ՀՀ առողջապահության և ՀՀ էկոնոմիկայի նախարարների մամուլի ասուլիսը (ուղիղ)

Կարևոր 01.05.2020   13:49   466

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի մամուլի ասուլիսը:

Մայիսի 4-ից կվերացվեն քաղաքացիների տեղաշարժին ու տնտեսական գործունեությանը վերաբերող մի շարք սահմանափակումներ: Կառավարության մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը նշեց, որ թեպետ հանվելու են ազատ տեղաշարժի սահմանափակումները, միևնույն ժամանակ հանրային տրանսպորտը չի գործի՝ կապված համավարակի տարածման ռիսկի հետ:

Այսպիսով, մի քանի օրից կվերացվեն գրեթե բոլոր սահմանափակումները՝ տնտեսության ոլորտում որոշակի բացառություններով:

«Գրեթե չեն լինելու սահմանափակումներ մանրածախ և մեծածախ առևտրում, միայն պահպանվելու են սահմանափակումները առևտրի իրականացման վայրերում, այսինքն՝ մոլերն ու հանրախանութներ փակ են լինելու»,- նշեց Սիմոնյանը՝ հավելելով, որ շարունակելու են գործել դրանց տարածքում սննդի, պարենային խանութները, դեղատները, նաև գործելու են գյուղշուկաները:

Մայիսի 4-ից մշակող արդյունաբերության հետ կապված սահմանափակումներ չեն լինելու, կվերսկսեն աշխատանքները տեքստիլ, կահույք, կոշիկ արտադրող ընկերությունները, պոլիգրաֆիական և այլ ենթաոլորտներ:

Ինչ վերաբերում է հանրային սննդի կազմակերպմանը, ապա կգործեն միայն այն սրճարանները, ռեստորաններն ու բարերը, որոնք կունենան բացօթյա տարածք, այսինքն՝ դրանց գործունեությունն ու հաճախորդներին սպասարկումը կթույլատրվի միայն բացօթյա տարածքում. փակ տարածքում սպասարկում չի իրականացվելու:

Վերաբացվում են նաև բուսաբանական, կենդանաբանական այգիները, արգելոցները և այլն:

Սպորտային օբյեկտների գործունեությունը բացառապես կթույլատրվի պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությամբ սպորտային միջոցառումների համար: Կվերաբացվեն նաև գեղեցկության սրահները, լվացման, մաքրման ծառայությունները:

Ցանկացած ոլորտի համար մշակվել են առանձին ուղեցույցներ՝ անվտանգության և սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման համար:


 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         առողջապահության նախարարություն, Վարոս Սիմոնյան, Լենա Նանուշյան, էկոնոմիկայի նախարարություն

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon