ՀՀ վարչապետի խոսնակ. Պարետատունը կարանտինի կարիք չի տեսնում

Պաշտոնական 29.05.2020   11:30   854

«Պարետատունը այս պահին կրկին կարանտին սահմանելու անհրաժեշտություն չի տեսնում», - «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը՝ արձագանքելով երկշաբաթյա խստացված կարանտին կիրառելու մոտ մեկ տասնյակ հասարակական կազմակերպությունների (ՀԿ) պահանջին։

Հիշեցնենք՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները տարածած հայտարարության մեջ ընդգծել էին, որ չնայած պարետատան պահանջին, միևնույն է, քաղաքացիները համատարած կերպով դիմակներ չեն կրում։ Իրավապահ մարմիններն ի վիճակի չեն հսկել քաղաքացիների կողմից դիմակ կրելու կանոնների պահպանումը, քաղաքացիներն այդ նորմը խախտում են ամենուր: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները զգուշացնում են՝ Հայաստանի առողջապահական համակարգը նախակոլապսային իրավիճակում է, և նոր դեպքերի աճի տեմպը կհանգեցնի այն իրավիճակին, որն առկա էր Իտալիայում կամ Իսպանիայում, երբ մարդիկ բուժօգնություն ստանալ չէին կարողանում:

«Ցանկալի տարբերակը դա չի, այսինքն՝ դա մի տարբերակ է, որը կա մեզ մոտ, դա սցենարներից մեկն է, բայց դա ցանկալի տարբերակը չէ՝ հաշվի առնելով տնտեսության վիճակը, նաև եղանակը. մարդկանց շատ դժվար է զոռով տանը պահելը: Մարդիկ ուզում են դուրս գալ, դրա համար մնում է միայն մարդկանց հորդորել, կոչ անել, որպեսզի դուրս գալիս հետևեն կանոններին՝ կրեն դիմակ, պահպանեն սոցիալական հեռավորություն, խմբերով չհավաքվեն», - ասաց վարչապետի խոսնակը:

Ի պատասխան պարետատնից հնչած այս արձագանքին, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը զգուշացնում է՝ պարետատան անգործության արդյունքում արդեն մոտ ենք այն իրավիճակին, երբ հիվանդանոցներում կսկսեն պացինետներին ընտրողաբար բուժել կամ այսպես կոչված սելեկցիա կիրառել, երբ ոչ բոլոր ծանր հիվանդները ռեանիմացիայում բուժօգնության հնարավորություն կունենան։ Մինչդեռ երկշաբաթյա իրական կարանտինը կնվազեցնի դեպքերի քանակը:

Հիշեցնենք՝  հասարակական կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու պարետ Տիգրան Ավինյանին առաջարկում են առաջիկա 14 օրվա համար սահմանել խիստ կարանտինային ռեժիմ՝ նոր կորոնավիրուսային վարակի տարածումը նվազեցնելու համար։

«ՀՀ քաղաքացին և մարդը, նրա կյանքն ու առողջությունը գերագույն արժեք են։ Մենք վստահ ենք, որ մարդկանց ժամանակին բժշկական օգնություն չստանալու և մահանալու գնով հնարավոր չէ փրկել տնտեսությունը։ Անընդունելի է կարանտինը մեղմացնող որոշումների հետևանքով առաջացած մահացության ցուցանիշի աճի գնով տնտեսության պաշտպանությունը, քանի որ այդ սցենարում ո՛չ կյանքերը կփրկվեն և ո՛չ էլ տնտեսությունը», ասված է հայտարարությունում:

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         կորոնավիրուս, կարանտին, պարետատուն, Մանե Գևորգյան, Հայաստան, Դանիել Իոաննիսյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon