվել կամ առաջնորդվել է ՔԱՂԱՔԱԿԱՆ իրադարձություններով, այլև դա համարում է սահմանադրորեն թույլատրելի գործողություն: Ինչևէ, հատուկ նախկին ՊՆախարարի համար մեջբերենք զինված ուժերի մասին Սահմանադրության համապատասխան հոդվածի «քաղաքական» հատվածը. « Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո»: Ինչպես տեսնում եք` Սահմանադրության մեջ ոչ միայն խոսք չկա «քաղաքական գործողութուններ» սկսվելու ժամանակ զինված ուժերի օգտագործման թույլտվության մասին, այլև, ընդհակառակը, սահմանադրորեն զինված ուժերին արգելվում է խառնվել քաղաքական հարցերին:

3. Խոսելով 2008 թվականի մարտի 2-ին հեռուստաալիքներից մեկով «կարդացած» իր հայտարարության մասին, Օհանյանը հայտարարում է, թե տվյալ հայտարարությունը «սպառնալիք» չի պարունակում, քանի որ այն կազմվել է «ՊՆ համապատասխան բանասիրական կրթութուն ունեցող սպաների», «պրոֆեսիոնալ մասնագետների» կողմից, ապա այն անցել է «բանակային ցենզուրայով»: Օհանյանը, այնուհետև, կետ առ կետ վերընթերցում է իր հայտարարությունն ու դրանում տեղ գտած և հասարակությանն ուղղված ցանկացած «համարժեք և խիստ հակազդեցություն» տիպի մտքերը մեկնաբանում է ոչ թե որպես «սպառնալիք», այլ որպես «խնդրանք»:

Թողնելով «սպառնալիք, թե խնդրանք» թեման, անդրադառնանք ՊՆ «համապատասխան մասնագետների», «պրոֆեսիոնալների» կողմից կազմված, «բանակային ցենզուրայով» անցած և Օհանյանի ընթերցած տվյալ հայտարարութան նախաբանին, որտեղ ասվում է հետևյալը` «Մայրաքաղաքում երեկ (մարտի 1-ին) տեղի ունեցած ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ հետևանքով և առաջնորդվելով մեր երկրում կայունությունը վերականգնելու և մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու հրամայականով, ՀՀ նախագահը (նկատի ունի ներկայումս մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին), ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԻՐԵՆ ՎԵՐԱՊԱՀԱԾ ԼԻԱԶՈՐՈՒԹՅԱՄԲ, Մարտի 1-ից Երևան քաղաքում հայտարարել է ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ»:

Առաջին. Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ «զանգվածային անկարգություններ» բնորոշումը եղել և մնում է քոչարյանասերժական ռեժիմի մեկնաբանությունը, ըստ այդմ` զինված ուժերում կազմված որևէ «պրոֆեսիոնալ» հայտարարությունում նման բնորոշում տեղ գտնել չէր կարող: Զինված ուժերի կողմից Մարտի 1-ի իրադարձությունները որպես «զանգվածային անկարգություններ» ներկայացնելն ինքնին խոսում է այդ օրերին զինված ուժերի քաղաքականացված լինելու և իրենց լիազորություններից դուրս հայտարարություններ անելու մասին:

Երկրորդ. Մարտի 1-ին արտակարգ դրություն հաստատելու մասին օրենք Հայաստանում գոյություն չի ունեցել, այնինչ ըստ Սահմանադրության պահանջի` արտակարգ դրության իրավական ռեժիմը պետք է սահմանված լիներ օրենքով: Ըստ այդմ` Մարտի 1-ին զինված ուժերը չէին կարող իրականացնել տվյալ հայտարարությամբ սահմանված, այսպես կոչված «կայունության վերականգմանն» ու «քաղաքացիների անվտանգությունն ապահովմանն» ուղղված, գործառույթներ:

4. Ամփոփելով, Օհանյանը հայտարարում է` «2008 թվականի մարտի 1-ին սպանվել է 10 մարդ` ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ժամանակ, որտեղ մի կողմում եղել է ընդդիմությունը` հանրությունը, իսկ մյուս կողմում իշխանությունը` պետությունը»: Այսինքն, ըստ Օհանյանի, Մարտի 1-ը և դրան նախորդող օրերը եղել են քաղաքական գործընթացներ, որի մի կողմում եղել է հանրությունը, իսկ մյուս կողմում պետական համակարգը, իսկ որ զինված ուժերը, չեզոքություն ապահովելու փոխարեն, պետական համակարգի կողմից ապօրինաբար օգտագործվել են որպես գործիք` հանրությանը ճնշելու նպատակով, ինչպես պարզեցինք վերևում, Օհանյանը ոչ միայն չի մերժում այդ փաստը, այլև` սովարական է համարում այն: Ու թե ինչպես է Բանակը 2008 թվականի ՔԱՂԱՔԱԿԱՆ իրադարձությունների ժամանակ, Օհանյանի տվյալ տեսաուղերձի վերնագրին համապատասխան, «հայ ժողովրդի անվտանգության երաշխավորը» եղել, միայն Մարտի 1-ի գործով ներկայիս մեղադրյալներին է հայտնի:

*- https://www.azatutyun.am/a/2032433.html

Հարութ Ուլոյան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հարութ Ուլոյան, Մարտի 1-ի գործ, 0038, Սեյրան Օհանյան, Ռոբերտ Քոչարյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon