Լևոն Զուրաբյանը՝ Փաշինյան-Ալիև մյունխենյան հանդիպման նասին

Կարևոր 17.02.2020   19:29   1010

«Փաշինյան-Ալիև մյունխենյան հանդիպման դեբատում երկու առաջնորդներն էլ պարտվեցին», «Ազատության  հետ զրույցում ասում է Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

«Անվտանգության Մյունխենյան կոնֆերանսում ավանդաբար հանդիպում են միջազգային քաղաքականության ամենաազդեցիկ դերակատարները եւ այդ լսարանի համար պատմական անցյալի մասին սնապարծ ընկալումների մրցույթները ունեն զրոյական արժեք, վնասելով նման «բանավեճի» մեջ ներքաշվող բանավիճողների վարկը։ Այս պատճառով էլ Մյունխենյան բանավեճում երկու ղեկավարներն էլ պարտվեցին։

Ժամանակակից միջազգային քաղաքականության լեզուն անվտանգությունն է, մարդու իրավունքները, կայունությունը եւ տնտեսական զարգացումը։ Ժամանակակից այդ լեզվով էլ պետք էր ներկայացնել ղարաբաղյան հակամարտության բնույթը եւ մեզ համար ցանկալի կարգավորման տեսլականը։ Եթե նման բանավեճից հնարավոր էր որեւէ օգուտ քաղել, դա կլիներ հենց հայկական կողմի դիրքորոշման հստակ եւ այդ լսարանի համար ընկալելի ներկայացումը, ինչը տեղի չունեցավ։

Արցախի պայքարը պետք էր ներկայացնել որպես ինքնորոշման համար պայքար՝ անջատում հանուն փրկության (remedial right to secede) միջազգային իրավունքի սկզբունքի հիման վրա։ Որպես հիմնավորում պետք էր թվել արցախցիների եւ ընդհանրապես հայերի նկատմամբ Ադրբեջանի պետության կողմից կատարված ռազմական հանցագործությունները եւ մարդու իրավունքների սիստեմատիկ խախտումները, որոնցից փրվելու միակ միջոցն է անկախությունը։ Օրինակը՝ Լեւոն Տեր֊Պետրոսյանի ելույթը 1996 թվականին Լիսաբոնում։

Խոսելով ՄԱԿ֊ի Անվտանգության Խորհրդի բանաձեւերի մասին, պետք էր հղում կատարել այնտեղ նշված եւս երկու կետերի (տ՛ես հարցազրույցում), որոնք ցույց են տալիս, որ աշխարհը չի դիտարկում կատարվածը որպես օկուպացիա Հայաստանի Հանրապետության կողմից եւ զորքերի դուրսհանման եւ ապաշրջափակման պահանջներ է դնում նաեւ Ադրբեջանի առաջ, որոնք չեն կատարվել»,-նշում է ՀԱԿ փոխնախագահը: 

Հարցազրույցը՝ տեսանյութում

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Փաշինյան-Ալիև, Լևոն Զուրաբյան, ՀԱԿ, Մյունխեն, ԼՂ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon