ԼՀԿ կառավարման խորհուրդը հայտարարություն է տարածել ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկտռուքի վերաբերյալ

Քաղաքական 11.05.2020   11:53   503

«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը հայտարարություն է տարածել մայիսի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Խորհուրդն անդրադարձել է միջադեպի վերաբերյալ իշխանության կողմից հնչեցված արձագանքին:

«Բռնությունն արդարացվեց՝ փորձելով այն կապել ինչ-որ դավադիր «սադրանքի» հետ։ Ցավո՛ք, Վարչապետը ընդդիմադիր քննադատական խոսքը բնութագրեց որպես «քստմնելի սադրանք»՝ այդկերպ խրախուսելով չհամաձայնվողներին որակել որպես սադրիչներ։ Միտումնավոր ստեղծվեց այնպիսի մի իրավիճակ, երբ բռնության զոհն է մեղավորը, այլ ոչ թե իրականացնողը։ Ավելին, սեփական սխալներն ընդունելու և զղջալու փոխարեն, կոչ արվեց պայքարել հորինված «սադրանքի» կազմակերպիչների դեմ»,- նշված է հայտարարությունում:

Կուսակցության կառավարման խորհուրդը հայտնում է, որ կարելի է դիտել միջադեպի տեսագրությունները և համապատասխան եզրակացություններ անել, թե ովքեր են սադրանքի իրական հեղինակները:

««Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, հավատարիմ մնալով ժողովրդավարության, մարդու իրավունքների, իրավունքի գերակայության, նոր որակի քաղաքականություն կառուցելու իր սկզբունքներին, դատապարտում է կատարվածը։ Պետականաշինության ճանապարհին անհնար է լինելու լռեցնել մեզ և կանգնեցնել՝ նույնիսկ բռնի ուժ գործադրելով։ Մենք պատրաստ ենք դիմակայելու բոլոր մարտահրավերներին՝ հանուն վաղվա ժողովրդավար, հզոր, առաջադեմ, մրցունակ ու լուսավոր Հայաստանի Հանրապետության, որտեղ մարդը ոչ թե միջոց է, այլ՝ նպատակ»,- ասված է հայտարարությունում:

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում մայիսի 11-ին շարունակվող ԱԺ հերթական նիստին:

Հիշեցնենք, ԱԺ դահլիճում մայիսի 8-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև բանավեճը վերածվել էր ծեծկռտուքի: Նիստը ընդմիջվել էր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքի միջադեպը համարել է ԼՀԿ-ի կողմից սադրանքի արդյունք։

Հայաստանի գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Ազգային Ժողովում առավոտյան տեղի ունեցած ծեծկռտուքը:

Դատախազությունը տեսանյութը և ԶԼՄ-ների հրապարակումները ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն՝ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախաատրաստելու համար: 

Քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որում դատապարտում են այսօր Ազգային Ժողովում տեղի ունեցած բռնությունները:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԱԺ, ԼՀԿ, ծեծկռտուք ԱԺ-ում

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon