«  Փետրվար 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829

Яндекс.Метрика

Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունը հանրաքվեի վերաբերյալ

Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունը հանրաքվեի վերաբերյալ

Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը 2020 թվականի ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական հանրաքվեի մասին.

Ոչ օրինակարգ, հանցավոր ճանապարհով ձևավորված Սահմանադրական Դատարանը հետհեղափոխական Հայաստանում ժողովրդավարության հաստատմանը և ներքին կայունությանը սպառնացող հիմնական գործոններից է։ Սպասարկելով սահմանադրական կարգի դեմ բազմաթիվ ոտնձգություններ կատարած նախկին ռեժիմի շահերը և խոչընդոտելով արդարադատության իրականացմանը, այն վերածվել է սահմանադրական օրինականությանը խանգարող և մշտական լարվածության աղբյուրի: Ժողովրդի վստահությունը վայելող Սահմանադրական Դատարան կազմավորելու խնդիրը պետք է լուծվի: Առանց դրա անհնար է կառուցել ժողովրդավարական երկիր: 

Այդ նպատակի իրագործմանը միտված առաջիկա Հանրաքվեի օրինականության վերաբերյալ ծավալված բանավեճի առումով, այս փուլի համար մենք բավարար ենք համարում  Ազգային Ժողովի կողմից Հանրաքվե անցկացնելու մասին ընդունված որոշումը՝ հաստատված Նախագահի հրամանագրով:  Ակնհայտ է, որ 2015թ․ լայնածավալ կեղծարարությամբ ժողովրդին պարտադրված գործող Սահմանադրության բազմաթիվ դրույթներ առաջացնում և մշտապես առաջացնելու են իրավական փակուղիներ և տեղիք են տալու հակասական մեկնաբանությունների։ Իսկ խնդրո առարկա հարցում տարընթերցումներին վերջակետ կդնեն Հայաստանի քաղաքացիները` Հանրաքվեի արդյունքներով: Իշխանության խնդիրը ազատ կամարտահայտության համար լիարժեք, անառարկելի պայմանների երաշխավորումն է:

Կոնգրեսն իր ափսոսանքն է հայտնում, որ իշխանությունը չանսաց քաղաքական ուժերի և հասարակական գործիչների բազմաթիվ կոչերին և չլուծեց կարևոր այս խնդիրը ժամանակին` մեկ տարի առաջ: Ի վերջո, դանդաղկոտությունն ու այս հարցում վճռականության պակասը անհարկի բարդությունների պատճառ դարձան:  Մեր հիասթափությունն ենք հայտնում նաև այն կապակցությամբ, որ Հանրաքվեի օրակարգից դուրս մնաց ոչ պակաս կարևոր, սահմանադրական իրավունքին անմիջականորեն առնչվող մեկ այլ հարց. Սահմանադրության ցանկացած հոդվածի փոփոխություն Սահմանադրական Դատարանի կողմից արգելափակելու անսահմանափակ իրավունքի` իրավագիտության տեսանկյունից անհիմն և անհեթեթ գործառույթի առկայությունը Սահմանադրության մեջ: Պատահական չէ, որ նման դրույթ բացակայել է 1995թ․ ընդունված Սահմանադրությունից ի վեր և առկա չէ ժողովրդավարական երկրների օրենսդրություններում:

Օրինակարգ Սահմանադրական Դատարանի ձևավորումը դիտարկելով որպես ներկա քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման անհրաժեշտ հանգրվան, Հայ Ազգային Կոնգրեսը կողմ է ԱԺ-ի կողմից առաջարկված սահմանադրական փոփոխությանը և ակտիվորեն մասնակցելու է հանրաքվեին:

Ասվածով հանդերձ, համոզված լինելով, որ նշված փոփոխությամբ սոսկ լուծվում է սահմանադրական կարգին առնչվող մասնավոր խնդիր, պնդում ենք, որ գործող Սահմանադրությունն օրինակարգ չէ և, պահպանվելու պարագայում, այն դեռևս բազմաթիվ փորձանքներ է բերելու մեր երկրի գլխին։ Ուստի վերահաստատում ենք, անկախության ձեռքբերումից ի վեր հաստատված կառավարման մոդելի հիմքով, ամբողջությամբ նոր Սահմանադրություն ընդունելու մեր պահանջը և հայտարարում, որ այդ խնդրի լուծումը առաջիկա ժամանակաշրջանի համար պետք է դառնա մեր պետության օրակարգի գլխավոր հարցը:

Նյութը հասանելի է նաև ռուսերեն