Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրեր

Պաշտոնական 30.03.2020   17:32   692

ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երեք նոր միջոցառում ընդունեց մարտի 30-ի նիստում։

6-րդ միջոցառում․  
Կառավարության հաստատած 6-րդ ծրագրի շահառուներն են այն ֆիզիկական անձինք, որոնք 2020թ. հունվարի 1-ից մինչև մարտի 13-ն ընկած ժամանակահատվածում մասնավոր հատվածում գրանցված աշխատող են եղել և աշխատանքից ազատվել են 2020թ. մարտի 13–ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում:
Աջակցությունը տրամադրվելու է միանվագ՝ նվազագույն ամսական աշխատավարձի՝ 68,000 դրամի չափով:
Աջակցությունից չեն կարող օգտվել նրանք, ում վերջին 2 ամիսների միջին ամսական աշխատավարձը գերազանցել է 500 հազար դրամը, ունեն այլ աշխատանք, հանդիսանում են անհատ ձեռնարկատեր, կամ հանդիսանում են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չորրորդ միջոցառման շահառու:

7-րդ միջոցառում․
Հաստատված 7-րդ ծրագիրը միտված է կորոնավիրուսի հետևանքով սոցիալական խնդիրների առջև կանգնած հղի կանանց օժանդակելուն։ Միջոցառման շահառու է հանդիսանում այն հղի կինը, որը 2020թ. մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք և ում ամուսինն ազատվել է աշխատանքից մարտի 13-ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում և չի անցել մեկ այլ աշխատանքի։ Միջոցառման շահառուները կստանան միանվագ նպաստ 100,000 դրամի տեսքով:

8-րդ միջոցառում․  

Կառավարությունն օժանդակություն կտրամադրի քաղաքացիներին, որոնք 2020թ․-ի մարտի 13-ից մարտի 30-ը հանդիսացել են նշված ոլորտների վարձու աշխատողներ՝

  • հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ,
  • հանրային սննդի ծառայություններ,
  • զբոսաշրջային ծառայություններ,
  • վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ,
  • մանրածախ առևտրի ծառայություններ, այդ թվում՝ առևտրի կենտրոնում կամ առևտրի իրականացման վայրում առք ու վաճառքի գործունեություն կազմակերպվող

Բացառություն են այն մանրածախ առևտրի ծառայությունները, որոնց շրջանակում վաճառվում է նաև սննդամթերք և/կամ ծխախոտ և/կամ դեղորայք և/կամ ալկոհոլային խմիչք:

Աջակցությունը տրամադրվում է միանվագ։

  • Եթե աշխատողի հունվար և փետրվար ամիսների միջին աշխատավարձը գերազանցում է 68․000 դրամը, ապա աջակցության չափը կկազմի միջին աշխատավարձի 50 %-ը, բայց ոչ պակաս, քան 68.000 դրամը և ոչ ավել, քան 136.000 դրամը։
  • Եթե վարձու աշխատողի միջին աշխատավարձը ցածր է 68.000 դրամից, ապա աջակցության չափը կկազմի միջին աշխատավարձի չափով։
  • Անհատ ձեռներեցներին տրամադրվող աջակցության չափը կազմելու է 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 %-ի չափով։
  • Եթե նշված ժամանակահատվածում ԱՁ իրացման շրջանառության 10 %-ը գերազանցում է 68.000 դրամը, ապա աջակցության չափը կլինի ոչ պակաս, քան 68.000 դրամը և ոչ ավել, քան 136.000 դրամը։

Ծրագրին դիմելու կարգը կներկայացվի մոտակա օրերին։

ArmGov

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         կառավարություն, օժանդակություն

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon