Կոնգրեսի հայտարարությունը ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական հանրաքվեի կազմակերպման վերաբերյալ

Կարևոր 06.03.2020   11:00   961

Հայ ազգային Կոնգրեսի հայտարարությունը 2020 թվականի ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական հանրաքվեի կազմակերպման վերաբերյալ.

2020թ. ապրիլի 5-ին նշանակված Հանրաքվեի տեղամասային ընտրական հանձնաժողովների (այսուհետ` ՏԸՀ) ձևավորման գործընթացը բացահայտեց Հանրաքվեի կազմակերպման գործում իշխանությունների կողմից թույլ տրված բազմաթիվ թերություններ եւ ձախողումներ։

Հասարակական բուռն քննարկումների եւ դժգոհության առիթ է դարձել, մասնավորապես, որ ՏԸՀ կազմերը գերազանցապես համալրված են նախկին ռեժիմին ընտրակեղծարարության բազմաթիվ ծառայություններ մատուցած անձանցով:

Հայ Ազգային Կոնգրեսը կարծում է, որ նման իրողության գլխավոր պատճառը հետհեղափոխական ժամանակաշրջանում ժողովրդավարական ընտրական ինստիտուտների արմատական վերակառուցման գործում իշխանությունների դրսևորած դանդաղկոտությունն է, անհետևողականությունն ու անվճռականությունը։

2018-ի հունիսին կառավարության նախաձեռնած Ընտրական օրենսգրքի փոփոխությունները ձախողվել են, իսկ հետագայում, հակառակ 2018-ի Ազգային ժողովի ընտրություններից հետո խնդիրը արագորեն լուծելու խոստումների, չեն ստացել շարունակություն։ Չնայած 2018-ի օգոստոսին հանրաքվեի ինստիտուտի ուժեղացումը հռչակվել էր որպես հեղափոխության "երկրորդ ալիքի հիմնական նպատակ", Հանրաքվեի մասին օրենքում 2018թ.-ի հոկտեմբերին կատարված փոփոխությունները կրեցին սոսկ կոսմետիկ բնույթ: Ինստիտուցիոնալ բարեփոխումների դանդաղումը, այդ թվում` ընտրական հանձնաժողովների ձևավորման կարգի և կազմերի փոփոխություններ չկատարելը, հանգեցրեցին անմխիթար իրավիճակի․ ժողովրդավարության պաշտպանության գործն ըստ էության հանձնված է նախկին ռեժիմի ընտրական հանցագործությունները սպասարկելու գործում  հմտացած տիգրանմուկուչյանական Կենտրոնական և Տարածքային ընտրական հանձնաժողովներում դեռ տարիներ առաջ նշանակված անձանց ձեռքը: Այդպես էլ չլուծվեցին ընտրական ցուցակները մաքրելու եւ բազմաթիվ ապացույցներով բացահայտված ընտրակեղծարարներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցերը։

Ընտրական հանձնաժողովներում այսօր «ՈՉ»-ի ճամբարում միավորված եւ ընտրակեղծարարության գործում մասնագիտացած ուժերի ներկայացուցիչները ջախջախիչ առավելություն են ստացել ընտրակեղծարարության դեմ տասնյակ տարիներ պայքարած ուժերի ներկայացուցիչների նկատմամբ։ Այսինքն յուրաքանչյուր տեղամասում «ՈՉ»-ն ունի 5 ներկայացուցիչ, իսկ «ԱՅՈ»-ն՝  2: Իրավիճակն առավել մտահոգիչ է դարձնում այն հանգամանքը, որ, ըստ տարբեր վերլուծաբանների գնահատականների, նախկինում ընտրակեղծարարությանն առնչված և այժմ ՏԸՀ կազմերում ընդգրկված ավելի քան 500 անձինք առաջադրվել են "ԱՅՈ"-ի շտաբի կողմից:

Կոնգրեսը` որպես «ԱՅՈ»-ի կողմնակից կուսակցություն, կոչ է անում «ԱՅՈ»-ի շտաբին, հասարակության մտահոգությունները փարատելու նպատակով, շտապ միջոցներ ձեռնարկել կազմակերպական բացթողումները շտկելու ուղղությամբ, հատուկ ուշադրության տակ պահելով տարածքային շտաբների գործունեությունը: Խնդիրն առավել քան լուրջ է, ինչը պահանջում է «ԱՅՈ»-ի  շտաբի և ԿԸՀ-ի գործուն միջամտությունը՝ ընտրական հանձնաժողովներում «ԱՅՈ»-ի և «ՈՉ»-ի հավասար ներկայացվածությունն ապահովելու համար։

Հայ Ազգային Կոնգրես

Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՀԱԿ, հանրաքվե, հանձնաժողով, ՏԸՀ, ՍԴ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon