ՀՀ ԱԳՆ-ն՝ «Մակուչյան և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» ՄԻԵԴ-ի վճռի առնչությամբ

Պաշտոնական 27.05.2020   10:30   353

ՀՀ ԱԳՆ–ը հայտարարություն է տարածել «Մակուչյան և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» ՄԻԵԴ-ի վճռի առնչությամբ։

«Այսօր՝ մայիսի 26-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հրապարակվեց «Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով վճիռը, որն առնչվում է Ադրբեջանի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժան սպանության ենթարկած Ռամիլ Սաֆարովի ազատ արձակմանը և հերոսացմանը:

2004թ. Բուդապեշտում ՆԱՏՕ շրջանակներում անցկացված «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում դասընթացներին Ադրբեջանի կողմից մասնակցող սպա Ռամիլ Սաֆարովը քնած վիճակում կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին և հարձակում գործել հայ սպա Հայկ Մակուչյանի վրա: Հունգարական դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովը, Ադրբեջան փոխանցվելուց հետո, որտեղ հանցագործը պետք է կրեր պատժի հետագա ժամկետը, արժանացել է ներման և հերոսացվել: Այս առումով, դատավճռում, մասնավորապես, արձանագրվել է՝ «Դատարանն առանձնապես ցնցված է այն փաստով, որ ի լրումն Ադրբեջան վերադառնալուն պես ազատ արձակմանը՝ Ռամիլ Սաֆարովին շնորհվել են մի շարք արտոնություններ, ինչպիսիք են՝ բանտում անցկացրած ժամանակահատվածի համար աշխատավարձի փոխհատուցում, Բաքվում բնակարանի տրամադրում և ռազմական կոչման բարձրացում, որն իրականացվեց հրապարակային արարողությամբ»:

Դատարանն արձանագրեց, որ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 14-րդ (խտրականության բացառում) հոդվածներով նախատեսված պարտավորությունները:

Հատկանշական է, որ դատավճիռը մատնանշել է՝ այդ հոդվածների խախտումը կրել է փոխկապակցված բնույթ, ինչն արձանագրում է, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից ատելության հողի վրա իրականացված դաժան հանցագործության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովի անպատժելիությունը և հերոսացումը կատարվել է զոհերի ազգային պատկանելության հիմքով:  

ՄԻԵԴ-ի այս որոշումն Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դեմ կայացրած դատավճիռ է: Այն ոչ միայն ճանաչում է, այլև անընդունելի է որակում Ադրբեջանի կողմից պետական մակարդակով հայերի հանդեպ ատելության հողի վրա գործած հանցագործությունների խրախուսումը:

Դատավճիռը սահմանում է Ադրբեջանի հանդեպ իրավական պարտավորություն՝ իրականացնելու այնպիսի գործողություններ, որոնցով հնարավոր կլիներ դադարեցնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի այս խախտումները և հասցեագրել դրանց հետևանքները:

Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԻԵԴ այս վճիռը` որպես պահանջ Ադրբեջանի իշխանություններից վերականգնելու արդարությունը Գուրգեն Մարգարյանի ահասարսուռ սպանության գործում և դադարեցնելու հայերի նկատմամբ ռասիստական քաղաքականությունը: Հայաստանի Հանրապետությունն այս ուղղությամբ հետևողական է լինելու համապատասխան միջազգային ատյաններում:

Ադրբեջանի նախագահի հրամանագրով դատապարտված մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատ արձակումը և հերոսացումը հերյուրանք և վիրավորանք էին քաղաքակրթական չափանիշների և մարդկային արժանապատվության նկատմամբ: Այսօր, երբ այս գործողությունները ստացան իրավական գնահատական, մենք առավել քան վճռական ենք՝ կանխարգելելու ատելության հողի վրա կատարվող հանցանքները և պաշտպանելու տարածաշրջանում հայ ժողովրդի անվտանգությունը:

Մենք կշարունակենք մեր հետևողական աշխատանքներն հանուն ատելությունից զերծ խաղաղ և անվտանգ տարածաշրջանի»,– ասվում է ԱԳն հայտարարությունում:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Գուրգեն Մարգարյան, ՄԻԵԴ, ՀՀ ԱԳՆ, Ռամիլ Սաֆարով

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon