Ինչ սանիտարահիգիենիկ նորմեր պետք է պահպանվեն դպրոցներում և մանկապարտեզներում

Պաշտոնական 09.03.2020   17:30   342

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) կրթական գործընթացի վերսկսման համատեքստում հորդորում է նախադպրոցական և հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ղեկավարներին` ապահովել սանիտարական նորմերի եւ կանոնների պահպանումը՝ սահմանված ՀՀ առողջապահության նախարարի հրամանով։

ԱԱՏՄ-ն տեղեկացնում է, որ, մասնավորապես, անհրաժեշտ է սուր շնչառական վարակների սեզոնին (աշուն-գարուն) ուսումնական հաստատությունում միջին բուժաշխատողի կողմից ապահովել սուր շնչառական վարակներին բնորոշ (հարբուխ, հազ, ջերմություն, փռշտոց, տկարություն) ախտանշաններով հիվանդ երեխաների ամենօրյա ակտիվ հայտնաբերում:  Հիվանդացության սեզոնային բարձրացման ժամանակ բուժքույրը հաստատության մուտքի մոտ պետք է իրականացնի երեխաների և ուսուցչական անձնակազմի զննություն, սուր շնչառական վարակիչ հիվանդություններին բնորոշ (հարբուխ, հազ, ջերմություն, փռշտոց, տկարություն) ախտանշանների դեպքում հիվանդ երեխաները և ուսուցչական կազմն անմիջապես տեղափոխվում են բուժկետ, ինչի մասին տեղեկացվում է համապատասխան ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողին:

Մանկապարտեզներում երեխաների առավոտյան ամենօրյա ընդունումը պետք է կատարի դաստիարակը, որը հետաքրքրվում է երեխայի առողջական վիճակով, զննում է բկանցքը և մաշկը, չափում է մսուրային խմբի բոլոր երեխաների ջերմությունը: Առավոտյան զննման ժամանակ հայտնաբերված հիվանդ և կասկածելի երեխաները չեն ընդունվում։ Օրվա ընթացքում վատառողջ երեխաներն առանձնացվում են հատուկ այդ նպատակով նախատեսված սենյակներում։ Ելնելով առողջական վիճակից՝ երեխան մնում է առանձնացված սենյակում՝ մեկուսարանում, մինչև ծնողի գալը կամ հոսպիտալացվում է։

Միաժամանակ, պետք է նախադպրոցական և դպրոցական հաստատություններում իրականացնել սանիտարահիգիենիկ միջոցառումներ: Երեխաների բացակայության ժամանակ սենյակն օդափոխել օրը 3 անգամ, 8-10 րոպե տեւողությամբ, սենյակների խոնավ մաքրում՝ օրը 2 անգամ, երեխաների զբոսանք մաքուր օդում սովորականից 4 ժամ ավելի` պահպանելով խմբային մեկուսացման սկզբունքը, առողջ ապրելակերպի քարոզչություն եւ բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԱԱՏՄ, կորոնավիրուս

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon