Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 13-ի

Պաշտոնական 13.03.2020   23:26   518

Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք, որոնց մեծ մասը Էջմիածնում վարակված կնոջ հետ շփվածներ են, նշանդրեքի մասնակիցները։ Այս մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ընդհանուր առմամբ, այս պահին Էջմիածնից կա 100 մեկուսացված մարդ, ասել է նա։  Էջմիածինցի կինը Հայաստան է եկել փետրվարի 29-ին, դրանից հետո, ըստ Փաշինյանի, նրան պարբերաբար դիմել են առողջապահության նախարարությունից, սակայն նա թաքցրել է իր հիվանդության փաստը։ «Եթե նա թաքցրած չլիներ, ապա 13 դեպքի փոխարեն կունենայինք 6-ը»։

Փաշինյանի խոսքով՝ «Գոլդեն Փելիսում» մեկուսացված 31 անձանցից 28-ն այսօր կգնան տուն։ 2-ի մոտ հաստատվել է վարակի առկայությունը, իսկ 3-րդը, որի ընտանիքի անդամի մոտ է հաստատվել վիրուսի առկայություն եւ այս ընթացքում նա  շփվել է  վարակակրի հետ, կմնա մեկուսացման մեջ։  2 անձինք, որոնց թեստը դրական է եղել՝  կտեղափոխվեն հիվանդանոց։ Եվս 3 անձ, որոնց մոտ հաստատվել է վիրուսի առկայությունը, Էջմիածնից են։

Նիկոլ Փաշինյանն ընտանիքով մեկուսացել է Սևանի առանձնատանը։  Ֆեյսբուքի ուղիղ եթերում նա նշեց, որ կորոնավիրուսի թեստ են հանձնելու վաղը:

«Երեկվանից անհանգստացած էինք, քանի որ Բրազիլիայի նախագահի օգնականներից մեկի մոտ հաստատվել էր կորոնավիրուս, նախագահը նույնպես թեստ է հանձնել եւ սպասում է պատասխանի։ Երեկ մենք այդ մասին իմանալով, որոշեցինք ինքնամեկուսացվել։ Այսօր երեկոյան, Սեւանի ճանապարհին իմացանք, որ Բրազիլիայի նախագահի թեստը դրական է եղել։ Մարտի 7-ին Աննան հանդիպում է ունեցել Բրազիլիայի նախագահի տիկնոջ հետ, թարսի նման ողջագուրվելով է լուսանկարվել։ Առաջինը չափեցինք մեր ջերմությունը, չունեինք ջերմություն։ Բայց դրանից հետո հերքվեց Բրազիլիայի նախագահի վարակված լինելու տեղեկությունը։ Բայց մենք առայժմ մեկուսացված կմնանք, վաղն առավոտյան թեստ կհանձնենք՝ համոզվելու համար, որ ամեն ինչ կարգին է»,– ասել է Փաշինյանը։

Կարանտինում գտնվող 31 անձանցից 28-ն այսօր կգնան տուն, քանի որ նրանց թեստի արդյունքները բացասական են: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Նրանցից երկուսը հոսպիտալացվում են, քանի որ թեստի արդյունքները եղել են դրական, իսկ մեկը կշարունակի մնալ կարանտինում:

Բացի այդ, այսօր ժամը 22:00-ի դրությամբ հաստատվել է ևս 3 դեպք, որից երկուսը եղել են արդեն իսկ հաստատված դեպքի կոնտակտները, իսկ 1-ը ժամանել է Ֆրանսիայից:

Ընդհանուր առմաբ այս պահին ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 13 դեպք:

Բոլոր պացիենտների վիճակը բավարար է, միայն մեկի մոտ առկա է թոքաբորբ»,- նշել է Թորոսյանը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Նիկոլ Փաշինյան, Արսեն Թորոսյան, կորոնավիրուս, Հայաստան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon