«  Հունվար 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Լևոն Զուրաբյան. Չենք հանդուրժի, որ Վիշապ Սպանողը ինքը դառնա Վիշապ

Լևոն Զուրաբյան. Չենք հանդուրժի, որ Վիշապ Սպանողը ինքը դառնա Վիշապ

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Հակառակ դատավորի եւ դատախազների ջանքերի այսօր դատարանում ներկայացրեցի Աշոտյանի դատավարության մասին իմ մոտեցումները: Վայելեք.

Պատվարժան դատարան,

Այն փաստը, որ խափանման միջոցը փոխելու հարցում անձնական երաշխավորություն տալու խնդրանքով Արմեն Աշոտյանը դիմել է ինձ եւ ես համաձայնվել եմ դրան, կարող է զարմանք հարուցել որոշ մարդկանց մոտ։ Չէ՞ որ վերջին երկու տասնյակից ավելի տարիների ընթացքում ես եւ իմ քաղաքական թիմը՝ Հայ Ազգային Կոնգրեսը անխնա քննադատության ենք ենթարկել Արմեն Աշոտյանի ներկայացրած քաղաքական ուժին՝ Հանրապետական կուսակցությանը կոռուպցիայի եւ իշխանության չարաշահման համար, պահանջել իրավապահ մարմիններից խստորեն պատժել նման արարքների համար պատասխանատուներին։ Հետեւաբար, դատարանին անհրաժեշտաբար պետք է հետաքրքրի, թե որոնք են իմ որոշման հիմնավորումները։ Հերթով թվեմ դրանք։

1. Ընդհանուր առմամբ, առանց վարանման միշտ բավարարել եմ քաղաքական եւ հասարակական գործիչների նման դիմումները, քանի որ մենք միշտ եւ սկզբունքայնորեն դեմ ենք եղել նախնական կալանքը որպես բռնաճնշում օգտագործելու անարդար եւ ապօրինի պրակտիկային, ինչը նման դեպքերում միշտ էլ դիտարկել ենք որպես քաղաքական հետապնդում իշխանությունների կողմից։ Իհարկե, այդ մոտեցումը չի կարող տարածվել սպանության, ահաբեկչության, մարդկային զոհեր առաջացրած սահմանադրական կարգի տապալման եւ այլ բռնությունների հետ կապված մեղադրանքների վրա, քանի որ այդպիսի դեպքերում նախնական կալանքը բխում է քաղաքացիների անվտանգության ապահովման շահերից։ Այս դեպքում, սակայն, խափանման միջոցի առաջարկված փոփոխությունը քաղաքացիների անվտանգությանը որեւէ կերպ ամենեւին էլ չի սպառնում, եւ ոչ էլ խոչընդոտում բաց եւ արդար դատաքննության իրականացմանը։ Հետեւաբար, դատավարության ընթացքում կալանքի տակ պահելով Աշոտյանին, դատարանն ընդամենը կապացուցի, որ ի սկզբանե խախտում է անմեղության կանխավարկածի եւ անաչառության սկզբունքները։

2. Կարեւոր է նաեւ հասկանալ, թե արդյո՞ք դատարանում քննվող սույն գործի հիմքում ընկած է պայքարը կոռուպցիայի եւ իշխանության չարաշահման դեմ։ 2013 թվականին Ազգային Ժողովի «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցությունը կառավարությանը ներկայացրեց «Համատարած, համակարգված կոռուպցիա» ծավալուն մի փաստաթուղթ, որում ներկայացված էին բազմաթիվ տեղեկություններ մեծածավալ կոռուպցիոն գործարքների մասին։ Ե՜ւ ես, որպես խմբակցության ղեկավար, ե՜ւ խմբակցության այլ անդամներ, մասնավորապես ներկայումս երկրի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ոչ միայն ստորագրել էինք այդ փաստաթղթի տակ, այլ նաեւ՝ 2012-2017 թվականներին հանդես ենք եկել բազմաթիվ ելույթներով, որոնցում ներկայացրել ենք ամերիկյան դոլարներով միլիարդների ծավալ ունեցող վատնումների, չարաշահումների ու յուրացումների մասին հավաստի տեղեկություններ։ Այդ աղմկալից հարցապնդման եւ գործերի ֆիգուրանտներից եւ ոչ մեկն այսօր կալանքի տակ չէ, 2018 թվականից հետո 6 տարի անց որեւէ առաջընթաց չկա այդ դրվագներով քննվող գործերով, իսկ որոշ գործեր, չնայած ձեռք բերված լուրջ ապացույցների, ուղղակի կարճվել են՝ արհեստականորեն ձգձգելով դատաքննությունը եւ իբր սպառելով վաղեմության ժամկետները։ Միեւնույն ժամանակ, իրավականորեն բավականին վիճահարույց մեղադրանքով կալանքի տակ է գտնվում Արմեն Աշոտյանը, որը՝ «Թավշյա» հեղափոխությունից ի վեր աչքի է ընկել իշխանությունների չափազանց սուր քննադատությամբ, հատկապես նրանց վարած ղարաբաղյան քաղաքականության հետ կապված։ Համադրելով բոլոր այդ փաստերը, տեսնելով, որ իրական թալանչիները շարունակում են վայելել ապօրինաբար ձեռք բերված հարստությունը, մինչդեռ ռեպրեսիոն հարվածի տակ է հայտնվել առավել ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվող գործիչը, որեւէ կասկած չունեմ, որ տվյալ դեպքում մենք գործ ունենք քրեական հետապնդման հետ, որի նպատակը ոչ թե կոռուպցիայի բացահայտումն ու պատժումն է, այլ քննադատություն լռեցնելը։

3. Կալանքի հարցում վերոհիշյալ խտրականությունը կարեւորագույն նշանակություն կստանա նաեւ այն ժամանակ, երբ գործը քննարկվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, իսկ ես վստահ եմ, որ անարդար լուծումների պարագայում, պաշտպանութունը կդիմի Եվրոպայի Խորհրդի էգիդայի տակ գործող այդ դատարանին։ Բանն այն է, որ 2012 թվականին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովն ընդունել է «Քաղաքական բանտարկյալի սահմանումը» անվամբ 1900 բանաձեւը, որը բանտարկումը քաղաքական հետապնդմամբ պայմանավորված, եւ, հետեւաբար, Եվրոպայի Խորհրդի կողմից ընդունված ժողովրդավարական նորմերին հակասող՝ ճանաչելու համար սահմանում է հինգ չափանիշ։ Այդ չափանիշներից մեկը սահմանված է երրորդ հոդվածի d կետով եւ լիովին համապատասխանում են Աշոտյանի գործին։ Համաձայն այդ կետի, «Անձնական ազատությունից զրկված անձը դիտարկվում է քաղաքական բանտարկյալ, եթե նա կալանավորվել է «քաղաքական շարժառիթներով խտրականորեն՝ այլ անձերի հետ համեմատությամբ»։ Կալանքի պահպանման դեպքում այդ պարագան շատ հեշտ կլինի ապացուցել։

Արմեն Աշոտյանի քաղաքական ուժի հետ մենք երկար տարիների անհաշտ քաղաքական հակառակորդներ ենք։ Մենք համեմատել ենք նրա քաղաքական ուժի պահվածքը Վիշապի հետ, որը խեղդում եւ խոչնդոտում է երկրի զարգացումն ու ժողովրդավարությունը։ Բայց մեր այդ գնահատականը չի նշանակել եւ երբեք չի նշանակի, որ մենք որպես հանրություն երբեւէ կհանդուրժենք, որ Վիշապ Սպանողը ինքը դառնա Վիշապ։ Հետեւաբար, դիմում եմ սույն դատարանին Արմեն Աշոտյանի կալանքը վերացնելու կոչով, ինչով դատական այս ատյանը իր լուման կբերի երկրում ավտորիտարիզմի վերականգնումը կասեցնելու եւ ժողովրդավարական օրինականությունը ամրապնդելու գործին։