«Իտալիայի նախագահի» տարածվող ելույթը կեղծ է

Հասարակություն 25.03.2020   13:00   627

«Փաստերի ստուգման հարթակը» գրում է. «Համացանցում մարտի 24-ին #Իտալիայի_նախագահ հեշթեգով տարածվում է Իտալիայի նախագահին վերագրվող մի ուղերձ, որում վերջինս իբր հայտարարում է, թե կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակում իշխանությունները կաշխատեն վճարել աշխատողների աշխատավարձերը պետական ​​ֆոնդից և կչեղարկեն ջրի և էլեկտրաէներգիայի վարձերը։

Նախագահին վերագրվող այս խոսքերին ավելի լիրիկական շունչ հաղորդելու համար հեղինակներն այն համեմել են այսպիսի համեմատությամբ․ «Ճիշտ է՝ Իտալիայի տնտեսությունը ամբողջությամբ կփլուզվի, բայց Իտալիան պետք է զոհաբերի հանուն իր ժողովրդի …Նախորդ պատերազմներում մարդիկ մահանում էին, որ Իտալիան ապրեր: Այս պատերազմում Իտալիան կմեռնի, որպեսզի ժողովուրդը ապրի»։


Իհարկե, նման խոսքերը դժվար է կարդալ առանց էմոցիաների, սակայն «Իտալիայի նախագահի» այն խոսքում կա մի մեծ թերություն՝ այն Իտալիայի նախագահի խոսքը չէ։

«Փաստերի ստուգման հարթակը», ուսումնասիրելով Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի պաշտոնական կայքում տեղադրված ելույթներն ու ուղերձները, պարզեց, որ վերջինս կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ վերջին անգամ հրապարակային խոսքով հանդես է եկել մարտի 5-ին՝ կոչ անելով պահպանել հանգստությունն ու ընդունված համընդհանուր կանոնները և վստահել իշխանություններին։ Ավելի ուշ՝ մարտի 12-ին նախագահի կայքում հրապարակված գրության մեջ կարդում ենք, որ Իտալիան գտնվում է դժվարին իրավիճակում և երկրի նախագահը հույս է հայտնում, որ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում Իտալիայի փորձն օգտակար կարող է լինել ԵՄ բոլոր երկրների համար։

Փաստացի, Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի որևէ ելույթում և ուղերձում Ֆեյսբուքի հայկական տիրույթում տարածվող խոսքերը չկան։

Միգուցե վարչապե՞տն է

Իտալիայում խորացող էպիդեմիայի մասին մարտի 21-ին ելույթով հանդես է եկել Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն, և հավանաբար հենց այս ելույթից են ոգեշնչվել #Իտալիայի_նախագահ հեշթեգով «խոսքերի» ստեղծողները։

Ելույթում, որով վարչապետը դիմել էր Իտալիայի ժողովրդին, վերջինս խոսել է կորոնավիրուսի պատճառած վնասներից, հայտնել նոր խստացումների մասին, կրկին հորդորել տնից դուրս չգալ և այդ կերպ պայքարել վիրուսի տարածման դեմ՝ կոչ անելով հնարավորության դեպքում աշխատել տնից, և այլն։ 

Վարչապետի՝ յոթ րոպե տևած ելույթից առավել ուշագրավ է այս հատվածը. «Չնայած խաթարված են և՛ առողջապահական, և՛ ֆինանսական համակարգերը, սակայն ես ձեզ հայտարարում եմ, որ պետությունը կա, ձեր կողքին է։ Իշխանությունները կանեն ամեն ինչ, որպեսզի վերականգնեն կորցրածը և շարժվենք առաջ»։ Սակայն ի հեճուկս Ֆեյսբուքի հայկական տիրույթում տարածվող հայտարարության՝ Իտալիայի վարչապետի ուղերձում ևս չկա որևէ խոսք ջրի և էլեկտաէներգիայի վճարները չեղարկելու, աշխատավարձերը պետական ֆոնդից վճարելու, Իտալիան զոհաբերելու ու դրա շնորհիվ ժողովրդին ապրեցնելու  մասին։ 

Այսպիսով, փաստենք, որ մի քանի օր առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խեղաթյուրված ելույթին այսօր փոխարինեց Իտալիայի նախագահին վերագրված, սակայն իրականում Իտալիայի վարչապետի ուղերձի խեղաթյուրված տարբերակը», ամփոփում է «Փաստերի ստուգման հարթակը»:

Սևադա Ղազարյան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         կորոնավիրուս, Իտալիայի վարչապետ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon