ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի հայտարարությունը (տեսանյութ)

Քաղաքական 03.02.2020   10:00   1058

1998 թվականի փետրվարի 3-ին «հայտնի ուժերի ճնշման տակ» Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց.

«Սիրելի հայրենակիցներ,

Իշխանության ձեզ հայտնի մարմինների կողմից ինձ ներկայացվել է հրաժարականի պահանջ։

Նկատի ունենալով, որ ստեղծված իրավիճակում Նախագահի սահմանադրական լիազորությունների կիրառումը հղի է երկրի ապակայունացման լուրջ վտանգով, ես ընդունում եմ այդ պահանջը և հայտարարում իմ հրաժարականը։

Զերծ եմ մնում որևէ մեկնաբանությունից կամ գնահատականից՝ իրադրությունը չսրելու նպատակով։ Միայն հարկ եմ համարում նշել, որ իշխանության ճգնաժամում Արցախի հարցի արծարծումն ընդամենը պատրվակ էր։ Խնդիրը շատ ավելի խորն է և կապված պետականության հիմնադրույթների, խաղաղության ու պատերազմի այլընտրանքի հետ։ Իսկ կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Արցախի համար, և ով է իրականում ծախում այն։

Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել. պարզապես Հայաստանում խաղաղության և արժանապատիվ հաշտության կուսակցությունը պարտություն է կրել։ Բարդույթների մեջ չպետք է ընկնել. Խաղաղության կուսակցությունը պարտություն է կրել մեզնից շատ ավելի զարգացած հասարակություններում, ինչպես, օրինակ, Իսրայելում։ Բայց և՛ Իսրայելում, և՛ Հայաստանում դա անցողիկ է, ընդամենը ժամանակավոր... Կոչ եմ անում ձեզ ցուցաբերել զսպվածություն, պահպանել երկրի անդորրը և անցկացնել նոր Նախագահի օրինական, քաղաքակիրթ ընտրություններ։ Դա կլինի ութ տարվա ընթացքում ձեզ հետ միասին մեր ստեղծած պետության հասունության վկայությունը և արտաքին վարկի պահպանման գրավականը։

Նոր Նախագահին մաղթում եմ ամենայն հաջողություն ի շահ և ի բարօրություն մեր ժողովրդի։

Հայտնում եմ ձեզ իմ խորին շնորհակալությունը անցած տարիներին իմ նկատմամբ ցուցաբերած վստահության և աջակցության համար։

Շնորհակալություն եմ հայտնում նաև իմ բոլոր զինակիցներին, ովքեր մշտապես անվերապահորեն եղան և մնում են իմ կողքին։

Եթե ընդունել եմ հրաժարականի որոշում, հավատացեք, դա նշանակում է, որ այլընտրանքը մեր պետության համար համարել եմ ավելի վտանգավոր։

Եթե արել եմ ինչ-որ լավ բան, չեմ ակնկալում որևէ երախտագիտություն, չարածիս ու սխալներիս համար հայցում եմ ձեր ներողամտությունը։

Բարին ընդ ձեզ»։

Լևոն Տեր-Պետրոսյան

3 փետրվարի, 1998թ.

Լևոն Տեր-Պետրոսյանը անմիջապես հրաժարականից հետո կազմակերպված ընդունելության ժամանակ դիմում է նախագահականի աշխատակիցներին՝ կոչ անելով նրանց չունենալ որևե բարոյական պարտավորվածություն և շարունակել ծառայել Հայաստանի Հանրապետությանը:

Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին հաջորդեցին ԱԺ նախագահի, փոխնախագահների, նախարարների և մնացյալ պաշտոնյաների հրաժարականները:

 

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Լևոն Տեր-Պետրոսյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon