ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը Մոսկվայում

Արցախ 01.07.2019   21:00   175

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը Մոսկվայում` «Պառլամենտարիզմի զարգացում» երկրորդ միջազգային համաժողովի բացմանը

«Հարգելի Վյաչեսլավ Վիկտորի, 

մեծարգո տիկին Մատվիենկո,

հարգելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք,

նախ եւ առաջ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին՝ համաժողովի աշխատանքներին մասնակցելու հրավերի համար, Կազմկոմիտեի նախագահ պարոն Տոլստոյին՝ ջերմ ընդունելության եւ միջոցառման հրաշալի կազմակերպման համար:

Համոզված եմ, որ նման հեղինակավոր միջազգային համաժողովում մեզ սպասվում է խորհրդարանական համագործակցության առանցքային հարցերի շուրջ մտքերի կառուցողական փոխանակում: Պառլամենտարիզմի ինստիտուտն առանձնահատուկ դեր է խաղում պետական կառավարման համակարգում: Հենց խորհրդարանականներն իրավասություն ունեն ներկայացնելու քաղաքացիների շահերը, լինելու նրանց ձայնը, կայուն երկխոսություն հաստատելու իշխանության եւ հասարակության միջեւ: 

Անհնար է չհիշատակել պետական մարմիններում հաշվետվողականության ապահովման կարեւորագույն մեխանիզմի մասին, ինչպիսին է խորհրդարանական մոնիթորինգը եւ վերահսկողությունը: Սակայն, թույլ տվեք հակիրճ անդրադառնալ միջխորհրդարանական դիվանագիտության նշված սկզբունքներից վերջինին:

Միջազգային հարաբերությունների ժամանակակից համակարգում ակնհայտ է խորհրդարանական դիվանագիտության դերը: Ընդհանուր առմամբ, միջխորհրդարանական հաղորդակցման մեխանիզմներն այժմ ավելի քան երբեւէ պահանջված են այնպիսի մարտահրավերների դեմ արդյունավետ հակազդելու համար, ինչպիսիք են ահաբեկչությունը, ծայրահեղականությունը, անհանդուրժողականությունը, անօրինական միգրացիան եւ կլիմայի փոփոխությունները, աղքատության եւ անհավասարության, կեղծ տեղեկատվության դեմ պայքարը:

Միջխորհրդարանական համագործակցության շրջանակում միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության ամրապնդման նպատակով մեր ջանքերը պետք է ուղղված լինեն անվտանգության մարտահրավերներին եւ սպառնալիքներին հակազդող օրենսդրության ձեւավորմանը, խորհրդարանական համագործակցության ակտիվացմանը, տարածաշրջանային խորհրդարանական կառույցների ամրապնդմանը եւ այլ միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցության ընդլայնմանը:

Այս համատեքստում կցանկանայի հատկապես ընդգծել Միջխորհրդարանական միության՝ հնագույն եւ ամենամեծ միջազգային հարթակի դերը, որի աշխատանքը հիմնված է իրավահավասար, բազմաճյուղ երկխոսության վրա: Միջազգային խորհրդարանական կազմակերպություններն ընդհանուր առմամբ միասնական օրակարգի առաջխաղացման եւ համատեղ որոշումների մշակման արդյունավետ հարթակներից մեկն են:

Օգտագործելով այս հնարավորությունը՝ բոլոր հայ խորհրդարանականների անունից ուրախությամբ ուզում եմ ընդգծել այն փաստը, որ ռուսական պատվիրակությունը վերսկսել է իր աշխատանքը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում: Վստահ եմ, որ բոլոր պատվիրակությունների արդյունավետ եւ լավ համակարգված աշխատանքը կտա իր պտուղները: 

Մենք դեմ ենք հակամարտությունները ռազմական ճանապարհով լուծելու փորձերին եւ ողջունում ենք այն նախաձեռնությունները, որոնք նպատակաուղղված են կայուն խաղաղության հաստատմանը: Այս կապակցությամբ ընդգծեմ, որ մենք շարունակում ենք հանդես գալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդական ջանքերի պարագայում` հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության վրա: Խնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի անվտանգ եւ ազատ ապրելու անվիճելի իրավունքի հարգման վրա:

Ցավոք, ռազմատենչ հռետորությունը եւ ռազմական գործողությունները վերսկսելու վտանգը խարխլում են նաեւ տարածաշրջանի անվտանգության եւ կայունության հիմքերը, ինչը հակասում է խաղաղ կարգավորման գործընթացին՝ դարձնելով ժողովուրդների խաղաղ գոյակցության հեռանկարներն ավելի դժվար հասանելի: Եւ այստեղ մենք կոչված ենք առաջատար դեր կատարել միջխորհրդարանական դիվանագիտության ոլորտում` խոսելով քաղաքացիների անունից եւ նրանց շահերի մասին, հանուն կայուն խաղաղության:

Համաժողովի հարգելի մասնակիցներ, կցանկանայի եւս մեկ անգամ արձանագրել, որ ամուր խաղաղության, անվտանգության եւ աշխարհի կայուն զարգացման հիմքը կարող է լինել միայն բաց եւ կառուցողական երկխոսությունը: Անհրաժեշտ են համատեղ ջանքեր միջպետական երկխոսության, փոխհամաձայնության եւ փոխզիջման մշակույթների համար: Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները բաց են իրենց գործընկերների հետ փորձի փոխանակման թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձեւաչափերով:

Շնորհակալություն ուշադրության համար»,-նշել է խորհրդարանի ղեկավարը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         «Պառլամենտարիզմի զարգացում» համաժող, Արարատ Միրզոյան, Մոսկվա

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon