Կորոնավիրուսով վարակված անձինք հարսանիքի չեն մասնակցել. կեղծ լուրերի հետքերով

Պաշտոնական 12.03.2020   16:00   348

«Փաստերի ստուգման հարթակ»-ը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 11-ի երեկոյան ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց՝ հայտարարելով կորոնավիրուսի երեք նոր դեպքի բացահայտման մասին: Վարակակիրներից երկուսը Հայաստանի քաղաքացիներ են, մյուսը՝ Իտալիայի, որը աշխատում է Հայաստանում: Երեքն էլ վերջերս են ժամանել Իտալիայից: 

Վարչապետի գրառումից հետո լրատվականները սկսեցին տարածել չճշտված տեղեկություններ: Մասնավորապես, լայն տարածում ստացավ տեղեկությունը, թե Էջմիածնում կորոնավիրուսի ևս երեք դեպք է բացահայտվել:

Տեղեկությունները սկսել են տարածվել ֆեյսբուքյան օգտատեր, լրագրող Վաչիկ Գրիգորյանի ուղիղ եթերից հետո, որում վերջինս ասել է, որ Իտալիայից ժամանած վարակակիրներից մեկը Էջմիածնի բնակիչ է և մի քանի օր առաջ ևս ունեցել է գանգատներ, սակայն բժշկի չի դիմել: Նա նշում է, որ այդ կինը «մասնակցել է ինչ-որ առիթի Էջմիածնում»: «Եվ որպեսզի հասկանաք, թե ինչ լրջությամբ են մոտենում գործին բժիշկները, այդ բոլոր մարդկանց նրանք ստուգել են, հանդիպել են..»,- ասել է օգտատերը:

Սրան հաջորդել է 2019-ին ստեղծված «Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» կոալիցիայի նախագահ Գևորգ Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը: Նա էլ, անդրադառնալով Վաչիկ Գրիգորյանի հրապարակմանը, իր հերթին գրել է. «Ես փորձեցի ճշտել իմ աղբյուրներից, և ինձ փոխանցեցին հետևյալ տեղեկատվությունը` Էջմիածնում հարսանիքի ընթացքում երեք անձի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ինչի կապակցությամբ եղել է «Շտապ օգնության» կանչ: Հետազոտության ընթացքում 3 անձի մոտ էլ հայտնաբերվել է #կորոնավիրուս: Այդ անձանց մեկուսացրել են, իսկ միջոցառման մնացած մասնակիցների մեկուսացման հարցը դեռ որոշված չէ»: 

Գևորգ Գրիգորյանի հրապարակումն արտատպել են հայկական մի շարք մեծ լսարան ունեցող լրատվականներ, այդ թվում՝ Tert.am-ը, Yerkir.am-ը, 7or.am-ը, lurer.com-ը, armdaily.am-ը և այլն:

Առավոտյան արդեն Առողջապահության նախարարությունն անդրադարձավ տարածվող հրապարակումներին՝ նշելով, որ դրանք ապատեղեկատվություն են։ «Այս պահին, ընդհանուր առմամբ, Հայաստանում առկա է 4 դեպք, որից մեկի մասին հայտարարվել է մարտի 1-ին և 3-ը` մարտի 11-ին»: 

Լուրեր էին տարածվել նաև, որ վարակված երեք քաղաքացիները Էջմիածնում մասնակցել են հարսանիքի, սակայն մեզ հետ զրույցում առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնեց, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Նա հավելեց. «Անձնական տվյալներ չենք կարող հրապարակել, ինչպես նաև որոշ կոնտակտավորների շրջանակը հստակեցվում է, և աշխատանք է տարվում նրանց հետ` մի մասին մեկուսացնելով, մյուս մասին՝ ըստ անհրաժեշտության տնային մեկուսացում դնելով»,- ասաց Նիկողոսյանը:

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ևս անդրադարձավ տարածված տեղեկություններին՝ գրելով. «Համացանցում տարածվել է տեղեկատվություն, թե իբր երեկ արձանագրված՝ կորոնավիրուսով վարակվածներից 3-ն էլ Էջմիածնից են, մինչդեռ նրանցից միայն մեկն է Էջմիածնի բնակիչ: Խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել»: Մեզ հետ զրույցում քաղաքապետը նշեց, որ այժմ ճշտումներ են կատարվում և աշխատանքներ տարվում Առողջապահության նախարարության և ոստիկանության հետ: Ավելի ուշ Էջմիածնի քաղաքապետը հաստատեց, որ վարակակիր Էջմիածնի բնակիչ տղամարդը մարտի 8-ին մասնակցել է որդու նշանադրությանը: 

Հատկանշական է նաև, որ Վաչիկ Գրիգորյանը քիչ առաջ ևս մեկ ուղիղ հեռարձակմամբ անդրադարձավ իր նախորդ եթերից հետո Գևորգ Գրիգորյանի կողմից տարածված ապատեղեկատվություններին՝ նշելով, որ իր հայտնած ու Գրիգորյանի տարածած գրառման մեջ առկա տեղեկությունները իրար հետ կապ չունեն: 

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ տարածված տեղեկությունները, որոնք խուճապ են առաջացրել հայկական լրատվադաշտում, չեն համապատասխանում իրականությանը, եզրափակում է fip.am-ը:

Անի Ավետիսյան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         կորոնավիրուս, Հայաստան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon