Լույս է տեսել «Հայերեն ձեռագրերի հիշատակարանները» խորագրով գիրքը

Հայաստան 29.01.2020   18:00   130

Լույս է տեսել Մատենադարանի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու Խաչիկ Հարությունյանի նոր ուսումնասիրությունը՝ «Հայերեն ձեռագրերի հիշատակարանները» խորագրով: Գրքի խմբագիրն է Մատենադարանի գլխավոր ավանդապահ, ձեռագրագիտության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Գևորգ Տեր-Վարդանյանը:

Ուսումնասիրությունը նվիրված է հայ միջնադարյան գրչաշխարհում լայն տարածում ունեցած հիշատակարանա գրության ավանդույթի բացահայտմանն ու արժևորմանը: Աշխատանքում քննության են առնված հայերեն հիշատակարանների հիմնական բաղադրատարրերը, վերջիններիս արտահայտության տարաբնույթ եղանակներն ու կաղապարային դրսևորումները: Նշյալ միավորներից շատերը հեղինակը համեմատել է նաև ձեռագրական այլ ավանդույթներում (հունական, լատինական, ղպտական, ասորական, իրանական և այլն) հանդիպող համանման երևույթների հետ, որն ավելի ևս ընդգծում է հայկական գրավոր այս հուշարձանների առանձնահատկությունները:

Ուսումնասիրության մեջ առանձին տեղ է հատկացված հայերեն հիշատակարանների գրական արժեքին ու լեզվական ընդհանուր նկարագրին: Մանրամասն ներկայացված է նաև հայերեն հիշատակարանների հավաքման և հրատարակման պատմությունը:

Գիրքը նախատեսված է ձեռագրագետների, միջնադարագետների, աղբյուրագետների, բանասերների, արվեստաբանների և հայ գրչության պատմությամբ հետաքրքրվողների համար:

«Հայերեն ձեռագրերի հիշատակարանները» Խաչիկ Հարությունյանի թվով երկրորդ մենագրությունն է: Առաջին գիրքն է՝ «Միքայել անվամբ ԺԷ. դարի երկու գրիչ» աշխատությունը:

Հետազոտողը «Մատենագիրք հայոց» շարքով հրատարակել է նաև Պետրոս Ա. Գետադարձ և Ներսես Դ. Շնորհալի Ամենայն Հայոց կաթողիկոսների հեղինակած կամ նրանց վերագրվող շարականների համեմատական բնագրերը՝ համապատասխան առաջաբան ուսումնասիրություններով:


 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Մատենադարան, Matenadaran

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon