«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը հնացել է և չի համապատասխանում իրողություններին». ԱԺ լսումներ

Կարևոր 16.01.2020   13:00   102

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» գործող օրենքի փոխարեն տեսալսողական ծառայությունների մատուցման վերաբերյալ նոր օրենքի մշակման անհրաժեշտություն է տեսնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հակոբյանն ասաց հունվարի 16-ին Ազգային ժողովում ընթացող տեսալսողական մեդիածառայությունների ոլորտի օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում:

«Մենք ունենք օրենքը, որը շատ թույլ է կարգավորում իրավահարաբերություններն այս մեդիաոլորտում, չի տալիս ազգային տեսալսողական դաշտի սահմանումը, չի նպաստում հեռուստաընկերությունների զարգացմանը: Պետք է մշակել մի նոր օրենք, որը պետք է կարգավորի ոչ թե հեռուստատեսության և ռադիոյի գործունեությունը, այլ տեսալսողական ծառայությունների մատուցումը: Այդ օրենքը ոչ թե պետք է կոչվի «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենք, այլ հեռարձակման մասին կամ տեսալսողական ծառայությունների մատուցման կամ մատուցողների մասին: Ամբողջ աշխարհը տեխնիկական վերահսկողությունից անցում է կատարում բովանդակային վերահսկողությանը»,- ասաց Հակոբյանը:

Տիգրան Հակոբյանը նաև առաջարկում է փոփոխել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի այն կետը, որով արգելվում է, բացի Լոռու և Շիրակի մարզերից, մյուս մարզերում ունենալ տեղական ռադիոընկերություններ:

«Ռադիոընկերությունները շատ լավ գիտեն, որ գործող օրենքում մի աբսուրդ կետ կա, որն արգելում է մարզերում, բացի Լոռու և Շիրակի մարզից, ունենալ տեղական ռադիոընկերություններ: Ամենազավեշտալին այն է, որ արգելված է նույնիսկ սահմանամերձ գոտիներում ունենալ, որտեղ ռադիոն ոչ միայն տեղեկատվություն ստանալու կամ զվարճանքի, այլև իրազեկման միջոց է արտակարգ իրավիճակների ժամանակ: Մենք կարծում ենք, որ այդ դաշտը պետք է ազատականացվի, և հատկապես մարզերում բոլոր ազատ հաճախականությունները պետք է տրվեն ցանկացողներին՝ հեռարձակելու համար, նորից կոնտենտի մինիմալ պայմաններ դնելով»,- ասաց Հակոբյանը:

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը որպես իրավական գործիք հնացած է համարում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը: Այս մասին ասաց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:

«Նախորդ տարի ես հանդես եկա հայտարարությամբ, համաձայն որի՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նախատեսում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում: Այն, ըստ մեզ, որպես իրավական գործիք հնացած է, և չի համապատասխանում արդեն ետհեղափոխական Հայաստանում ստեղծված նոր իրողություններին և դրանց տրամաբանությանը: Նախորդ տարվա մեր հայտարարությանը համապատասխան՝ հետևողականորեն շարժվում ենք առաջ: Այսօրվա խորհրդարանական լսումները նպատակ ունեն այս բարձր ամբիոնից վեր հանել ոլորտում առկա խնդիրները, և մեր կողմից ծաղկաքաղ անել այն առաջարկների, որոնք տեղ կգտնեն արդեն օրենքի նախագծում»,- ասաց Հայրապետյանը:

Նշենք, որ տեսալսողական մեդիածառայությունների ոլորտի օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական լսումները կազմակերպվել են Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԱԺ լսումներ, հեռուսատառադիո, Մխիթար Հայրապետյան, Տիգրան Հակոբյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon