Կարագի գնի մասին Փաշինյանի հայտարարությունները հակասում են պաշտոնական վիճակագրությանը

Քաղաքական 19.05.2020   11:40   350

«Փաստերի ստուգման հարթակը» գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին առցանց ասուլիսի ժամանակ անդրադարձավ նաև կարագի գնին՝ նշելով, որ դրա այն նվազել է: 

«Կարագի շուկայում 2019 թվականի ընթացքում 2018 թվականի համեմատ կենտրոնացվածության աստիճանը նվազել է. առավել խոշոր իրացման ծավալ ունեցող ընկերության մասնաբաժինը 62 տոկոսից կրճատվել է՝ կազմելով 49 տոկոս: Միևնույն ժամանակ, կարագի մանրածախ իրացման միջին գինը 2018 թվականին կազմել է 4383 դրամ, 2019 թվականին՝ 3906 դրամ, իսկ ներկայում՝ 3680 դրամ»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ 2018 թ․ համեմատ գնանկում է տեղի ունեցել 16 տոկոսով:

Փաշինյանը, բացի սա, նաև նշեց, որ նույնիսկ եթե կարագի գինն այս տարի բարձրանա, դեռ կշարունակի ավելի ցածր մնալ, քան նախորդ տարում էր։ «Երբ այս տարվա մարտին կարագի գինը 10 դրամով թանկացավ, աղմուկ աղաղակ էին բարձրացրել, բայց ոչ ոք չէր ասում, որ 2018-ին այդ գինն այնքան բարձր էր, որ հիմա ինչքան էլ թանկանա, դեռ 5 ամիս անընդհատ պետք է թանկանա, որ հասնի 2018-ի մակարդակին»,— ասաց Փաշինյանը։

Սակայն Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ 2018 և 2019 թվականներին կարագի գների վերաբերյալ, չի համապատասխանում Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած թվերին: 

Այսպես, ըստ ԱՎԿ տվյալների, կարագի միջին գինը 2018 թվականին վարչապետի նշած 4383 դրամի փոխարեն եղել է 5199 դրամ, իսկ 2019-ին՝ ոչ թե 3906, այլ՝ 5070 դրամ: 

2019-ի մարտին կարագի միջին գինը եղել է 5217 դրամ, իսկ այս տարվա մարտին նախորդ տարվա մարտի համեմատ գնանկումը կազմել է 5․4 տոկոս: Ապրիլին մեկ կիլոգրամ կարագն արժեցել է 5060 դրամ:

Ըստ ԱՎԿ տվյալների՝ 2020 թվականի ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ գնանկումը կազմել է 2․1 տոկոս` կազմելով 5060 դրամ: Մինչդեռ 2018-ի ապրիլին կարագի միջին գինը մեկ կիլոգրամի համար կազմել է 5207 դրամ, այսինքն՝ գնանկումը կազմել է շուրջ 2,8 տոկոս:

Հետևաբար՝ վարչապետի պնդումը, թե 2018-ի համեմատ կարագի գինը նվազել է 16 տոկոսով, չի համապատասխանում Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներին, եզրափակոււմ է «Fip.am»-ը:

 

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon