«Իմ քայլը». ՍԴ անդամների պաշտոնավարումը դադարեցնելու հարցը կդրվի հանրաքվեի (ուղիղ)

Քաղաքական 06.02.2020   15:15   131

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն առաջին ընթերցմամբ չի ընդունի Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարումը դադարեցնելու` իր կողմից ներկայացված նախագիծը` առաջարկելով այն դնել հանրաքվեի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծն ԱԺ նիստում ներկայացնելիս այս մասին հայտնեց խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:

«Իմ քայլը» խմբակցությունն առաջին ընթերցմամբ չի ընդունելու այս նախագիծը, և Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ կետի ուժով ԱԺ-ին տրված լիազորությամբ առաջարկելու է քվեարկության դնել այս նախագիծը համաժողովրդական հանրաքվեի ներկայացնելու մասին որոշումը: Սա ուղիղ ժողովրդավարության կիրառում է, սա մեր քաղաքական ուժի համոզմունքը, հավատամքն է: Մենք հավատում ենք մեր ժողովրդին, և մենք ասելիք ու լսելիք ունենք մեր ժողովրդից»,-ասաց Հովակիմյանը:

Նա շեշտեց` այս ընթացքում օրենսդիր մարմինը, կառավարությունն ամեն ինչ արել են ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը հանգուցալուծելու համար: Հովակիմյանի խոսքով` ՀՀ քաղաքական իշխանությունն ամեն ինչ արել է այս ճգնաժամը հանգուցալուծելու այնպես, որպեսզի ՍԴ անդամներն այդ հանգուցալուծման գործում ունենան իրենց մասնակցությունը:

Նա հիշեցրեց Հրայր Թովմասյանի լիազորությունները վայր դնելու խորհրդարանի` ՍԴ ուղարկած առաջարկը, որը սակայն ՍԴ-ի կողմից վարույթ չընդունվեց: Նա նկատեց` հաջորդ քայլով արդեն կառավարությունը ձեռք մեկնեց ՍԴ անդամներին, ընդառաջ գնաց` բերելով վաղ կենսաթոշակի գնալու մասին օրենքը, որը Վենետիկի հանձնաժողովի կողմից դրական եզրակացության էր ստացել: Սակայն նա նկատեց, որ որոշ անդամներ արդեն հայտարարել են, որ չեն պատրաստվում իրենց մեկնված ձեռքը բռնել:

«Ավելին, նրանք, ՍԴ-ի այն անդամներին, որոնք միգուցե որոշեն այդ մեկնված ձեռքը բռնել, որակել են որպես դավաճաններ, այսինքն՝ հոգեբանական ճնշում են գործադրել»,-ասաց պատգամավորը:

Հովակիմյանը նշեց` այսօրվա ստեղծված իրավիճակը փաստում է, որ վաղ կենսաթոշակի օրենքով խնդիրը վերջնական չի լուծվել:

«Սա է պատճառը, որ մենք խորհրդարանի քննարկմանն ենք ներկայացրել 2015 թվականի խմբագրությամբ Սահմանադրության 213 հոդվածի փոփոխության նախագիծ, որով առաջարկում ենք փաստաթղթի ուժի մեջ մտնելու պահից դադարեցնել մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների պաշտոնավարումը»,-ասաց նա:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծով առաջարկվում է 1995 թվականի հուլիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով, 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների պաշտոնավարումը դադարում է»:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՍԴ, հանրաքվե, Իմ քայլը

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon