ՀՀ ՊՆ խոսնակ. Հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ

Կարևոր 30.03.2020   21:40   608

Այսօր ժամը 19:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:

Հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել, կորուստների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են:

Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների հետևանքով թեթև վիրավորում է ստացել երկու զինծառայող: Միաժամանակ հակառակորդը թիրախավորել է Բաղանիս և Ոսկևան գյուղերը, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ մեկ երեխա, որը այդ պահին գտնվել է պատշգամբում:

Սահմանագոտում իրավիճակը կայունացնելու և ադրբեջանական զինված ուժերի, այս դեպքում՝ սահմանապահ ծառայության ուժերի՝ պանդեմիայի պայմաններում ձեռնարկած անպատկառ գործողությունները սաստելու նպատակով ՀՀ զինված ուժերը դիմելու են իրավիճակին համարժեք գործողությունների, ինչի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Թարմացված

«Տավուշի մարզի Ոսկևան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխայի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր, կյանքին վտանգ չի սպառնում։ Վերջինս ստացել է հրազենային վնասվածք՝ կրծքավանդակի շրջանում, իրականացվել է անհրաժեշտ առաջին բուժօգնություն։ Երեխան այս պահին տեղափոխվում է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Վիրավորում ստացած երկու զինծառայողի վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այժմ տեղափոխվում են Երևան, քանի որ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության որդեգրած մոտեցումն է այդպիսին: Առողջություն հակառակորդի ոտնձգությունը վճռականորեն կասեցրած մեր զինծառայողներին»:

Շուշան Ստեփանյան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         դիվերսանտներ, Շուշան Ստեփանյան, ՀՀ ՊՆ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon